Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. «Եթե Մովսես Գորգիսյանը ողջ լիներ, մենք այլ որակի պետություն կունենայինք»

Դեկտեմբեր 03,2021 22:03

Մովսես Գորգիսյանի եղբոր որդին, ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գեւորգ Գորգիսյանը ազգային հերոսի ծննդյան 60-ամյակի առիթով նրա շիրիմի առջեւ խնկարկման ժամանակ Aravot.am-ին ասաց. «Այսօր առավել, քան երբեւէ, Մովսեսի բոլոր խոսքերը, գաղափարները, որ նա քարոզում էր, արդիական են: Հատկապես վերջին շրջանում շատ եմ վերանայել տեսագրությունները: Հույս կար 88-ի շարժման մեջ, Անկախության շարժման մեջ, երբ գոռում էին՝ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Հավատ կար, որ Հայաստանը հզոր գերտերություն է լինելու: Այդ հավատը այսօր պետք է պահենք: Մենք պետք է իրենց փոխարեն էլ ապրենք ու պայքարենք: Հիմա առավել քան: Սուգը հավերժ է, երբ պայքար չկա: Այսօր ազգովի փորձում ենք սգալ՝ առանց մտածելու պայքարի մասին, առանց մտածելու, թե վաղը ինչպիսի Հայաստան կուզենք որ գա, որ այլեւս սգալու կարիք չունենանք: Սա չկա մեր էլիտաների շարքերում, մտավորականության շարքերում եւ քաղաքական շարքերում: Բոլորը բոլորին մեղադրում են, բոլորը սգում են, ողբում են, բոլորը ամպագորգոռ ինչ-որ բաներ են ասում: Բայց իրական գործ, իրական երկխոսություն, իրական գաղափարական բախումներ, ցավոք, այսօր դեռ չկա»:

Իսկ, արդյո՞ք, հնարավոր է իրական, արդյունավետ երկխոսություն ներկայիս իշխանության եւ մնացածի միջեւ մեր հարցին, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Եթե Հայաստանը ամեն ինչից կարեւոր է, ամեն ինչից առաջ է, Հայաստանը ամեն ինչից վեր է եւ եթե կարողանանք այս գաղափարախոսությամբ համախմբվել ու առաջ շարժվել, ցանկացած խնդիր լուծելի է: Իսկ այն հարցը, թե իշխանությունը ուզո՞ւմ է, դա մեծ գաղափարը փոքր երեւույթների հետ կապելու փորձ է: Այսօրվա իշխանությունը, երեկվանը, կուսակցությունները՝ բոլորը անցողիկ են: Պետականությունն է մնայուն: Մովսեսը այս գաղափարները բերեց եւ մենք կարողացանք կերտել անկախ պետականություն: Եթե ժողովուրդն այդ գաղափարն ընկալեց, որեւէ իշխանություն, որեւէ քաղաքական ուժ անզոր կլինի»:

Հետաքրքրվեցինք. եթե Մովսես Գորգիսյանը այսօր ողջ լիներ, տարածքների կորուստներ կունենայի՞նք, նա այդպիսի բան կթողնե՞ր: «Մովսեսը ռազմական գործիչ չէր: Նա քաղաքական գործիչ էր: Եթե նա ողջ լիներ, մենք երեւի այլ որակի պետություն կունենայինք: Նա հավատում էր, որ Հայաստանը կարող է լինել ամենալավը, նա կարող էր դա կյանքի կոչել, նա հավատով լցված աշխատում էր օր ու գիշեր, առանց հանգստի: Ու այդ հավատը վարակիչ էր: Չգիտեմ, կորուստներ կունենայինք թե ոչ, կամ ինչքան կունենայինք, բայց որ միանգամայն այլ որակի պետականություն կունենայինք, միանշանակ է»,- եղավ պատասխանը:

Վերջին հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի, որ իշխանությունը, պետական այրերը ներկա չեն ազգային հերոսի ծննդյան 60-ամյակի հիշատակի արարողությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր երկրում, ցավոք, շատ բան է արժեզրկվել: Այդ մարդիկ իրական արժեքները չեն ուզում տեսնել, որովհետեւ իրական արժեքների հետ համեմատվելով իրենց ոչնչությունը ավելի առարկայական է դառնում: Երեւի նրա համար, որ Մովսեսի գաղափարները բյուրեղյա էին եւ դրանց հետ համեմատվելուց վախենում են: Դրա համար էլ փորձում են Մովսեսին՝ նրա ապրածը, նրա կյանքը, ասածները, գործունեությունը միշտ ստվերում պահել: Շատ արժեքներ, կարեւորագույն արժեքներ են երկրորդ պլան մղվել: Բայց սա նույնպես կշտկվի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031