Ասում է «Մարսյան հիրիկ» գրքի հեղինակ Մարտինա Գյուլնազարյանը
«Ղիշա» հրատարակչությունն օրերս հրատարակել է Մարտինա Գյուլնազարյանի «Մարսյան հիրիկ» բանաստեղծությունների գիրքը: Հիրիկը վայրի ծաղիկ է, որը հեղինակի երեւակայության մեջ արդեն աճում է Մարս մոլորակում։ «Այն անձնավորում է ինձ, քանի որ իմ գոյությանը երբեմն ինքս էլ թերահավատորեն եմ վերաբերվում»,-մեզ գետ զրույցում ասել է Մարտինան: Նա բառերի միջոցով ստեղծում է պատկերներ եւ փորձում կյանքի բազմաբովանդակ ճանապարհներին հանդիպող խոչընդոտներին հակադարձող պատասխաններ գտնել։ Սիրո թեման «Մարսյան հիրիկի» նպատակակետն է:
Մեր զրույցի ընթացքում Մարտինան ասաց, որ փոքր ժամանակ բակային խաղերին զուգահեռ սիրում էր ժամանակ տրամադրել ընթերցանությանը: Պապիկի ոչ մեծ գրադարանից վերցնում եւ կարդում էր իր տարիքին անհամապատասխան գրքեր, նաեւ «Հայաստանի կոմունիստ» շաբաթաթերթը, որին այն ժամանակ բաժանորդագրված էր պապը։
«Մի օր վերցրի թուղթ ու գրիչ եւ գրեցի առաջին բանաստեղծությունը՝ կոմունիստի մասին։ Շատ զվարճալի էր, ութ տարեկան էի եւ ոչ մի պատկերացում չունեի կոմունիզմի մասին: Պապիկի եւ մայրիկի կողմից խրախուսական խոսքեր լսեցի, որն էլ ինձ ոգեւորեց»,-ժպտում է զրուցակիցս, շարունակելով, որ երկրորդ անգամ գրիչը վերցրեց 2009 թվականին, երբ դպրոցական էր:
«Սիրահարվել ու երգեր էի ձոնում իմ սիրելիին։ Այդպես էլ չխոստովանեցի, սակայն գրածս տեքստերը (բանաստեղծություն, երգ) ցույց տվեցի ուսուցիչներին, ովքեր զարմացած էին։ Անգամ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին դասընկերներիցս հարցրել էր՝ արդյո՞ք բանաստեղծությունների հեղինակը ես եմ։ Այդ տարիներին հատուկենտ մարդկանց էի ցույց տալիս գրածներս, ամաչկոտ էի»,-անկեղծանում է Մարտինան:
Կարդացեք նաև
«Մարսյան հիրիկը» ըմբոստ ու պայքարող աղջկա յուրօրինակ օրագիր է, շաղախված ցավով ու հուսահատությամբ։ «Եվ հանկարծ իմ հերոսուհին փյունիկի պես հառնում է մոխիրներից, որի կրակը հենց ինքն է վառել ու ինքնահրկիզվել։ Այն վավերագրական է, հետեւաբար ճշմարտությունն իմ գրականության անխախտ հենասյունն է։ Մտացածին, երեւակայական պոեզիան ինձ համար ընդունելի չէ»,-վստահեցնում է գրքի հեղինակը:
Նրա պոեզիայի մյուս առանցքային թեման կենցաղն է, շրջապատող երեւույթները, որոնք զգայուն մարդուն ավելի խորն են տպավորում։ Ասում է՝ ինչքան ձգտում է լավատեսական երանգ տալ բանաստեղծություններին, միեւնույն է, նրանց մեջ «տխուր» լար է նշմարվում։
Հարցին՝ ի՞նչ է պոեզիան Մարտինայի համար, զրուցակիցս պատասխանեց. «Պոեզիան դուռ է, որի մյուս կողմում ճշմարտությունն է։ Նայելով ներս, ավելի խոհուն ես դառնում եւ գաղտնազերծում կյանքի թաքնված կողմերը։ Այն ազատություն ու կիրք է։ Երբեմն մարմնի դողով եւ արցունքոտ աչքերով «արտավիժում» ես այն թղթին եւ դատարկվում։ Այն նաեւ խարիսխ է, որն ունենալով խույս ես տալիս նավաբեկությունից: Պոեզիան մխիթարություն է, մեր ապրածի եւ չապրածի փոխհատուցումը»:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12.2021