Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոտնյա առաջարկների մեջտեղում է Հայաստանը՝ մուրճի ու սալի արանքում․ «Ազգ»

Դեկտեմբեր 04,2021 10:05

Եթե ենթադրությունների մեր շարանը կառուցենք՝ այդպիսի վերլուծությունների առողջ հատվածները համադրելով, ապա ղարաբաղյան երկրորդ պատերազմն արդյունք է տարածաշրջանային վերաձեւումների, եւ կամ միգուցե հենց պատերազմի արդյունքը հնարավորություն տվեց Ռուսաստանին՝ խաղաղապահ զորք մտցնել Արցախ ու Հայաստանի սահմաններ: Ռուսաստանն, այդպիսով, առայժմ վերահսկողության տակ է պահում տարածաշրջանը՝ Թուրքիայի հետ միասին, դիմակայելով հատկապես՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանից ամբողջովին դուրս մղելու արեւմտյան փորձերը: Հիմա պատերա՞զմն է այդ պատճառով եղել, թե՞ ուղղակի պատերազմի պատճառով է այդ վիճակն արձանագրվելՙ հավի ու ձվի պատմությունն է, տողերիս հեղինակն անձամբ առաջին վարկածի կողմնակիցն է (հայերիս համար ողբերգական հետեւանքների ողջ պատասխանատուներով հանդերձ):

Դրանից հետո մեկ տարի ձգվեց այն գործընթացը, որ, Հայաստանի ղեկավարությունից համաձայնություն փորձելով ստանալ (հարկադրանքով կամ գուրգուրանքով՝ դուք մտածեք), մեր գլխավոր դաշնակից պետությունն ամեն կերպ ուզում էր երկրորդական դարձնել Մինսկի խումբը՝ նրան հրելով երկրորդական հարցերի դերակատարման տիրույթ, եւ հիմա էլ խոսում է ի վերջո պատերազմի հետ կարծես թե գոնե դե յուրե չառնչված բուն Հայաստանի տարածքի սահմանազատումից ու սահմանագծումից, այդպիսով Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգել ցանկանալով եւ խաղաղապահ մանդատն առանց միջազգային օրենսդրության իրենով անելով:

Հենց սրանք կարող են տեղավորվել Արցախի հարցը լուծելու, դրա համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրել տալու ռուսական (լավրովյան) առաջարկի տրամաբանության մեջ: Չնայած դա հայերիս համար, կարելի է ասել, պարունակում է բոլոր այն վտանգները, որոնցով համակված է հայ հասարակությունը. Հայաստանի տարածքներով անցնող հաղորդուղիներ ու երկաթգիծ՝ ռուսական վերահսկողությամբ (իսկ այդ վերահսկողությունը միջանցքային տրամաբանություն ունի, քանի որ ճանապարհների երկայնքով պետք է կառուցվեն ռուսական խաղաղարարների համար ենթակառուցվածքներ՝ զորանոցներ, անհրաժեշտ սպասարկման ծառայություններ եւ այլն, ու դա, այո, կարող է վերածվել մեր տարածքի հաշվին միջանցքային գոտու, գումարած մեր տարածքում դրվելիք ադրբեջանական մաքսակետերը): Իսկ որ ավելի կարեւոր է՝ Հայաստանը ոչ թե ապաշրջափակվում է, այլեւ ամբողջովին սեղմվում թուրք-ադրբեջանական աքցանում, իսկ թուրքերի վաղեմի երազանքը՝ Նախիջեւանով ուղիղ կապվել Ադրբեջանին, իրականություն է դառնում:

Եթե հիշենք, թե ինչպես էր Բայդենը սպառնում Վրաստանում ռազմաբազա դնել, ու հիշենք վերջին շրջանի եվրոպական ակտիվությունը՝ հայ, ադրբեջանցի պաշտոնյաների հետ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հաճախադեպ հանդիպումները, Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի հովանու ներքո, ԵՄ ներկայացուցչի եւ Լավրովի՝ նյարդային վերջին հանդիպումը եւ այլ համանման փաստեր, ապա ենթադրելի է դառնում, որ Բրյուսելում եվրոպական կողմը գեներացնելու է իր առաջարկը կողմերին:

Եվրոհանձնաժողովի՝ Արեւելյան հարեւանության գծով ղեկավար Լոուրենս Մերեդիթը, որը հայտնել է նոյեմբերի 2-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, տեսեք թե ինչ է ասել.

«Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ես Հարեւանության հարցերով հանձնակատար Վարհեիի հետ մի քանի շաբաթ առաջ մասնակցել եմ Կովկասի երեք երկրներում արտգործնախարարների հետ հանդիպումներին: Դա հենց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ողբերգական բռնությունների վերսկսման օրն էր, կամ՝ դրանից քիչ առաջ: Ուզում եմ մեր կողմից շատ հստակ ընդգծել՝ Եվրոհանձնաժողովը ծայրաստիճան հանձնառու է անել ամեն բան, որ կայուն խաղաղությունը հնարավոր դառնա՝ ի շահ Կովկասի բոլոր երկրների»:

Փաստորեն Մերեդիթն ուղիղ ակնարկում է, թե ինչու սկսվեց նոյեմբերի 14-16-ը ներառյալ ադրբեջանական ներխուժումը Հայաստան: Հավանաբար՝ այդ հանդիպմանը խոսք է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ինչ-որ այլընտրանքային առաջարկի մասին, որից հետո անսպասելի տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը, եւ առհասարակ՝ տեսանելի է Հայաստանին բան պարտադրելու ռուս-ադրբեջանական շտապողականություն:

Իհարկե, Սոչիում պայմանագրի տրամաբանությամբ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, որը կփոխեր եռակողմ երկու հայտարարությունների՝ իրավական հողից զուրկ վիճակը, ու հայերիս համար կփակեր դուռն այլընտրանքից որեւէ կերպ օգտվելու առումով:

Սակայն չի կարելի ասել, թե մինչեւ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն այդպիսի կամ այդ տիպի ինչ- որ թուղթ չեն պարտադրի Հայաստանին ստորագրել, որով Ադրբեջանն առանց հայերիս համաձայնության ռուսական խաղաղապահներին թույլ է տալիս Շուշիում, Հադրութում եւ մնացած սահմաններում ռուսական ներկայություն, հետո խաղաղության պայմանագիր է պարտադրվում հայերիս, բացվում են հաղորդուղիներ, իսկ այդ բոլորին նպաստում է ի վնաս Հայաստանի սկսված սահմանազատումը:

Արցախը մնում է կախված օդից, ենթադրաբար՝ ռուսական ազդեցության գոտում: Խաղաղության պայմանագիրն այն պարտադրող երկու կողմին հարկավոր է այն պատճառով, որ հետո Հայաստանի ստորագրությունն այդ պայմանագրի տակ նրանց թույլ կտա ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ չընկնել, քանի որ միջազգային օրենքներով ռուսական խաղաղապահների մանդատը չի կարող հաստատված համարվել:

Գումարենք, որ վստահ չենք, թե եվրոպական առաջարկը հատկապես հայերիս շահերից կարող է բխել, եթե այդպիսին կա, բայց որ այդպիսի առաջարկը հայկական կողմի համար ավելի բալանսավորված պահանջներ ներկայացնելու հնարավորություն կստեղծերՙ դա հնարավոր է ու հավանական, այլապես ռուս-ադրբեջանական կողմերն այդպիսի շտապողականություն չէին դրսեւորի փաստաթուղթ պարտադրելու գնով ամրագրելու առկա վիճակը, Մինսկի խմբին հրելով դեպի երկրորդական հարցերի կարգավորման տիրույթ:

Եվրոպական հնարավոր առաջարկը նույնպես իր բացասական պահերը կարող է ունենալ հայկական կողմի համար, եթե այն ձեւավորվում է հայտնի սկզբունքներով. ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատ, որով միջազգային խաղաղապահ ուժերը պետք է մտնեն Արցախի շուրջ ստեղծված բուֆերային գոտի (դրանք հենց Ադրբեջանի գրաված տարածքներն են), այս պրոցեսներում գլխավոր դերակատարը եւ վերահսկողը Մինսկի խումբը պետք է լինի, որը կպնդի, որ որեւէ պայմանագիր առանց Մինսկի խմբի չի ստորագրվելու: Արցախի կառավարումն էլ միգուցե անցնի միջազգային ուժերիՙ պարզ չէ ինչ տիպի կառավարման մասին կարող է խոսք գնալ:

Ահա այս հակոտնյա առաջարկների մեջտեղում է Հայաստանը՝ մուրճի ու սալի արանքում:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031