Այսօր Գյումրու ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր սոցիալապես անապահով 203 անձանց դրամական օգնություն հատկացնելուն։
Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդատու Լենա Ջիլավյանն ասաց, որ այս հարցն ամեն ամիս կրկնվող է․ Գյումրիում մեծ թիվ են կազմում սոցիալապես անապահովները, Գյումրու համայնքային բյուջեն էլ սոցիալական է, հնարավորինս օգնում են կարիքավորներին։
Ըստ զեկուցողի, քաղաքացիներից ստացված դիմումներն այս անգամ շատ են եղել, սոցիալական հանձնաժողովն առանձնացրել է 203 դիմում, օգնություն հատկացնելու համար քաղաքային բյուջեից նախատեսվել է 2 միլիոն 200 հազար դրամ, ամեն մեկին՝ 10 հազար դրամ։
Ըստ Լենա Ջիլավյանի, սոցիալապես անապահովներին ամեն ամիս հատկացվել է գումար։
Կարդացեք նաև
«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը, սակայն, նշեց, որ իրենք հետազոտություն են կատարել, 203 հասցեից շուրջ 28-ը ուսումնասիրել են, պարզել են, որ 28-ից 10-ից ավելին սոցիալապես անապահով չեն։
«Օրինակ՝ մեկը տվյալ հասցեում չի բնակվում, բնակվում է գյուղում, երկրորդը՝ տան երկու անդամներն աշխատում են, իրենք էլ ունեն երկու ավտոմեքենա։ Երրորդը՝ տանը չեն ապրում, տունը տրված է վարձակալությամբ։ 4-րդը՝ մի ամիս ու կես ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ 5-6-րդի տներն այս պահին վերանորոգվում են, գիտեք վերանորոգման գումարները։
7-8-րդն ունեն շատ շքեղ առանձնատներ։ Հիմա ես ձեզ ասում եմ՝ կարիքի գնահատում չի իրականացվել, ոչ մեկի տունն այցելություն չի եղել։ Կան մարդիկ, որոնք բազմաթիվ անգամ են ստացել, արժանի են, որ ստացել են, բայց իրենց էլ այցելություն չի եղել, հասցեական չէ այս օգնությունը։
Եվ ես առաջարկում եմ հետևյալ սկզբունքը, այս նախագիծը, եթե պիտի ընդունենք, կազմվի հանձնաժողով, այցելություններ կատարվեն 203-ի տներն էլ, չափորոշիչներ մենք ֆիքսենք, թե ինչ չափորոշիչներով պիտի տանք, վերջը մենք սոցապը չենք, որ նպաստ ենք տալիս, եթե 203-ից կհասնի 100-ին, խնդրեմ տանք, մնացածը թող գնա համայնքի բյուջե։
Ես պատրաստ եմ հանձնաժողովին տրամադրել տվյալները, հիմա չեմ հրապարակի»,- ասաց Վարդևան Հակոբյանը։
Գյումրու քաղաքապետը հակադարձեց՝ եթե մարդը թույլ է տալիս իրեն 10 հազար դրամի համար հասնել քաղաքապետարան ու մեծ թվով փաստաթղթեր ներկայացնել, ապա ի՞նչ կարող են անել այս դեպքում։ Նա հորդորեց տրամադրել ձեռք բերված տվյալները, եթե այդ ընտանիքիները չեն համապատասխանում, դուրս հանել ցուցակից, չտրամադրել օգնություն։
«Զարթոնք» խմբակցության ղեկավարն ասաց․ «Հանձնաժողովն ի՞նչ քննարկում է արել ,դիմումը վերցրել են, ասել են բերեք, տա՞նք։ Սա տարիներ շարունակ ընդունված կարգ է եղել, որը ճիշտ չէ, եթե պիտի լինի նման օգնություն, մենք պիտի չափորոշիչներ սահմանենք, հանձնաժողովը տները պիտի գնան, թող մեր փորձագետներն էլ ընդգրկվեն։ Հիմա հաստատ այստեղ ընդգրկված մեծ քանակությամբ մարդիկ սոցիալապես ապահով չեն»։
Գյումրու քաղաքապետն ասաց՝ չափորոշիչներ կան, և ովքեր չեն համապատասխանում, չենք տրամադրի։
Լենա Ջիլավյանը հորդորեց այդ ուսումնասիրությունը տրամադրել իրենց, չտրամադրեն գումարը։
«Դա եղավ, որ մենք 10 հոգուն վատություն արեցինք»,- ասաց Վարդևան Հակոբյանը։
«Վատությունն արդեն արել եք, մինչև վերջ արեք»,-հակադարձեց Լենա Ջիլավյանը։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ նկատեց, որ սոցիալական հանձնաժողովն այնպիսի աշխատանք պիտի ծավալի, որ ավելորդ հարցեր չառաջանան։
Նա առաջարկեց հետագա վերահսկողությունն ուժեղացնել։
Գյումրու քաղաքապետն էլ առաջարկեց ուսումնասիրությունների ժամանակ բոլոր խմբակցություններից անդամներ ընդգրկվել, իսկ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն էլ նշեց, որ մշակված չափորոշիչներ կան, դրանք միշտ գործել են, եթե փոփոխության անհրաժեշտություն լինի, կդնեն քվեարկության։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ