Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է ԱՆԻՖ-ը դառնա Զանգեզուրի կոմբինատի՝ պետության մասնաբաժնի բաժնետոմսերի փայատերը

Դեկտեմբեր 03,2021 15:16

Լուրեր են շրջանառվում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ պետությանը պատկանող մասնաբաժնի կառավարումը տրվելու է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ տեղեկատվությունը` հարցին, ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանն ի պատասխան ասաց. «Ճիշտ կլինի, որ ես չպատասխանեմ այդ հարցին: Կարծում եմ կառավարությունն ունի որոշում կայացնելու հնարավորություն, եւ, համոզված եմ՝ մոտ ապագայում բոլորս այդ մասին կիմանանք»:

Դավիթ Փափազյանը լրագրողների հարցերին պատասխանեց այսօր Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ:

Ճշտող հարցին՝ իսկ ԱՆԻՖ-ը պատրա՞ստ է ստանձնել պետական մասնաբաժնի կառավարումը, եթե նման առաջարկ լինի, Դավիթ Փափազյանը պատասխանեց, որ ԱՆԻՖ-ը ոչ մի բան չի կառավարում, բացի կապիտալից. «ԱՆԻՖ-ը կարող է լինել ինչ-որ բաժնետոմսերի «փայատեր», եթե կձեւավորվի կարծիք եւ կձեւավորվի հրաման՝ փոխանցել թե՛ ԶՊՄԿ-ի, թե՛ ուրիշ բաժնետոմսերի սեփականությունն ԱՆԻՖ-ին, դա, բնականաբար, լինելով մեր գործընթացներից մեկը, չեմ կարծում, որ մենք կունենանք այլ կարծիք, քան այդ հրամանին ենթարկվելը»:

Ըստ Դավիթ Փափազյանի այսօր ԶՊՄԿ-ում կան մի քանի մարտահրավերներ, որից մեկը վերաբերում է շրջակա միջավայրին, որը կարելի է լուծել որակյալ մասնագետներ ներգրավելով:

Երկրորդ մարտահրավերն, ըստ նրա, բարիքի ավելի արդար բաշխմանն է առնչվում: Ասաց, որ գուցե կոմբինատի հարկային բեռը լինի ավելի բարձր, եւ այն լինի ոչ թե երկրորդ կամ երրորդ, այլ առաջին խոշոր հարկատուն՝ առաջինի եւ երկրորդի հետ մեծ տարբերությամբ:

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ռուսական «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն գնել է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 25-ը նվիրաբերել է Հայաստանի կառավարությանը։ Կառավարությանը նվիրատվությամբ հանձնված բաժնետոմսերը կազմում են ԶՊՄԿ-ի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։

«Արդյունաբերական ընկերության» սեփականատերն է ազգությամբ ռուս մեծահարուստ Ռոման Տրոցենկոն:

Դավիթ Փափազյանի խոսքով, կառավարությունն ընդունել է պարոն Ռոման Տրոցենկոյի առաջարկը՝ երկու նոր ծրագրերի վերաբերյալ։ Դրանցից մեկը պղնձաձուլարանի կառուցումն է, մյուսը՝ ատոմակայանի վերաբերյալ է. «Այսինքն՝ այս երկու ծրագրերը հնարավորություն են տալիս մտածելու, որ ինչ-որ չափով կառավարությունը պետք է մասնավորի հետ համակարգի այս երկու բարդ ծրագրերը։ Սա շատ բարդ է իրականացնելը, մի իրականություն է, որ կա այդպիսի ծրագիր, առաջարկ, նպատակ, լրիվ ուրիշ բան է, որ դա դառնում է փաստ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031