Զինված ներխուժմամբ սահմանային հարց չի լուծվում, միջազգային իրավունքն արգելում է դա
«Այս տարվա սեպտեմբերին ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, որը հիմնված է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի վրա։ Նպատակն է ունենալ դատական ակտ, որով իրավական տեսանկյունից կարձանագրվի եւ Ադրբեջանին կպարտադրվի դադարեցնել հակահայ ատելության տարածումն ու այդ քաղաքականությունից բխող գործողությունները»,-«Բարձունք» գիտակրթական հասարակական կազմակերպությունում կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ օրերս անդրադառնալով միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներին՝ հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ Նա հիշեցրեց, որ հայելային հայց է ներկայացրել նաեւ Ադրբեջանը, ինչն անակնկալ չէ, որովհետեւ տարիներ շարունակ Ադրբեջանը վարում է նման քաղաքականություն. «ՀՀ-ի կողմից որեւէ դատական ատյանում որեւէ դիմումի կամ գանգատի դեպքում իրենք էլ են նույնն անում՝ նմանօրինակելով հայկական կողմի փաստարկները։ Առաջին լսումները հոկտեմբերի կեսին էին։ Շարունակվող խախտումների փաստը հաշվի առնելով՝ հայցին զուգահեռ ներկայացվել է նաեւ հրատապ կամ նախականխիչ միջոց կիրառելու միջնորդություն՝ առանձին դիմումի տեսքով, որպեսզի դատարանը հրատապ քայլեր ձեռնարկի՝ գոնե գործի քննության ընթացքում արգելի Ադրբեջանին նման գործողություններ կատարելը։ Ամեն օր Ադրբեջանի նախագահն ու պաշտոնատար անձինք շարունակում են հայատյացության հայտարարությունները։ Հակահայկական քարոզչությունն ինստիտուցիոնալ մակարդակի վրա է Ադրբեջանում։ Ակնկալում ենք, որ մինչեւ առնվազն այս տարվա ավարտ կունենանք հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշում»։ Լիպարիտ Դրմեյանը պատասխանել է «Բարձունքի» անդամների նաեւ այլ հարցադրումների, որոնք «Առավոտը» ներկայացնում է ստորեւ:
– Վերջին լսումների ժամանակ Ադրբեջանը ՀՀ-ին է մեղադրել ադրբեջանցիների հանդեպ խտրական, դաժան վերաբերմունքի համար։ Որո՞նք են հայկական կողմի հակափաստարկները։
– Խոսելը բավարար չէ։ Առհասարակ, դատական ատյաններում զուտ խոսքը ոչինչ է, եթե դրա տակ չի դրվում հստակ փաստ, ապացույց, արձանագրում, որ տեղի ունեցածի դրդապատճառը անձի հանդեպ ռասայական խտրականությունն է։ Դեպքը կարող է տեղի ունենալ, եւ անձը զրկվի կյանքից, բայց դա կարող է լինել ոչ թե նրա համար, որ դիմացինն ադրբեջանցի է, այլ որովհետեւ զինված բախում է, որի ժամանակ զինվորին (կոմբատանտին) կյանքից զրկելը կարող է լինել օրինաչափ։ Սա մեկ փաստարկ է։ Ի դեպ, Ադրբեջանի բարձրաձայնած փաստարկները գերազանցապես վերաբերում են ավելի վաղ տեղի ունեցած խախտումներին։ Թեեւ մենք գործը ներկայացնում ենք գերազանցապես 2020թ.-ի պատերազմական իրադարձության եւ դրանից հետո տեղի ունեցած խախտումների շրջանակում, դրանից հետո Ադրբեջանը, հասկանալով, որ չունի մեզ հակադրվելու փաստարկներ, պատմությունը սկսում է 90-ականներից, բերում Խոջալուի դեպքը…խնդիրն այն է, որ իրավաբանորեն այդ դեպքերը չեն կարող դատարանում քննության առարկա դառնալ, այլ կերպ ասած` դատարանի ժամանակային իրավազորությունից դուրս են, որովհետեւ նշյալ կոնվենցիան Ադրբեջանի եւ մեր կողմից վավերացվել է շատ ավելի ուշ։ Այսինքն, ժամկետային սահմանափակում կա։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի մոտեցումը շատ ավելի պաթոսային է, քան փաստարկված. իրենք ամեն ինչ վերագրում են խտրականությանը։
Կարդացեք նաև
– Ե՞րբ է ակնկալվում ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։ Ինչպե՞ս եւ ի՞նչ մեխանիզմներով է այն կյանքի կոչվելու։
– ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճռի վերահսկումը գերազանցապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տիրույթում է լինելու։ Վճիռը կունենանք մոտ 4-5 տարի անց՝ հաշվի առնելով, որ միջպետական գանգատների քննությունը բավականին երկար է տեւում։ Անվտանգության խորհրդի դեպքում գործ ունենք քաղաքական մարմնի հետ, ուստի մեր աշխատանքն իրավական ոլորտում պետք է ուղեկցվի նաեւ դիվանագիտական, քաղաքական աշխատանքով։ Առհասարակ, իրավական գործընթացների դերը կարեւորվում է։ Կարելի է ոչինչ չանել ու պնդել, թե միջազգային իրավունքն ուժի իրավունք է, չգործող իրավունք է, սակայն ես այնքան էլ համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետեւ միջազգային մեխանիզմներն աշխատում են այնքանով, որքանով որ դու ես աշխատում այդ մարմինների եւ մեխանիզմների հետ։ Ոչինչ չանելով՝ կստանաս ոչինչ։ Երբ սեպտեմբերի 27-ին մենք առաջին դիմումն էինք ներկայացնում ՄԻԵԴ, մեր գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքների նկատմամբ որոշակի թերահավատություն կար։ Արդյունքում ունենք այն, որ ցանկացած միջազգային ատյանում, ցանկացած միջազգային կազմակերպությունում հղում է արվում ՄԻԵԴ որոշումներին, որոնցով եւս մեկ անգամ փաստվում է՝ Ադրբեջանը չի կատարում իր վրա դրված պարտավորությունները։ Դա խաղաքարտ է մեր ձեռքին։ Միջազգային իրավական գործընթացի արդյունքում ծնված ցանկացած փաստաթուղթ պետք է եւ կարող է օգտագործվել։
– Իսկ ի՞նչ գործընթաց կա ՄԻԵԴ-ում։
– ՄԻԵԴ-ում եւս Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ հայցեր են ներկայացրել։ Կառավարությունները ծանուցված են հայցերի մասին, տրամադրված է ժամանակ՝ պատասխանելու, թե կոնկրետ հարցերն ընդունելի՞ են, դատարանը պե՞տք է դրանք քննի, թե ոչ։ Սա նախնական փուլն է։ Երբ դատարանն ընդունելի կհամարի հարցադրումների քննությունը, կլինի բուն խախտումների վերաբերյալ քննությունը։ Մենք խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար ուղարկում ենք ՄԻԵԴ՝ կախված դեպքերի զարգացումներից։ Եվրոպական դատարան կարող է դիմել նաեւ ցանկացած անձ։ Անձի հարազատը, որպես տուժող, անհատական գանգատ կարող է ներկայացնել ՄԻԵԴ՝ բարձրաձայնելով իրավունքների խախտումները։ Հայկական կողմի փաստարկներին հակադարձելու համար Ադրբեջանն, օրինակ, հարուցում է քրեական գործեր այս կամ այն խախտման վերաբերյալ՝ փորձելով ցույց տալ, որ գործում է ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։ Սակայն ՄԻԵԴ-ում ներկայացվում են հիմնավոր փաստեր, որ նշված գործընթացները շինծու են եւ հենց այդպիսին լինելու ուժով խախտում են մարդու իրավունքները։
– Հայ ռազմագերիների հարցը հնարավո՞ր է բարձրաձայնել ՄԱԿ-ի միջազգային դատարանում. վերջինս ունի՞ այդ հարցի վերաբերյալ որեւէ մեխանիզմ։
– ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան դիմելու մեր պահանջներից մեկն է նաեւ Ադրբեջանին պարտավորեցնել ազատ արձակել հայ ռազմագերիներին, որովհետեւ նրանց կյանքին ու առողջությանն Ադրբեջանում վտանգ է սպառնում։ Բայց այնպես չէ, որ դատարանի լիազորությունների մեջ մտնում է ռազմագերիների վերադարձի պարտավորություն, ուղղակի դա մեխանիզմ է, որը փորձել ենք օգտագործել։
– Սահմանագծման-սահմանազատման վերաբերյալ ինչպիսի՞ միջազգային գործիքակազմ կա, որից կարող է օգտվել ՀՀ-ն։
– Չկա որեւէ միջազգային մարմին, որը զբաղվում է սահմանների գծմամբ, կամ որտեղ ֆիքսվում են պետությունների սահմանները։ Այն քարտեզները, որոնք տեսնում ենք, ժամանակի ընթացքում վերատպվել են՝ հաշվի առնելով ժամանակի իրողությունները։ Շարքային քաղաքացուն կարող է թվալ, որ եթե քարտեզով գիծն անցնում է ինչ-որ տեղով, ապա որեւէ տեղ գրված է այդ մասին։ Բայց, օրինակ, Վրաստանի հետ ունենք չսահմանագծված հատված, թեեւ երկու կողմերը փաստացի գտնվում են ինչ-որ կետում, թեեւ իրավական առումով չկա սահմանագծում-սահմանազատում։ Այլ պետություններ եւս ունեն նման խնդիր, բայց դա չի նշանակում, որ պետությունները սահմաններ չունեն, սուվերեն տարածք չկա։ Ոչ, կան հողատարածքների օգտագործման, բնակչության գտնվելու վայրի գործոններ, որոնց հիման վրա առաջանում, ձեւավորվում են սահմանները։ Ցանկացած սահմանազատման-սահմանագծման իրագործման համար պետք է լինի փոխադարձ վստահության մթնոլորտ։ Հակառակ դեպքում խախտվում է միջազգային իրավունքը։ Չես կարող ստիպելով ասել, որ այսինչ տարածքն իմն է եղել, օրինակ, 19-րդ դարում եւ ես զորքով եկել եմ այդ տարածքը վերցնելու, որովհետեւ սահմանն այդտեղով պետք է անցնի…ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ամրագրել է ուժի կիրառման արգելքը սահմանային հարցերի որոշման դեպքում։ Հակառակ դեպքում աշխարհում կստեղծվի քաոսային վիճակ։ Այդ պատճառով սահմանային հարցերը լուծվում են սահմանազատման-սահմանագծման գործընթացով, որը կարող է անգամ տասնամյակներ տեւել։ Դրա վերաբերյալ չկան կոնկրետ իրավական ակտեր, բայց կան ուղեցույցներ, օրինակ՝ ԵԱՀԿ ուղեցույցը։ Ուղենիշային կարող է լինել նաեւ այլ երկրների միջեւ սահմանազատման գործընթացների վերաբերյալ միջազգային փորձը։ Խնդիրն այն է, որ սահմանազատման-սահմանագծման գործընթաց պետք է լինի այն դեպքում, երբ կողմերի միջեւ կա գոնե փոխադարձ վստահություն։ Սահմանազատման համար ամեն երկրից պետք է հանձնաժողով գործի, կամ՝ միջնորդ հանձնաժողով, որտեղ գծվում են սահմանները, հետո՝ փոխադրում տեղանքի վրա։ Ներկայիս իրավիճակում՝ զենքն իրար վրա պահելով, խնդրահարույց է նման գործընթաց սկսելը։
– Որքանո՞վ է իրավաչափ ՀՀ-Ադրբեջան սահմանագծման-սահմանազատման գործընթացի համատեքստում ԽՍՀՄ քարտեզներ մեջբերելը։
– Մենք ունենք, օրինակ, 2006թ.-ի օրենք, որի ուժով ՀՀ տարածքում չեն գործում ԽՍՀՄ նորմատիվ իրավական ակտերը, իսկ խորհրդային Հայաստանի օրենքները ՝ բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի եւ «Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» ՀԽՍՀ օրենքի, ուժը կորցրած են ճանաչվել։ Այսինքն, ԽՍՀՄ-ի որեւէ նորմատիվ իրավական ակտ չի գործում ՀՀ-ի տարածքում։ Հետեւաբար, պետք է հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր ունեն քարտեզները, եւ գործում են այդ հիմքերն արդյոք, թե՝ ոչ։ Ուրիշ բան, որ եթե պետությունն ինքն է ցանկանում ինչ-որ կետից սկսել, կարող է հիմք ընդունել ցանկացած թվականի քարտեզ կամ սահմանազատում՝ անկախ դրա իրավական հիմքերից։ Այսինքն, սա քաղաքական մոտեցման հարց է, իսկ իրավական առումով ասել, թե ԽՍՀՄ ժամանակ 2 պետությունների սահմաններն անկախացման ուժով ավտոմատ դարձել են այդ պետությունների սահմանները՝ ճիշտ չէ։ Եթե այդպես լիներ, անհրաժեշտ չէր լինի սկսել սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց։ Այդ մոդելը, որը մենք նշել ենք նաեւ մեր միջպետական գանգատներում, հիմնականում բնորոշ է նախկին գաղութային պետությունների անկախացման գործընթացին, օրինակ, Հարավային Ամերիկայում կամ Աֆրիկայում։ Այդ պետությունները կենտրոնական իշխանություններից անկախանում էին այն սահմաններով, որոնցով կային, իսկ մեր դեպքում գաղութային պետությունից անկախացման դեպք չէ, այլ միություն, որը փլուզվեց, ինչի արդյունքում առաջացան անկախ պետություններ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մենք որպես իրավական հիմք պետք է ի վերջո ընդունենք մեր անկախության հռչակագիրը, որտեղ հստակ արձանագրում կա։ Սահմանադրությունն ընդունվել է անկախության հռչակագրի հիման վրա, որում էլ առկա է ԼՂԻՄ գերագույն խորհրդի եւ ՀԽՍՀ գերագույն խորհրդի համատեղ որոշման հիշատակումն առ այն, որ երկիրն անկախանում է՝ հիմք ընդունելով նաեւ այդ համատեղ հայտարարությունը։
– Այն փաստը, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ, հնարավո՞ր է քննարկման առարկա դարձնել որեւէ միջազգային ատյանում։ Այդպիսիք Ադրբեջանի վրա ազդելու գործիքակազմ ունե՞ն։
– Տարածքային վեճերը կարող են փոխանցվել միջազգային ատյանների քննությանը, բայց եթե կողմերը գան համաձայնության։ Բայց սա արագ գործընթաց չէ։ Անգամ եթե մեկ պետությունը համաձայնի դիմել միջազգային դատարանին, մյուսը կարող է չտալ իր համաձայնությունը։ Ընդունված է նաեւ տարածքային կամ սահմանային վեճերի լուծումը երրորդ պետությանը կամ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովներին հանձնելը։ Ադրբեջանը եւս պնդում է ԽՍՀՄ սահմանները, որը, իմ կարծիքով, գերազանցապես պայմանավորված է Արցախի հարցը դուրս մղելով, Արցախն իր կազմի մեջ ներառելու մղումով։ Բայց եթե երկու պետություններն, օրինակ, համաձայնում են 20-ականների քարտեզին, ապա այս դեպքում որեւէ միջազգային կառույց չի կարող ասել, թե չի ընդունում այդ սահմանազատումը…ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է լինել այն կառույցը, որի որոշմամբ Ադրբեջանը կարող է պարտավորվել զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու արդյունքներից մեկը կարող է լինել միջազգային խաղաղապահների տեղակայումը շփման գծի հատվածում։ Կամ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է ընդունել բանաձեւ, որով առաջարկում կամ հորդորում է Ադրբեջանին՝ զորքերը դուրս բերել ՀՀ-ից։ Ի դեպ, հենց ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ 90-ականների չորս հայտնի որոշումներն են, որոնք Ադրբեջանը տարածում էր բոլոր հնարավոր դեպքերում, եւ դրանցում ձեւակերպում կար, որ ԼՂ տարածքում գտնվող հայկական ուժերը պետք է դուրս գան գրավյալ տարածքներից։ Բայց այդ որոշումները երեսուն տարում արդյունք չունեցան։ Ադրբեջանը ռեալ արդյունք ունեցավ այն ժամանակ, երբ դիմեց ագրեսիայի։ Միջազգային իրավունքը թույլ է տալիս այդ դեպքում ինքնապաշտպանվել, նաեւ՝ հարձակվել, անգամ՝ զինված հարձակման սպառնալիքի դեպքում։ Ռազմական ուժի կիրառումը միջազգային իրավունքի տեսանկյունից թույլատրելի է բացառապես ինքնապաշտպանության դեպքում։ Եթե կա սպառնալիք, եթե ՀՀ-ն գնահատում է, որ իր տարածք ներխուժման սպառնալիք կա Ադրբեջանի կողմից, ամբողջ ծավալով կարող է դիմել պաշտպանության։ Կրկին շեշտեմ, որ զինված ներխուժմամբ սահմանային հարց չի լուծվում, միջազգային իրավունքն արգելում է դա։ ՄԻԵԴ-ում եւ ՄԱԿ-ի դատարանում մենք ներկայացրել ենք այս փաստը եւ բոլոր խախտումներն առհասարակ, որոնք վերաբերում են վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին։ Բոլոր զարգացումների մասին տեղեկատվություն ենք ուղարկում այդ դատարաններին։
– Գնահատականներ են հնչել, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ապօրինի է, որ չի վավերացվել ՀՀ ԱԺ-ի կողմից։ Իրավաչա՞փ է այդ փաստաթուղթը։
– Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իր բնույթով քաղաքական փաստաթուղթ է, որովհետեւ երկրների ղեկավարները եկել են համաձայնության՝ այնպես, ինչպես 1994թ.-ի հրադադարի փաստաթղթի դեպքում։ Բայց այլ համաձայնագրեր էլ պետք է կնքվեն կողմերի միջեւ, որպեսզի այդ փաստաթղթի կետերից մեկով սահմանված ապաշրջափակումը կայանա, այլապես միայն մեկ դրույթով հազար ու մի հարց կարող է առաջանալ՝ ճանապարհների, մաքսակետեր տեղադրելու եւ այլնի հետ կապված։ Այդ ամենը պետք է արձանագրվի լրացուցիչ փաստաթղթերով։ Սա հիմք էր եւ հրադադարի, եւ բանակցային գործընթաց սկսելու համար, բայց դրանից զատ այլ պայմանագրեր եւ փաստաթղթեր էլ պետք է ստորագրվեն, որպեսզի ամբողջությամբ կյանքի կոչվի հայտարարությունը։ Մյուս կողմից, այդ փաստաթղթում առկա որոշ դրույթներ, անկախ նրանից՝ ամրագրվե՞լ են փաստաթղթում, թե ոչ, ենթակա են կատարման՝ միջազգային իրավունքի ուժով։ Օրինակ, ռազմագերիների վերադարձման հարցը կարգավորվում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնեւի կոնվենցիայով, որի համաձայն՝ հակամարտող կողմերը պարտավորվում են վերադարձնել իրենց մոտ պահվող բոլոր ռազմագերիներին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։
– Կարծիքներ են հնչել նաեւ, որ Շուռնուխի ու Որոտանի մի մասի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ մոտ տասը տարվա վաղեմության՝ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքով» սահմանված է «Ադրբեջանի հանրապետության սահման» եզրույթը։ Այդ օրենքը կապ ունի՞ խնդրո առարկայի հետ։
– «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը հենց մեր երկրի վարչատարածքային բաժանման մասին է, այլ ոչ թե սահմանագծման-սահմանազատման։ Օրենքն ինքնին վերաբերում է ՀՀ մարզերի եւ գյուղերի սահմանների որոշմանը, իսկ «Ադրբեջանի հանրապետության սահման» եզրույթը կարող է օգտագործվել պայմանական՝ զուտ տարածքային առումով, աշխարհագրորեն ցույց տալու համար տվյալ հատվածի տեղակայումը։ Բայց դա չի կարող վերաբերել ՀՀ սահմանների որոշմանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12.2021