Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին ներկայացրել է 33 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը, որը Նոյեմբերյան համայնքի ղեկավար էր ընտրվել 2016 թվականին՝ որպես անկուսակցական, իսկ այս ընտրություններին արդեն ՔՊ-ի ցուցակով է առաջադրվել:
Ընտրական ցուցակի 2֊րդ համարում առաջադրվել է Այրում համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Պարանյանը, իսկ 3-րդ համարը «Նոյեմբերյան» ԲԿ-ի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանն է:
«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 23 հոգանոց ցուցակ, որի առաջին համարը Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանն է: Ցուցակում առաջադրված 2-րդ համարի թեկնածուն 2008-2016 թթ․-ին Նոյեմբերյան քաղաքի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն է, իսկ 3-րդ համարը Անահիտ Փարսադանյանն է:
Կարդացեք նաև
Ընտրություններին մասնակցող «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը ներկայացրել է 19 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է անկուսակցական, անհատ ձեռներեց Մհեր Աղամյանը, իսկ ցուցակի 2-րդ և 3-րդ համարներում հաջորդաբար անհատ ձեռներեց Քաջիկ Անանյանն է և Բագրատաշեն համայնքի դպրոցի տնօրեն Լիանա Ալավերդյանը։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ