Օրերս հաստատվեց ջրի նոր սակագինը: 2022 թվականից, բացառությամբ անապահով խավի, մյուս սպառողները ջրի համար ավելի բարձր գին կվճարեն: Ջրից բացի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում չեն բացառում նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, թե՛ ջրի՝ արդեն հաստատված, թե՛ էլեկտրաէներգիայի՝ հնարավոր թանկացման ազդեցությունը բավականին բացասական է լինելու: «Սա այն ազդեցությունն է, որը բնակչությանը երկու կողմից է հարվածելու: Մի կողմից՝ սպառողի վրա ունենալու ենք թանկ ծախս հոսանքի և ջրի տեսքով: Հաշվի առնենք նաև, որ եկամուտների բարձրացում չի ակնկալվում ու, արդյունքում, մեծ հաշվով, տնօրինվող եկամուտը նորից նվազում է: Այսինքն, այս քայլով ևս աղքատությունը խորացվում է: Մյուս հարվածը բիզնեսի կողմից է: Այսինքն, ջրի և էլէներգիայի սպառմամբ պայմանավորված՝ բիզնեսի ծախսերն ավելանալու են, ու բիզնեսը ստիպված պետք է գների ճշգրտումներ անի, ինչի հետևանքով նորից գնաճ կլինի: Այսինքն, նույն հոսանքի, ջրի գնի պատճառով սպառողն ավելի թանկ է վճարելու մյուս ծառայությունների ու ապրանքների համար: Եթե բիզնեսը կարողանա ճշրգտումներն օպտիմալ կատարել, ավելի քիչ կտուժի, եթե ոչ՝ ազդեցություն կլինի նաև բիզնեսի վրա, ինչը լավ տեղ չի տանի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:
Խոսելով սակագների արդարացված կամ չարդարացված լինելու խնդիրներից՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ, ամեն դեպքում, շատ նրբություններ կան, որոնք ակնհայտ չեն ֆինանսական հաշվետվություններից: Նա շեշտեց, որ այդ հանգամանքից ելնելով՝ նշված առումով դժվար է մասնագիտորեն քննարկել իրավիճակը:
Նաիրի Սարգսյանը միևնույն ժամանակ մատնանշեց ակնհայտ հանգամանքների ու երկրորդ շահագրգիռ կողմի մասին. «Սակագների բարձրացման երկրորդ շահագրգիռ կողմը պետությունն է: Կառավարությունը շահագրգռված է սակագների բարձրացման համար, որպեսզի ավելի շատ հարկեր հավաքի, որպեսզի «քայլողների» համար կարողանան մեքենա ձեռք բերել, այլ ճոխություններ ապահովել: Խոսքը կառավարության փնթիության, ոչ կոմպետենտության պատճառների մասին է: Իրականում չեմ կարող ասել՝ բարձր որակի կառավարման ու ճգնաժամի բացակայության դեպքում կխուսափեի՞նք բարձրացումներից, քանի որ, ամեն դեպքում, կառավարությունն ագահ է և ուզում է շատ հարկ հավաքագրել: Միգուցե ընկերությունները բարձր շահութաբերություն ունենան, բայց կառավարությունը, ամեն դեպքում, հարկերի իր ակնկալվող չափը չհավաքագրելու պարագայում նորից սակագների բարձրացման գնա:
Կարդացեք նաև
Ընդհանրապես, երբ կառավարությունները որոշակի ծախսեր սպասարկելու ավելի շատ ակնկալիքներ են ունենում, առաջին հերթին «կպնում են» լայն սպառման ապրանքներին ու ծառայություններին: Այդ դեպքում տեղաբաշխվածությունը շատ ավելի ծավալուն է լինում: Այսինքն, եթե հոսանքի գինը 10 դրամով ավելացնեն, դա բոլորի վրա ազդեցության տեսանկյունից փոքր է լինելու, բայց իրենց համար մեծ էֆեկտ է ունենալու: Խոսքը նաև ջրի, գազի, բենզինի ու մյուս վառելիքների մասին է: Հիշենք՝ երբ բենզինը թանկացավ, ասում էին՝ համաշխարհային շուկայում բարելը թանկացել է, հասել պատմական՝ 120 կամ ավելի դոլարի: Հիմա բարելն իջել է 68 դոլար, բայց մենք բենզինի գնի նվազում չունենք: Ընդ որում, դեռ այն ժամանակ իրենց սուտը բռնելով՝ ասում էինք՝ բարելի այդքան թանկացումն ամբողջ բենզինի ինքնարժեքի վրա ընդամենը 10 տոկոսի ազդեցություն է թողնում»:
Մեր զրուցակցի խոսքով, այս դեպքում ևս գործ ունենք ստերի ու կեղծիքների հետ: Անդրադառնալով նաև ավելի վաղ տրված խոստումներին, թե սակագների բարձրացում չի լինելու, Սարգսյանը շեշտեց. «Այստեղ տեղին է նորից տալ պոպուլիստների, խոսքի արժեք չիմացողների կառավարություն որակումը: Իրականում իրենց բոլոր խոսքերի մերկությունը որոշ ժամանակ անց անմիջապես ապացուցվում է: Հայտարարում են, որ սակագների բարձրացում չի լինելու, ինչին անմիջապես սակագների բարձրացում է հաջորդում: Այդ հայտարարություններն այդ պահին ժողովրդից քվե կորզելու համար էին: Հայտարարել, որ սակագների բարձրացում չի լինելու, իրականում շատ ռիսկային է: Պատասխանատու մարդ լինելու դեպքում կառավարության ղեկավարը կամ անդամը կխուսափեին նման հայտարարություններից, քանի որ սակագների վրա ազդեցություն ունեցող բազմաթիվ գործոններ կան: Կառավարությունը շատ դեպքերում կարող է դրանց վրա ազդեցություն թողնելու գործիքակազմ չունենալ: Երբ հայտարարվում է, թե սակագների բարձրացում չի լինելու, նշանակում է՝ այդ մարդն անպատասխանատու է ու պոպուլիստ, պարզապես բնակչությունը դա շատ ուշ է հասկանում: Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»:
Ինչ վերաբերում է աղքատությունը նվազեցնելու քաղաքականության արդյունավետության խնդրին, նա հավելեց. «Մենք ականատես ենք լինում աղքատությունը խորացնելու և աղքատներին ավելի աղքատացնելու քաղաքականությանը: Այլ բան մենք չենք կարող տեսնել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե այս կառավարությունը ոչինչ չանի, տանից դուրս չգա ու աշխատանքի չգնա, հայ ժողովրդի ու պետության վիճակը շատ ավելի լավ կլինի: Պետության կառավարումը որոշակի առումով նման է բիզնեսին: Այն ենթադրում է ունեցած ռեսուրսներով խաղադրույքներ կատարել շատ ավելի շահութաբեր վայրերում, ստանալ շահույթ:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում