Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան․ Ադրբեջանը փորձում է վերահսկողության տակ առնել Հյուսիս-Հարավ ճանապարհը․ «Ազգ»

Դեկտեմբեր 04,2021 09:30

Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների հանդիպումից թե՛ առաջ, թե՛ հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե «Զանգեզուրի միջանցքը» վաղ թե ուշ իրականություն է դառնալու: Թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը եռակողմ հանդիպումն, ընդհանուր առմամբ, դրական են համարում: Հայկական կողմը դա բացատրում է դեմարկացիա ու դելիմիտիացիա սկսելու գործընթացի մեկնարկով, ադրբեջանականը՝ «Զանգեզուրի միջանցքին» հասնելու ճանապարհային քարտեզի ձեռքբերմամբ: ՀՀ տարածքով դեպի Նախիջեւան գնացող միջանցք ձեռք բերելու մասով կտրուկ է նաեւ Իրանի դիրքորոշումը: Թեմայի վերաբերյալ «Ազգ»-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:

– Մինչեւ հայաստանյան իշխանական արբանյակները ոչ ուղիղ, բայց տարբեր խողովակներով փափուկ բարձ են դնում բոլորիս գլխի տակ, թե Սոչիում Փաշինյանը փակել է «միջանցքի» հարցը, թյուրքալեզու պետությունները Անկարայում նոյեմբերի 12-ին գագաթաժողով են անում ու կարեւորում «Զանգեզուրի միջանցքի» դերը: Ավելին՝ ընդգծում են, որ այն ձեռք բերելու հարցում բոլորը պետք է աջակցեն Ադրբեջանին:

– Բազմաթիվ առիթներ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ գիծ են որդեգրել՝ հարցերը լուծելու են միասնաբար՝ հիմքում դնելով էթնիկ՝ թյուրքական գործոնը: Արցախում եւ Արցախի շուրջ ստատուս քվոյի փոփոխությունից հետո Բաքուն եւ Անկարան անցել են այլ խնդիրների լուծմանը: Որքան բոբիկ պետք է լինել պատմությունից կամ միամիտ աշխարհաքաղաքական հարցերում, որ չտեսնել՝ Արցախից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի համար հաջորդ թիրախը լինելու է Սյունիքը: Այս հարցում նաեւ տեղեկատվական ճիշտ ընտրված քաղաքականությամբ փորձում են ստեղծել տպավորություն, որ կա բացարձակ կոնսենսուս: Ես այդպես չեմ կարծում, բայց հստակ երեւում է, որ Բաքվի եւ Անկարայի կողմից տարվում է շատ համառ եւ նուրբ դիվանագիտական աշխատանք ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Թեհրանի հետ: Ցավոք, այս հարցում մենք ուշանում ենք եւ թերանում:

– Տեսակետ կա, որ Ադրբեջանը, Թուրքիան կամ տարածաշրջանում դերակատարում ունեցող պրոադրբեջանական քաղաքականության ջատագով այլ պետություն Իրանին կարող են համոզել «ծանր չտանել» Սյունիքում ադրբեջանական միջանցքի առկայությունը՝ փոխարենը պաշտոնական Թեհրանին արտոնություն կամ տարածք տրամադրելով, օրինակ, Սիրիայում:

– Խնդիրը միայն այսպես կոչված «միջանցքը» չէ, մեկ այլ քննարկման եւ բանակցությունների առարկա է, թե ո՞ր ճանապարհով կամ ավելի ստույգ՝ Հայաստանո՞վ, թե՞ Ադրբեջանով է Իրանը փորձելու դուրս գալ Սեւ ծով: Ադրբեջանական վերջին էսկալացիաների աշխարհագրությունը ցույց է տալիս, որ իրենք փորձում են վերահսկողության տակ առնել Հյուսիս-Հարավ ճանապարհը՝ դրանով խոչընդոտելով, որ ապագայում Հայաստանով Իրանին ելք տրամադրվի դեպի Սեւ ծով: Ցավոք, մինչ բոլորը խոսում են ապաշրջափակման եւ դրա տնտեսական հնարավորությունների մասին, Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, շրջափակման եւ իզոլյացիայի նոր սցենարներ է մշակում Հայաստանի համար՝ այդ հարցում գնալով ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ուժային ճանապարհներով: Այդուհանդերձ, երկարաժամկետ առումով Իրանի համար եւս լուրջ ռիսկեր կան թուրք-ադրբեջանական ուժեղացող տանդեմին դիմակայելու առումով:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031