Խոր ցավով տեղեկացանք, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Գերմանիայում վախճանվել է հայ ժողովրդի բարեկամ, Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն դատապարտելու ուղղությամբ շուրջ չորս տասնամյակ պայքար ծավալած թուրք առաջադեմ մտավորական Ալի Էրթեմը:
Էրթեմն ու իր ընկերները թուրք հանրային կարծիքը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու և լուսաբանելու առաջամարտիկներից էին:
Պարտադիր աքսորից հետո, Էրթեմն իր ընկերների հետ միասին, Գերմանիայում, հիմնադրեց «Ընդդեմ ցեղասպանության» միությունը (SKD), որի նախագահի պաշտոնը տարիներ զբաղեցրեց Էրթեմը:
Կարդացեք նաև
Էրթեմը այն բացառիկ թուրք մտավորականներից էր, ով քաջաբար բարձրաձայնեց. «Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, այլև կեղծում է պատմությունը»:
Ամեն տարի, Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով, Էրթեմի գլխավորությամբ օտարերկրյա քաղաքացիներից և հատկապես թուրք մտավորականներից բաղկացած խմբեր էին այցելում Ծիծեռնակաբերդ՝ հայ ժողովրդի միլիոնավոր նահատակների անմահ հիշատակը հարգելու նպատակով:
Ալի Էրթեմի մահվան տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանեկան պարագաներին, հարազատներին ու իր ազնիվ ուղին շարունակող մտավորականությանը:
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական խորհուրդ
Աթենք, 3 դեկտեմբերի 2021թ.