«Հետքը» հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագրի» այն պատգամավորների ցանկը, որոնք ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ են գտնվել եւ ՔՊ-ին նվիրաբերել են հարյուր հազարավոր եւ միլիոնավոր դրամներ: Նվիրատվության ընդհանուր արժեքը կազմել է 105,5 մլն դրամ:
Բավականին խոշոր՝ 5 մլն դրամ նվիրաբերել է ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այն նախագծի հեղինակն են, որով պատգամավորական գործունեության գումարը 50 հազար դրամից բարձրացվեց 250 հազար դրամ՝ բացատրելով, որ գումարը չի բավականացնում՝ ընտրողների հետ հանդիպումներ ունենալու, մարզեր գնալու եւ այլն, հարց է առաջանում՝ եթե ընտրողներին հանդիպելու գումարը չէր բավականացնում, ինչո՞ւ էիք ՔՊ-ի հանդեպ այդքան շռայլ գտնվել, իսկ պետական բյուջեի հանդեպ՝ անխնա:
Լիլիթ Ստեփանյանը նախ ճշտեց. «Վստա՞հ եք, որ իմ անուն ազգանունով է այդ գումարը, հաստա՞տ: Ես հրավիրված հյուրեր եմ ունեցել, ովքեր փոխանցումներ են արել, բայց ես ինքս փոխանցում չեմ արել կոնկրետ: Ես ունեցել եմ հրավիրված անձինք, ովքեր դա արել են, գուցե իրենք իմ անունով են դա արել, ես կծանոթանամ: Մենք ընկերների, ծանոթների ենք հրավիրել, մարդկանց, ովքեր համաձայն են իշխանության գծի հետ, կամ կառավարող ուժի հետ որեւէ հովանավորչական գործունեություն են ցանկացել իրականացնել: Ես նույնիսկ չեմ հարցրել, թե ով ինչքան է փոխանցել: Ես ինքս որեւէ գումար չեմ փոխանցել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իլյուստրացիան՝ Լիլի Պետրոսյանի/«Հետք»