Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կատարել եմ քո ցանկությունը, տեր իմ». ըստ Սոս Հակոբյանի՝ Վանեցյանի մասին հայտարարություններից հետո, Ալեն Սիմոնյանը զեկուցել է Փաշինյանին

Դեկտեմբեր 03,2021 15:43

«Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես պայքարել է եւ արմատախիլ է արել այդ Սիմոնյանի եւ իր գործընկերների նման մոլախոտերին, որոնք իրենց գործունեությամբ ոչինչ չեն անում, բայց իրենց գոյությամբ թունավորում են շրջակա միջավայրը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն՝ անդրադառնալով «Առաջին լրատվականի» հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին:

Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը մասնավորաբար ասել էր. «Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Իրենք թող չկարծեն, որ իրենց կարող են թույլ տալ հայտարարություններ եւ վարվելակերպ, որը պատասխան չի ստանալու: Ես խղճում եմ այդ մարդկանց. իրենք քաղաքականությունից չեն հասկանում եւ հայ ժողովրդին չեն ճանաչում: Դե, ե՞րբ են կապ ունեցել: Վանեցյանը ե՞րբ է հայ ժողովրդի հետ կապ ունեցել: Ինքը մշտապես, ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի աշխատողը, հետո իրեն հնարավորություն է տրվել ինքը դառնա հեղափոխական թիմի անդամ, բայց ինքը գնացել` իր տեղը գտել է Սերժ Սարգսյանի կողքը: Մարդ, որը որ ունեցել էր ամենաբարձր վարկանիշներից մեկը հեղափոխությունից հետո, այսօր ունի ամենաբարձր բացասական վարկանիշներից մեկը: Իր, մնացած նմանատիպ գործընկերների հաջորդ մակարդակը լինելու է՝ հեռախոսը դնելու են, լայվ են մտնելու, ասելու են՝ սիրելի հայրենակիցներ, սպասենք մի քանի հոգի հավաքվի, ինչ-որ բաներ խոսենք: Զգուշացնում եմ հիմա, թող իրենց չափավորեն՝ վարչապետի հասցեին, իմ քաղաքական թիմի հասցեին»:

Սոս Հակոբյան

Սոս Հակոբյանը հակադարձում է. «Վանեցյանին ոչ թե հնարավորություն է տրվել որեւէ բան անելու, այլ Վանեցյանն առաջին օրից մինչեւ իր հրաժարականի օրն ամեն ինչ արել է՝ թե արտաքին մասով Հայաստանի շահերը ամուր պահելու, հատկապես մեր ռազմավարական դաշնակցի հետ վստահելի հարաբերություններ ունենալու համար, թե երկրում հանցավորության դեմ պայքարի, կոռուպցիայի ոչնչացման, դրա հիմքերի քանդման համար: Եվ երբ Վանեցյանը հասկացել է, որ այս ազգակործանների դեմը միայնակ հնարավոր չէ առնել, կանգնեցնել Հայաստանի եւ Արցախի կործանումը, նա այդ ժամանակ դուրս է եկել եւ որոշ ժամանակ անց մտել է քաղաքականություն: Իսկ Սիմոնյանն իր ուսապարկ գործընկերների եւ քաղաքական հոր հետ միասին սերունդների կողմից միշտ հիշվելու են որպես Հայաստանի՝ տարածաշրջանային գործոնից, տարածաշրջանային բանակցությունների օբյեկտ սարքողներ: Սերունդները նրանց հիշելու են դեռ հարյուրամյակներով եւ իրենք իրենց խարանը, կարծում եմ, դեռ իրենց կենդանության օրոք կհասցնեն «վայելել»:

Մեր զրուցակիցը նաեւ հավելում է. «Մեկ ժամանոց հարցազրույցի երեսուն րոպեն այդ մարդը խոսում է պետական բյուջեով գնվող իր մեքենայի եւ իր եղբոր բիզնեսի մասին. անպետք նորություններ, իրենց անպետք գործունեության մասին, որոնք հենց իրենք գցել են լրատվական դաշտ՝ որեւէ բանով մարդկանց զբաղեցնելու համար եւ ՀՀ-ի՝ ուղղակի կործանման մասին նորություններն, իրենց ճղճիմ թեմայով շեղելու համար: Իր հարցազրույցի մյուս երեսուն րոպեն, այս մարդը խոսում էր ընդդիմադիրների մասին, կարծես չկա որեւէ խնդիր՝ քաղաքացուն վերաբերվող, որի մասին ԱԺ նախագահը տեղյակ է եւ կարող է լուսաբանել՝ իր գործունեության մասով ի՞նչ է արել, մեկ մարդու, մեկ խմբի որեւէ խնդիր լուծելու համար: Մենք լսում ենք անկանոն ձեւով տարբեր եվրոպական մայրաքաղաքների անուններ եւ ինչ-որ հանդիպումների քանակ, որ ԱԺ նախագահն իր աշխատակազմով կամ ուսապարկ-պատգամավորներով այցելել է, եւ չենք լսում մեկ բովանդակային կետ, մեկ հարց, որը նա կարողանում է արտաքին գործընկերների մոտ առաջ մղել՝ ի շահ ՀՀ-ի: Լրատվամիջոցին, որին նա տվել է հարցազրույցը, կառաջարկեմ մի հաղորդում մշակել եւ անունը դնել՝ «Առանց բովանդակության», որ ԱԺ սույն նախագահն իր գործունեության շուտափույթ դադարեցումից հետո, որին շատ չի մնացել, որեւէ աշխատանք ունենա, որի միջոցով կշարունակի լինել տեսախցիկների առաջ: Ցավով եմ այս արձանագրումներն անում, բայց մեր ԱԺ նախագահը մնացել է քաղաքագիտության մեջ հայտնի դերասան կամ դեմագոգ քաղաքական գործչի տիպի ծիրում»:

Առհասարակ, մեր զրուցակիցը նաեւ հորդորում է՝ մեծ ուշադրություն չդարձնել Սիմոնյանի եւ իր «կոմպանիայի» ասածներին, որովհետեւ, իր գնահատմամբ, երբ Արթուր Վանեցյանը հստակ անուններ է տալիս Նիկոլ Փաշինյանին եւ իր գործունեությանը, հստակ բացատրում է հանրությանը դրանց հանցավոր գործունեության հետեւանքների մասին, նրանք ուղղակի հերթական առաջադրանքն են ստանում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «իրենց դեմքին գտնվող բացվածքով, խոսեն, փնովեն, վատաբանեն այդ քաղաքական գործիչներին եւ վազելով գնան նրա մոտ ասելով՝ «կատարել եմ քո ցանկությունը, տեր իմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031