Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի օդանավ ունի ազգային ավիափոխադրող «Fly Arna»-ն, երբվանից կսկսի չվերթները. մանրամասնում է ԱՆԻՖ-ի տնօրենը

Դեկտեմբեր 03,2021 16:51

Aravot.am-ն այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ ակնկալենք «Fly Arna» ավիաընկերության առաջին թռիչքը, ի՞նչ փուլում է գործընթացը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ԱՆԻՖ-ն ու «Էյր Արաբիա» ավիաընկերությունը հայտարարեցին համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր՝ ազգային ավիաընկերության մասին, եւ որպես ընկերության անուն ընտրվեց «Fly Arna»-ն։ Այն գործելու է որպես բյուջետային ուղեւորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

Դավիթ Փափազյանն ասաց, որ այս տարվա ապրիլ, մայիս ամիսներից «Fly Arna»-ն կսկսի գործել. «Այսինքն՝ ապրիլ-մայիս ամիսներից կանոնավոր, նախնական 4 ուղղություններով «Fly Arna»-ն կսկսի իրականացնել չվերթներ: Այդ ժամանակ կունենանք 2 օդանավ: Ծրագրի էտապներով օդանավերի քանակներն ու ուղղություններն ընդլայնելն է: Հինգ տարի հետո 15 օդանավ կլինի»:

Մեր հարցերին՝ վերջերս ՀՀ կառավարությունը 10 միլիոն դոլար հատկացրեց «Fly Arna» ավիաընկերությանը, եւ, եթե դա օտարերկրյա ներդրում է, ինչո՞ւ է պետությունը եւս գումար ներդնում, ո՞րն է ԱՆԻՖ-ի ստեղծման նպատակը, արդյոք կա՞ն նման օրինակներ այլ երկրներում, երբ պետությունը մասնակցում է ներդրումներին պետական ֆոնդի միջոցով, Դավիթ Փափազյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ մեր մանդատը չէ պիտակավորումը՝ օտարերկրյա ներդրում, թե ուրիշ պիտակավորում դրան տալ: Մեր մանդատը երկու ուղղություններով է՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավել եւ իմպլեմենտացիային հետեւելն է, եւ կապիտալի ներդրումը Հայաստանի տնտեսության, հայաստանյան ընկերությունների մեջ: Շատ հաճախ մեր երկու մանդատները խաչվում են եւ սա հենց ամենացայտուն օրինակն է, որտեղ էմիրաթական կողմը ներդնում է այդքան գումար, հայկական կողմն, ի դեմս ԱՆԻՖ-ի՝ նույնպես»:

Պարոն Փափազյանն ասաց, որ տարբեր ալգորիթմներ են քննարկել եւ եկել են եզրակացության, որ ամենաբաց եւ տնտեսական մրցակցությանը վտանգ չհանդիսացող ալգորիթմն այն է, որ ներդնեն կապիտալ, եւ պետական հետաքրքրությունը ներկայացված լինի կապիտալի տեսքով այլ ոչ թե դոտացիաներով կամ արտոնություններով:

«Կարեւոր էր այն փաստը, որ Հայաստանում ստեղծվում են եւ կշարունակվեն ստեղծվել տեղական գրանցում ունեցող ավիաընկերություններ, եւ, ԱՆԻՖ-ը չի ուզում իր նեղ հարցերը լուծելով խանգարել երկրում տեղի ունեցող ավելի լայն ծրագրերի»,-ասաց ԱՆԻՖ-ի տնօրենը:

Ինչ վերաբերում է միջազգային փորձին, Դավիթ Փափազյանն ասաց, որ նոր բան չեն հնարել եւ շատ երկրներ ունեն իրենց փոխադրողները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031