Եվրախորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Հայաստանի կատարողականը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով հրապարակված որոշումների խմբի վերաբերյալ, որում ներառված է 13 գործ:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ն այդ գործերում հայտնաբերել էր ոստիկանության կողմից վատ վերաբերմունք և պաշտոնական քննության բացակայություն, անօրինական ձերբակալություններ և կալանքներ, ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ և անհարկի կիրառում:
Նախարարների կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ Տեր-Պետրոսյանի, Մաթևոսյանի, Ջհանգիրյանի, Սմբատ Այվազյանի, Մյասնիկ Մալխասյանի և Հովհաննիսյանի գործով հետագա անհատական միջոցների անհրաժեշտություն չկա, հետևաբար որոշել է փակել այս գործերից չորսի նկատմամբ վերահսկողությունը:
Զեկույցի հեղինակները Հայաստանի իշխանություններին հրավիրել են մանրամասն տեղեկություններ տրամադրել Մուշեղ Սաղաթելյանի գործով հետաքննության առաջընթացի վերաբերյալ, ինչպես որ նախկինում էլ բազմիցս հորդորել էր նրանց արագ ավարտին հասցնել այդ հետաքննությունը՝ հնարավորինս խուսափելու ցուցումներից կամ ապացույցների կորստից: Բացի այդ, ՄԻԵԴ-ն իշխանություններից պահանջել է այս խմբի գործերի, հատկապես Գասպարիի գործով ամբողջական տեղեկատվություն տրամադրել արդար փոխհատուցման վճարումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Եվրախորհուրդը կոչ է արել իշխանություններին Կոմիտեին տեղյակ պահել նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման գործում առաջընթացի և Նուբարաշեն քրեակատարողականում պահման պայմանների բարելավման համար ընդունված անցումային միջոցառումների, ինչպես նաև հիմնարկի վարչակազմի դեմ բողոքների դատական քննության արագության մասին:
Որոշման մեջ նշվում է, որ ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի և դրա անարդյունավետ հետաքննության հետ կապված հարցերը քննվում են «Վիրաբյան» խմբի գործերի շրջանակներում, ուստի որոշվել է դրանց քննությունը կենտրոնացնել խաղաղ ցույցերի անհամաչափ և անհարկի ցրման հետ կապված խնդիրների լուծման, հավաքների ազատության իրավունքի միջամտության, ինչպես նաև կալանքի պայմանների վրա:
Կոմիտեն ողջունել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը՝ ուղղված ապօրինի կալանքի դեմ երաշխիքների ուժեղացմանը և արդար դատավարության չափանիշների ապահովմանը: Նաև խստորեն խրախուսել է իշխանություններին շարունակել ջանքերը՝ հավաքների ազատության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Կոմիտեին տրամադրել վիճակագրական տվյալներ 2019-2021թթ. համար, որոնք հնարավորություն կտան գնահատել ձեռք բերված առաջընթացը։
Զեկույցի հեղինակները Հայաստանի իշխանություններին հրավիրել են դատական պրակտիկայի օրինակներ ներկայացնել Վարչական դատավարության օրենսգրքի կիրառման վերաբերյալ՝ կապված հավաքների ցանկացած սահմանափակման կամ արգելքի դեմ բողոքելու իրավունքի, ինչպես նաև նմանատիպ դեպքերում փոխհատուցման միջոցի կիրառման հետ:
Կոմիտեն նաև կոչ է արել իշխանություններին տեղեկատվություն տրամադրել զանգվածային ցույցերի հսկման գործում նոր պարեկային ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների դերի մասին, ինչպես նաև ոստիկանության հատուկ ուսուցման վերաբերյալ, որը պետք է իրականացվեր հավաքների ազատության իրավունքի անվտանգ իրագործումն ապահովելու համար:
Կոմիտեն Հայաստանի իշխանություններին հրավիրել է մինչև 2022թ. սեպտեմբերի 30-ը տրամադրել թարմացված տեղեկատվություն բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ և որոշել է վերսկսել այս խմբի գործերի քննությունը 2023թ.:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ