Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց կորոնավիրուսային հիվանդության և սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վերաբերյալ առցանց խորհրդակցություն, որի ընթացքում քաղաքացիները կարող էին մասնագետներից իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ:
Քաղաքացիները բավականին պասիվ էին: Հնչեցին հատուկենտ հարցեր: Aravot.am-ը փաստեց՝ կորոնավիրուսի դեմ երեխաներին պատվաստելու հարցում մանկաբույժները միակարծիք չեն, այնուհետև հետաքրքրվեց՝ իրե՞նք ինչ խորհուրդ կտան ծնողներին: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Բրիջիդա Սիմոնյանը պատասխանեց. «Մանկաբույժներն ունեն մտահոգություններ, քանի որ այդ փորձը մեր երկրում չկա Քովիդ հիվանդության դեմ պատվաստումների առումով: Եկեք չսահմանափակվենք մեր երկրի փորձով ու գիտելիքներով: Այսօր աշխարհում արդեն հունիսից ունենք ապացուցողական տվյալներ այն հիմքով, որ երեխաների շրջանում պատվաստումները հատկապես ամենաշատը կատարվում են ֆայզերով՝ ԱՄՆ-ում և տարբեր եվրոպական երկրներում: Ավելի քան 9.5 միլիոն 12-18 տարեկան երեխա պատվաստվել է ամբողջ աշխարհում՝ հիմնականում Ֆայզերով և Մոդեռնայով: Եվրոպական երկրներն արդեն լիարժեք անցնում են այդ գործընթացը: Իսրայելում արդեն 5-11 տարեկանների շրջանում են անում պատվաստումը՝ Ֆայզերով, քանի որ դրա վերաբերյալ կան հետազոտություններ: Հայաստանում պատվաստված երեխաների թիվը հասնում է 300-ի: Երեխաների մոտ նույն կողմնակի երևույթներն են նկատվում, ինչ մեծահասակների մոտ, սակայն ավելի թույլ: Մոդեռնայով պատվաստվելուց հետո ամենահաճախ հանդիպող երևույթներն են՝ ջերմություն, բարձր և տեղային ռեակցիան, կարող է լինել նաև ցանավորում՝ որպես ալերգիկ ռեակցիա: Երեխաների մոտ համեմատաբար դա ավելի ցածր մակարդակի վրա է: Այնպես որ, մտավախությունները պետք է փարատենք՝ ելնելով աշխարհի փորձից և մեզ մոտ արդեն կատարված փորձից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ