Լրահոս
Օրվա լրահոսը

«250 հազարը չէր էլ կարող հերիքել տրանսպորտին». Նարեկ Գրիգորյանը՝ ՔՊ-ին 5 մլն նվիրելու ու պատգամավորին տրվող «ձեռքի ծախսի» մասին

Դեկտեմբեր 03,2021 21:21

«Հետքը» հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագրի» այն պատգամավորների ցանկը, որոնք ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ են գտնվել եւ ՔՊ-ին  նվիրաբերել են հարյուր հազարավոր եւ միլիոնավոր դրամներ: Նվիրատվության ընդհանուր արժեքը կազմել է 105,5  մլն դրամ:

ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը բավականին խոշոր գումար՝ 5 մլն դրամ է նվիրաբերել կուսակցությանը:

Aravot.am-ի հետ զրույցում նա իր նվիրաբերություն այսպես պարզաբանեց. «Ոչ, ես բերել եմ 10 մարդ, ովքեր այդ գումարը վճարել են, նվիրաբերել են»: Ճշտեցինք՝ այսինքն, ձեր գրպանից չեք վճարել՝ նա պատասխանեց. «Իհարկե, ոչ: Քարոզարշավին այդպես է՝ վճարում են ու նշում են, թե ում համար ու ում անունից է»:

Մեր դիտարկմանը, որ մի շարք հարցադրումներ են առաջանում այդ նվիրաբերության հետ կապված, մի կողմից ձեր խմբակցությունը 250 հազար դրամ է սահմանում պատգամավորի գործունեության վճարը, հիմնավորումներ եք բերում, որ միջոցները չեն բավարարում մարզեր գնալու, ընտրողների հետ հանդիպելու համար, մյուս կողմից նվիրաբերություններ եք անում՝ Նարեկ Գրիգորյանն արձագանքեց. «Դա ուղղակի քարոզարշավի դրամահավաքի մասին է խոսքը ու այդտեղ ուրիշ եզրակացություն չէր էլ կարող լինել»:

Նաեւ հետաքրքրվեցինք՝ դուք արդեն 2 ամիս է, ստացել եք 250 հազար դրամ պատգամավորական գործունեության համար տրվող գումարը, ինչպե՞ս եք այն ծախսել: Նա պատասխանեց. «Եթե գրավոր դիմեք, ես գրավոր հաշվետվությամբ կարող եմ ներկայացնել, ոչ մի խնդիր չկա»:

Երբ հարցրեցինք՝ գոնե ըստ նպատակի՞ եք ծախսել, մարզե՞ր եք գնացել, ընտրողների հե՞տ եք հանդիպել՝ նա պատասխանեց. «Նախ, ես սկսեմ նրանից, որ երբեք Երեւանում չեմ մնացել, միշտ գնացել, հետ եմ եկել Գեղարքունիքի մարզ ու դա չէր էլ կարող հերիքել տրանսպորտին: Եթե ես այդ գումարը նպատակային օգտագործած չլինեի, Երեւանում վարձած տուն կունենայի ու Երեւանում կապրեի»: Նա ասաց, որ ինքը բնակվում է Գեղարքունիքի մարզում ու ամեն օր մարզից գալիս է Ազգային ժողով՝ աշխատանքի: Թեեւ կարող է Երեւանում բնակարան վարձակալել՝ պետբյուջեի հաշվին, ինչպես անում են որոշ պատգամավորներ, բայց շեշտեց՝ ինքը այդ քայլին չի գնացել. «Ես դրանից  հրաժարվել եմ ու հենց ի սկզբանե, որովհետեւ ես մարզից եմ ընտրվել ու մարզի հետ կապված ես ամեն օր այստեղ եմ մնում, որ ժողովրդի դարդ ու ցավով զբաղվեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031