ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը մեզ հետ զրույցում պատմել է իրենց ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների և դասախոսների համատեղ նախաձեռնության՝ «Club des Poetes» հանրային գրական-գեղարվեստական բանավեճային ակումբի ստեղծման գաղափարի, տեղի ունեցած հիմնադիր նիստի և զարգացման հեռանկարների մասին:
«Club des Poetes»-ը ուսանողների հետ տարվող ակադեմիական աշխատանքի կարևոր նախաձեռնություն է, որի շրջանակում անցկացվում են հանրային, գրական, ինչ-որ առումով հայեցողական քննարկումներ տարբեր թեմաներով, կազմակերպվում են գրքերի քննարկումներ:
Ֆրանսիական համալսարանների և ուսումնական կենտրոնների օրինակով կյանքի կոչված ակումբի անդրանիկ նստաշրջանը տեղի է ունեցել Ծաղկաձորում «Բնական և աստվածային սիրո» ու «Պատկանելության զգացումը» թեմաներով:
«Մեր ուսանողներին շատ է պակասում վերլուծական-վերացական միտքը. նրանք հիանալի կարողանում են հարցադրումներ անել, բայց աշխարհայացք ձևավորելու համար կարևոր է խոսել այն թեմաների մասին, որոնք համամարդկային հիմնարար արժեքների հիմքն են կազմում»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Ամբիոնի վարիչը ևս մեկ անգամ փաստեց, որ ամբիոնը միշտ էլ առանձնացել է իր ակադեմիական նվաճումներով, այժմ դրանք պետք է իրենց արձագանքն ունենան նաև ուսանողների հետ կատարվող աշխատանքների մեջ:
Կարդացեք նաև
«Այդ ուղղությամբ իրագործած առաջին ծրագիրը «Newmag»-ի հետ կնքած պայմանագիրն է, համաձայն որի՝ Արտասահմանյան գրականության ամբիոնի մագիստրատուրայի նախկին և ներկա ուսանողները հանձն են առել մի գրքի թարգմանություն, որը լույս է ընծայվելու կոլեկտիվ ջանքերով»,- ասաց Անուշ Սեդրակյանը՝ ավելացնելով, որ գիրքն արդեն խմբագրվում է, և տարեվերջին տեղի է ունենալու գրքի շնորհանդեսը:
Սա Արտասահմանյան գրականության ամբիոնի և «Newmag»-ի առաջին համագործակցությունն է, ինչի շնորհիվ, ըստ ամբիոնի վարիչի, հրատարակչություններն աչքի տակ կունենան այն մարդկանց, որոնք ունեն լավ թարգմանիչ դառնալու ներուժ:
Անուշ Սեդրակյանը տեղեկացրեց, որ այս պահին ընթացքի մեջ է Ժոզե Սարամագոյի «Կուրություն» գրքի քննարկումը, որը հաջորդ նստաշրջանի ընտրված թեման է լինելու. «Իհարկե, այս գործընթացը դեռևս իր զարգացման սկզբնական փուլում է, բայց ամեն անգամ որոշել ենք փիլիսոփայական հարցադրումներ անել, այնուհետև գրքերի քննարկումներ կազմակերպել:
Առաջիկայում նախատեսվում է նաև Գլաձորի թեմի հետ թարգմանական, աստվածաբանական նախագծեր քննարկել, որի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, սպասում ենք դասերի վերսկսվելուն»:
ԵՊՀ