Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը ծախելու ու դավաճանելու է անգամ իր ամենահարազատ թիմակիցներին, երբ պետք լինի սեփական քաղաքական կաշին փրկել»․ Մամիջանյան

Դեկտեմբեր 03,2021 19:30

«Թե ինչ կապ ուներ պարոն Վանեցյանը ժողովրդի հետ եւ որքան էր սիրված ժողովրդից, թող հարցնի իր խմբակցության այն պատգամավորներին, որոնք այդ ժամանակ իրենց հեռախոսի էկրաններին Արթուր Վանեցյանի նկարն էին պահում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հարցազրույցում հնչած հարցադրմանը, թե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ի՞նչ կապ ունի ժողովրդի հետ, նրա վարկանիշը իջել է՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Մեկնաբանելով տեղեկությունները, թե ըստ մամուլում առկա որոշակի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը նոր, ոչ հայանպաստ փաստաթղթի համար համաձայնություն  է տվել, սակայն այն ստորագրելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայկ Մամիջանյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանի համար միշտ գտնվելու են մարդիկ, որոնց ինքը նշանակելու է մեղավորներ, որոնց դավաճանելու է, դեմ է տալու․․․բոլոր իր թիմակիցները, ովքեր դա չեն հասկացել, խնդիր ունեն։ Նիկոլ Փաշինյանը դաշնակիցներ, թիմակիցներ չունի եւ երբեք չի ունենալու։ Նա ծախելու է, դեմ է տալու եւ դավաճանելու է անգամ իր ամենահարազատ թիմակիցներին, երբ դա պետք լինի՝ սեփական քաղաքական կաշին փրկելու համար»։

Հայկ Մամիջանյանի խոսքով․ «Այդ գործընթացում նա կանգ չի առնում անգամ բանակը պիտակավորելու, բանակին մեղադրելու հարցում, ուր մնաց իր պատգամավորներից որեւէ մեկին «ժերտվա» տալու հարցում կանգ առնի։ Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, որ լռելով եւ ծառայամտորեն կատարելով բոլոր հանձնարարությունները՝ իրենք անվտանգ կլինեն Փաշինյանի նվազող վարկանիշի շվաքում, սխալվում են։ Ինչ-որ տեսանելի նշույլ կա այդ ուղղությամբ։ Ինքը կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել Սոչիում, իսկ խնդրահարույց փաստաթղթերը հետագայում թողնել Մհեր Գրիգորյանի ստորագրությանը։ Նման բան նկատելի է, բայց գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Հավանաբար, սա վերաբերում է սահմանազատման-սահմանագծման գործընթացի դետալներին, թեեւ ես այդ առումով անձամբ տեղեկատվություն չունեմ»։

Հայկ Մամիջանյանի բնորոշմամբ․ «Նիկոլ Փաշինյանն ուզում է հասնի նրան, որ քաղաքացիներն ասեն՝ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ չի, Մհեր Գրիգորյանը գնաց-ստորագրեց, իսկ Փաշինյանը տեղյակ չէր, ինքն արցունքն աչքերին խնդրում էր չստորագրել․․․ինքն արդեն ունի մի շարք պիտակներ, որոնցով էլ մնալու է ՀՀ պատմության մեջ։ Թիմակիցներից մի քանիսին էլ փորձում է ուղղակիորեն այդ պիտակն ավելացնել»։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հարցադրմանն այն մասին, թե ինչո՞ւ չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իր եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Այս պահին ՀՀ-ում պետական մակարդակով կոռուպցիա անգերազանցելի մակարդակի է հասել։ ՔՊ-ական պաշտոնյայի գոնե մի քավորի, բարեկամի կամ սանիկի գիտե՞ք, որ պաշտոնի չի անցել։ Հերթն արդեն այս շենքում նստող որոշ պաշտոնյաների աներներին է հասել։ Այո, Ալեն Սիմոնյան, կոռուպցիան պոզով-պոչով չի լինում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031