Այսօր Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 60-ամյակի առիթով Ծիծեռնակաբերդում նրա շիրիմի առջեւ հարգանքի տուրք մատուցելու արարողությանը ոչ կառավարությունից, ոչ նախագահականից, ոչ էլ ԱԺ-ից որեւէ ներկայացուցիչ չկար: Միայն ընտանիքի անդամներն էին, հարազատները, գաղափարակից ու մարտական ընկերները:
Սակայն հանուն Հայաստանի եւ Արցախի ազատության կյանքը նվիրաբերած հերոսի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը, դրանից չէր սրտնեղում: «Ես նման բաների վրա չեմ սեւեռվում: Դա իրենց խնդիրն է, իրենց է բնութագրում, բոլոր ժամանակների իշխանություններին, բոլոր ժամանակների կառավարություններին, բայց ոչ Մովսեսին: Նրանց բացակայությունից Մովսեսի նկատմամբ հարգանքը բոլորովին չի նվազում: Հակառակը, կարծեմ թե իրենք Մովսեսով ավելի շատ շահում են եւ շահարկում: Բոլոր նրանք, ովքեր խոնարհումի տուրք մատուցելու, խնկարկելու ցանկություն ունեն, գալիս են նույն ժամին, տարբեր ժամերի, տարբեր օրերի:
Մեր նպատակն է՝ մեր պետության հզորացմանը նպաստելը: Եվ բոլոր նրանք, սկսած հիմա այստեղ գտնվող երեխաներից, ովքեք մի փոքրիկ ավազահատիկ են դնում, որպեսզի մենք կարողանանք ուշքի գալ այս շռնդալից ապտակից: Հուսամ, որ մենք ոտքի կկանգնենք, կկարողանանք մեր տեսակը պահպանել: Երբեմն այնպիսի զգացողություն եմ ունենում, որ երանի՜ Մովսեսին, որ այս ամեն ինչը չի տեսնում: Նա մեզ հետ, մեր կողքին չլինելով ավելի ողջ է, քան շատերս, որ ապրում ենք ու ողջ չենք:
Ես շատ կուզենայի, որ այս վիճակից շատ արագ ձերբազատվեինք, շատ արագ կարողանայինք շտկել մեր մեջքը, բարձրացնել մեր գլուխը, մեր հայացքը, շատ արագ կարողանայինք այս սգից, ողբից, նսեմացումից, արժանապատվության, պատվախնդրության այս կորստից վերականգնվել»,-ասաց տիկին Ռուզաննան:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, եթե Մովսես Գորգիսյանը ողջ լիներ, այս նսեմացումը թույլ չէր տա, Ռուզաննա Գորգիսյանը պատասխանեց. «Գիտե՞ք, ես չեմ կարող ամեն ինչ Մովսեսին վերագրել: Բայց վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում Մովսես Գորգիսյանի տեղը թափուր է: Եվ եթե Մովսես Գորգիսյան անհատը ողջ լիներ, ինքն իր ուրույն տեղը կունենար մեր հետագա քաղաքական կյանքում, մեր պետության կերտման մեջ: Ինքը խաղաղության եւ համերաշխության խորհրդանիշ էր : Որ հիմա բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները ասում են՝ Մովսեսը մերն է, մերն է, սա այն է, որ Մովսեսը ՀԱՅ էր եւ բոլորինն էր: Նրա պայքարը հանուն բոլորիս էր, բոլորիս երեխաների համար էր: Մովսեսի տեղը թափուր մնաց, այդ տեղը չլցվեց եւ ազգային մտածողությունը, ազգային պետությունը մասամբ սպանվեց նաեւ Մովսեսի մահով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ