Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուռն քննարկում՝ Գյումրիում տոնածառ տեղադրելու ու փողոցները զարդարելու շուրջ․ 10 միլիոն 400 հազար դրամ հատկացվեց

Դեկտեմբեր 03,2021 17:39

Այսօր Գյումրու ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր ամանորյա զարդարանքի համար բյուջեից 10 միլիոն 400 հազար դրամ հատկացնելուն։

Լենա Ջիլավյան

Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը շեշտեց, որ միջոցառումները շքեղ չեն լինելու։

«Ես երեկ մտածում էի՝ այս նախագիծը կանցնի՞, թե՞ չի անցնի, քննարկե՞նք, թե՞ ոչ, հեռուստատեսությամբ տեսա, որ Երևանը տոնածառ դնում է քաղաքի հրապարակում, մեր էրեխեքն էլ երևանցի էրեխեքից պակասը չեն։

Եվ ուրախ եմ, որ մենք պիտի տոնածառ դնենք, մահը՝ մահ, էրեխեքի ուրախությունն էլ ուրախություն։ Դրա համար որոշել ենք ընդամենը 10 միլիոն 400 հազար դրամի սահմաններում քաղաքի որոշակի փողոցներ, մի քիչ տնական ասեմ՝ տեսանելի հատվածում դեկորային գեղեցկություն հաղորդել։

Տոնածառը տեղադրենք, մոնտաժ, ապամոնտաժ անենք, միջոցառում՝ լույսերի վառման արարողակարգ, փոքրիկ ֆուրշետ դահլիճում, մեր ավագանիներին, աշխատողներին շնորհավորանք, այդքան բան։ Նախահաշիվը 10 միլիոն 400 հազար դրամ», -ասաց զեկուցողը։

Նա հավելեց, որ այդ գումարից 3 միլիոնը նախատեսված է ամանորյա տոպրակների համար։

Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը որոշակի առարկություններ արեց՝ ասելով, որ մայրաքաղաքում եղևնի են տեղադրելու, լուսավորություն, հյուրասիրություն չի կատարվելու։

«Ես ինքն էլ առաջարկում եմ տոնածառը երեխաների համար թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600 հազար, 900 հազար, տեխնիկա, լուսավորության պահը հանվի։ Երևանում էլ են էդպես անում, ինչքան հասկացա», -ասաց Վարդևան Հակոբյանը։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ նկատեց, որ լույսեր կտեղադրվեն քաղաքի պատմական միջուկում ու թվարկեց փողոցները։

«Զարթոնք»-ի ղեկավարը շարունակում էր առարկել՝ պնդելով, որ հյուրասիրությունը, լուսավորությունը, լուսային տեխնիկայի օգտագործումը կարելի է բացառել։

Քաղաքապետն, սակայն, հակադարձեց, որ հյուրասիրությունը կլինի շատ զուսպ, համեստ։

Հարցուպատասխանին միջամտեց Լենա Ջիլավյանն՝ ասելով․ «Վարդան ջան, մի րոպե ես ասեմ, մեր նոր ընտրված ավագանիների առաջին տարին է, մեր նոր ընտրված քաղաքապետի առաջին տարին է։ Ճիշտ է՝ Սամսոնյան Վարդգեսը երկար Նոր տարիներ է անցկացրել կոլեկտիվի հետ, բայց որպես քաղաքապետ՝ առաջին Նոր Տարին է։ Եվ հետո մենք մի ամբողջ տարի միասին աշխատել ենք, բարի լույս, ցտեսություն ասել, արժե չէ՞ Նոր Տարվա շեմին շնորհավորել, 600 հազարն ի՞նչ է, որ այսքան կոլեկտիվին դեմ ես կանգնում, երբ որ պիտի շնորհավորվի ու ասվի՝ գնացեք տարիներդ բարի լինի»։

Վարդևան Հակոբյանը պատասխանեց․ «Ես այնպիսի առաջարկություն ունեմ, որ չեք մտածի ինչքան դրական բան եմ առաջարկելու կոլեկտիվի համար»:

Լենա Ջիլավյանը կատակի վերածեց՝ ասելով․ «Դո՛ւ պիտի պատիվ տաս»:

Բոլորը սկսեցին ծիծաղել, Վարդևան Հակոբյանն ասաց․ «Պատրաստ եմ պատիվ տալ»։

Որոշակի առաջարկություններ հնչեցին նաև «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի կողմից, նա ծախսերը համեմատում էր նախորդ տարիների հետ։

Միջոցառման ծրագիրը մանրամասն ներկայացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Նա շեշտեց, որ բեմական շոու ծրագիր ասելով՝ բնավ չպիտի հասկանալ տոնական երաժշտության տակ ուրախություն կազմակերպելը, այլ նկատի պիտի ունենալ օրվա տոնի խորհուրդը, այն է՝ «Ապրելու, հավերժության գաղափարախոսությունը, այս տարվա փակ շղթան, մութն ու ողբը ցրելու, լուսավորություն փոխանցելու հանգամանքը»։

«Մենք չենք կարող վերանալ այն իրականությունից, որի մեջ ենք, և այդ իրականության մեջ բոլորիս մեջ պակասում է լույսը», -ասաց Լիլիթ Թովմասյանը;

«Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Սոնա Հովհաննիսյանն էլ ասաց, որ այն, ինչ տեղի է ունեցել, բոլորիս վիշտն ու ցավն է, սակայն խնդրեց չմոռանալ, որ Գյումրին զբոսաշրջային մեծ հոսք ունի․ Ամանորին ընդառաջ հյուրանոցներում ազատ տեղեր չկան, վարձու բնակարաններ անգամ չեն մնացել, հետևաբար և Գյումրու տոնական տեսքին պարտավոր են հետևել։

Ավագանին 22 կողմ, 7 ձեռնպահ ձայներով ընդունեց որոշումը, այն է՝ Գյումրու ամանորյա զարդարանքի համար բյուջեից 10 միլիոն 400 հազար դրամ հատկացնել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031