Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը`ԱՆԻՖ-ը՝ ստեղծվել է օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման եւ Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու նպատակով։ Այսօր Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց ասուլիսում այս մասին ասաց ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր խոշոր ներդրումային ծրագիր ամիսների, երբեմն տարիների աշխատանք է, մինչ դա տեսանելի կլինի հանրությանը։
Ֆոնդի տնօրեննն ասաց, որ խոշոր նախագծերից մեկը Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ՝ 200 մեգավատ հզորությամբ արեւային էներգիայի ծրագրի իրականացման համար 174 միլիոն դոլարի ներդրումն է. «Հաղթողը միջազգային համբավ ունեցող «Մասդար» ընկերությունն է Աբու Դաբիից, որը վերականգնվող էներգետիկայի գծով մի քանի առաջատար ընկերություններից է աշխարհում։ Մեր մասնակցությունը այստեղ 15% է։ Ծրագիրը կարեւոր է ամեն առումով՝ թե՛ նման խոշոր ներդրող ու միջազգային ճանաչված ընկերություն Հայաստան բերելու, թե՛ Հայաստանը որպես նման գործընկեր ունեցող ներդրումային ուղղության ներկայացնելու առումով։ Բացի այդ, հատկապես կարեւոր է, որ այս ծրագրով Հայաստանը մեծ քայլ է անում ժամանակակից աշխարհում ահռելի կարեւորություն ձեռք բերող ոլորտում՝ վերականգնվող էներգետիկայում նման մասշտաբային ծրագիր անելու ուղղությամբ»:
Դավիթ Փափազյանն ասաց, որ կայանները էլեկտրաէներգիա կսկսեն վաճառել 2024 թվականի վերջին:
Նրա խոսքով, մեկ տարվա ընթացքում ԱՆԻՖ-ի թիմը հետազոտել է 200-ից ավելի հայտ, որոնք առնչվում են ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներին: Ասաց, որ 7-ը հաստատվել են, մեկն էլ չեղարկվել է հաստատվելուց հետո:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ