Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այնքա՜ն տեղ կա այդ գումարը ծախսելու». ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պատմում է, թե ինչպես է ծախսել 250 հազար դրամը

Դեկտեմբեր 03,2021 17:25

Նախորդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այս գումարման պատգամավորների համար բյուջեի հաշվին լավություն արեցին ու պատգամավորական գործունեության գումարը 50 հազար դրամից բարձրացրեցին 250 հազար դրամ: Հիմնավորում էին, թե այդ գումարը չի բավականացնում՝ ընտրողների հետ հանդիպումներ ունենալու, մարզեր գնալու եւ այլն:

«Հայաստան» խմբակցությունը վիճարկել է այդ օրենքը ՍԴ-ում, ամեն դեպքում, պատգամավորները արդեն ստացել են 2 ամսվա պատգամավորական գործունեության այդ հավելյալ 250 հազարական դրամը:

Aravot.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ծախսել այդ գումարը: Նա պատասխանեց, որ մանրամասն հաշվետվություն կներկայացնի ֆեյսբուքյան իր էջում: Ամեն դեպքում թվարկեց, թե ինչ ծախսեր է արել. «250 հազարից 20 հազար դրամը Հրազդանում հասարակական կազմակերպություն կա, որը զբաղվում է հատուկ կարիքներով երեխաների հիմնախնդիրներով, տնօրենը ինձ զանգեց, այնտեղ դայակների եւ դաստիարակների համար վերապատրաստման դասընթացներ կային եւ 2 օրվա սուրճի սեղանի հետ կապված գումար ուզեց, իրենց գումար եմ փոխանցել: Այցելել եմ Ջրառատ համայնք, համայնքապետին փոխանցել եմ 8000 դրամ արժողությամբ 15 ընտանիքի համար նախատեսված սննդային փաթեթներ եւ հենց այսօր ես եղել եմ Սոլակ համայնքում եւ սոցիալապես անապահով 10 ընտանիքի համար էլ նույն փաթեթից այնտեղ եմ տարել ու 250 հազար դրամը վերջացել է: Դեկտեմբեր ամսվա համար 250 հազար դրամը նստել է եւ քանի որ առջեւում Նոր տարի է, ես կարծում եմ, այդ գումարը ես կծախսեմ միայնակ ծերերի համար, երեւի Հրազդանում գործող «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ կհամագործակցեմ եւ սոցիալապես անապահով, բայց երեխա ունեցող ընտանիքներին կմոտենամ»:

Հարցրեցինք՝ երբ այդ նախագիծը ներդրվում էր, հիմնավորվում էր, որ պատգամավորները ընտրողների հետ հանդիպելու համար են այդ գումարը ուզում, բայց մենք հասկանում ենք, որ ձեր արածը բարեգործություն է՝ Լիլիթ Ստեփանյանը պատասխանեց. «Դրա անունը ներկայացուցչական ծախսեր են: Ես, անկեղծ ասած, շատ հեռու մարզ դեռ չեմ գնացել, անկեղծ գտնվեմ, չեմ գնացել Տավուշի մարզ, դեռ չեմ գնացել Սյունիք, Արագածոտն, գուցե եկող ամիս գնամ, հունվարին, փետրվարին, բայց մենք ունենք պատգամավորներ, ովքեր գնում են, մնում են այնտեղ, հյուրանոց են վարձում: Ես ինքս իմ մարզում եմ ավելի շատ վազվզում, որովհետեւ գտնում եմ, որ քանի որ յուրաքանչյուր մարզ ունի իր պատգամավորը, ապա զուտ բնակության վայրից ելնելով, շաբաթ-կիրակի օրերին ընտանիքին այելելով՝ ավելի հարմար է, որ այդ մարզում գործունեություն ծավալես: Չնայած չեմ բացառում, որ կլինեն հրավերներ, այլ մարզեր էլ կգնամ: Իհարկե, հեռու երեխաներից, եթե շատ լուրջ հիվանդություն ունեցող երեխայի ծնող ինձ զանգի, ասի՝ դեղի համար կամ վիրահատության համար գումար է պետք, կարող է այդ 250 հազար դրամին մի բան էլ ավել դնենք, փոխանցենք: Այնքա՜ն տեղ կա այդ գումարը ծախսելու»:

Մեր դիտարկմանը, որ փողը միշտ չի բավականացնում, այդպես է՝ Լիլիթ Ստեփանյանն արձագանքեց. «Ընտրության հարց է, կարող է այդ գումարի կեսը տաս տաքսիներին, վառելիք լցնես մեքենա, գնաս հեռու մարզ, կարող ես քո կողքի մարզերում քո մեքենայով, կամ հորդ մեքենայով գնաս մարզ, հանդիպումներ ունենաս, սոցիալապես անապահովների ձեռքը բռնես: Տարբեր խնդիրներ կա»:

Հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ում վիճարկում է այդ օրենքը, եթե անկեղծ ասեք, կա՞ այդ 250 հազար դրամի կարիքը, թե՞ եթե լինի՝ կծախսենք, չլինի՝ չենք ծախսի սկզբունքով է՝ Լիլիթ Ստեփանյանը պատասխանեց. «Ինչպես դուք նշեցիք, եթե գումարը կա, ծախսելու տեղ միշտ կա: Բայց, անկեղծ ասած, երբ չկար այդ գումարը ու դիմումներ կան, ինչ-որ ծրագրեր կան քո գլխում, որոնք դու անպայման ուզում ես իրականություն դարձնել այս կամ այն համայնքի համար, արդեն փորձում ես գտնել գործընկերներ: Ես այդպես եմ արել, ՌԴ-ի իմ ծանոթների միջոցով եմ փորձել ինչ-որ ծրագիր իրականացնել համատեղ ու փառք Աստծո, երբեք մերժում չեմ ստացել: Տարբեր ծրագրեր եմ արել, օրինակ, զինհաշմանդամների, պատերազմից հետո վիրավորների, մահացածների համար ԱՄՆ-ի գործընկերների հետ, բայց որ հիմա այս գումարը այսպես կա, ոնց որ ավելի քիչ դռներ ես ծեծում: Էլի ծեծում ես, բայց մի քիչ էլ քո աշխատավարձից դրա վրա դնելով՝ իսկապես կարողանում ես ինչ-որ մեկի մատից փուշ հանես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031