Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է «նժդեհականը» դառնում «հակաթալանչի»

Դեկտեմբեր 04,2021 10:00

Նախորդ դարի ֆրանսիացի սոցիոլոգ Մորիս Դյուվերժեն առանձնացնում էր կուսակցությունների միջեւ պայքարի 3 տեսակ` կոնֆլիկտ առանց սկզբունքների, կոնֆլիկտ երկրորդական սկզբունքների շուրջ եւ կոնֆլիկտ հիմնարար սկզբունքների շուրջ:

Որպես առաջինի օրինակ` նա բերում էր ԱՄՆ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունները, որոնց միջեւ ոչ մի լուրջ հայեցակարգային տարբերություններ չկան: Երկրորդ օրինակն են Հյուսիսային Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրները, որտեղ կուսակցությունները վիճում են բազմաթիվ հարցերի շուրջ, բայց կարեւոր, հիմնարար հարցերում համաձայն են: Եվ, վերջապես, որպես երրորդ տարբերակ Դյուվերժեն նշում է իր երկիրը եւ Իտալիան, որտեղ 1950-70-ական թվականներին ձախ, այդ թվում՝ կոմունիստական կուսակցությունները եւ ազատական ուժերն ունեին չափազանց լուրջ եւ անհաղթահարելի հակասություններ:

Օգտվելով այդ դասակարգումից` տեսնենք, թե մեզ մոտ ո՞ր տարբերակն է: Առաջին հայացքից թվում է, թե դեպքը մի քիչ նման է ԱՄՆ-ին, որովհետեւ հիմնական, առավել եւս՝ խորհրդարանական ուժերի մեջ ոչ մի գաղափարական տարբերություններ չկան: Բայց էական տարբերությունն այն է, որ ԱՄՆ երկու «իշխող» կուսակցությունների ներկայացուցիչները չեն ցանկանում իրար ոչնչացնել, դատել, բանտ նստեցնել: Գուցե հոգու խորքում նրանք նման ցանկություն ունեն, պարզապես Միացյալ Նահանգներում նման հնարավորություն չկա:

Իսկ եթե լուրջ, ապա որո՞նք են ՀՀԿ-ի եւ ՔՊ-ի հակասությունները: Դառնանք գաղափարախոսությանը. նախորդ իշխող կուսակցությունն ասում է, որ իր գաղափարախոսությունն է նժդեհականությունն ու տարոնականությունը, իսկ ներկա իշխողը պնդում է, որ դեմ է «իզմ» – երին։ Բայց, դատելով ՔՊ-ի կարգախոսներից, հիմնական առանցքը կոռուպցիայի եւ թալանի դեմ պայքարն է (թե ինչպես է դա իրականացվում, այստեղ չքննարկենք): Ընդունենք, որ ՔՊ գաղափարախոսությունը «հակաթալանչիությունն» է:

Բայց այստեղ մենք դեմ ենք առնում մի շատ հետաքրքիր իրողության, որը դրսեւորվում է ՏԻՄ ընտրություների ժամանակ: Հայտնի է, որ ՔՊ «ակտիվի» («տասովշիկների») եւ ավագանու թեկնածուների զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են: Հետեւաբար, ստացվում է, որ «նժդեհականը», որին 2018 թվականին անվանում էին «թալանչի», դարձել է «հակաթալանչի»: Խնդիրը շատ պարզ է. այդ մարդկանց համար միեւնույն է, թե ինչպես է կոչվում իշխող կուսակցությունը եւ ինչ սկզբունքների մասին է այն հայտարարում, նրանց բացարձակապես չի հուզում, թե ինչ է մեր երկրում տեղի ունեցել վերջին երեք տարիների ընթացքում: Միակ բանը, որը նրանց հետաքրքրում է, սեփական բիզնեսն է ու պաշտոնական դիրքը՝ կարեւոր չէ, թե ինչ ցուցանակի տակ է դա իրականացվելու:

Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ եւ ՔՊ կուսակցություններ, որպես այդպիսիք, գոյություն չունեն: Եվ այդ պայմաններում մարզերում անցկացնել կուսակցական ընտրություններ, մեղմ ասած, վաղաժամ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հետևաբար՝
    ՀՀԿ-ն և ՔՊ-ն երկվորյակ եղբայրներ են,
    մենք ասում ենք ՀՀԿ, հասկանում ենք՝ ՔՊ,
    մենք ասում ենք ՔՊ, հասկանում ենք՝ ՀՀԿ
    (ՀՀԿ-ից ՔՊ-ին իշխանության փոխանցումն էլ եղավ եղբայրաբար):

  2. Ռուբեն says:

    Տարբեր կայքերում գրված լուրերի համաձայն՝ Սոչիի հանդիպումից հետո «հակաթալանչիները» նախապատրաստվում են ստորագրել նոր զիջումներ: Եթե դա ճիշտ լինի, ապա «նժդեհականները» և խորհրդարանական մյուս «ընդդիմադիրները» թատերական աղմուկ կբարձրացնեն և կկիրառեն անգամ իրենց ամենածայրահեղ միջոցը՝ կբոյկոտեն ԱԺ-ի նիստը (ինչպիսի վճռական քայլ): Սպասելի է նաև, որ խմբակցությունների միջև փոխադարձ վիրավորանքներ հնչեն, կարող է նաև քացի-աքացիի դրամատիկ պատկերներ ծնվեն, որպեսզի համատեղ կատարեն գոլորշի բաց թողնելու իրենց սուրբ գործը:

  3. Ռուբեն says:

    Նոր կարդացի, որ ազերիկները մեր 10 գերիների են վերադարձրել: Հո հենց-այնպես չեն վերադարձրել, ուրեմն մեր «հակաթալանչիներից» ինչ-որ զիջումների խոստումներ են կորզել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031