Հայաստանի իշխանությունները ժողովրդավարությունը ներկայացնում են որպես գլխավոր ձեռքբերում, որպես ամենայնից վեր, ժողովրդավարությունը դիտարկվում է որպես բոլոր խնդիրների լուծման աղբյուր, թեև արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց այդ թեզի սխալականությունը։
Իրականում, սակայն, հայկական ժողովրդավարությունը ժողովրդավարություն է ձևով, բայց ոչ երբեք՝ բովանդակությամբ, քանի որ Հայաստանում չեն գործում դեմոկրատիայի հիմնարար ինստիտուտները՝ հակակշիռների ու փոխզսպումների համակարգը, և բոլոր որոշումները կայացվում են կամ մեկ անձի, կամ, լավագույն դեպքում, մի քանի անձանց կողմից։
Ժողովրդավարությունը, սակայն, ոչ միայն ֆորմալ օրենքների ու ընթացակարգերի պահպանումն է, այլ նաև քաղաքական ավանդույթները, չգրված օրենքները, որոնք հաճախ ավելի ազդեցիկ են, քան ձևական կանոնները։
Օրինակ՝ նախօրեին Ավստրիայի արդեն նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարեց քաղաքականությունից իր հեռանալու մասին։ Դրանից առաջ նա հրաժարական էր ներկայացրել կանցլերի պաշտոնից՝ ինչ-որ կոռուպցիոն գործի, կաշառակերությանն աջակցման կասկածի պատճառով։ Հայկական չափանիշներով՝ Կուրցի պաշտոնանկության առիթն անմեղ դեպք էր, այդպիսի կոռուպցիոն գործարքներ Հայաստանում կատարվում են ամեն օր՝ անգամ միջին մակարդակի պաշտոնյաների մակարդակով։
Կարդացեք նաև
Բայց Հայաստանի ու Ավստրիայի տարբերությունն այն է, որ այստեղ Ազգային ժողովի նախագահը եղբոր աշխատած բիզնես-ընկերության տենդերներ շահելու ակնհայտ կոռուպցիոն փաստը ներկայացնում է որպես լավություն՝ ասելով, որ այդ ընկերությունը կարող էր, բայց չի շահել թվով ևս 15 տենդեր, իսկ Ավստրիայում երկրի ղեկավարը ոչ միայն հրաժարական է ներկայացնում, այլ հեռանում է քաղաքականությունից ընդհանրապես։ Որովհետև Ավստրիան՝ բովանդակությամբ, իսկ Հայաստանը՝ միայն ձևով են ժողովրդավարական պետություններ։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում