«Ես չունեմ տեղեկատվություն, որ Ադրբեջանը երկաթգիծ է կառուցում եւ արդեն շարժվում է գնացքով։ Եթե դուք գիտեք․․․ոչ, ես չեմ ուզում հղում անել ադրբեջանական լրատվամիջոցներին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ արձագանքելով նկատառմանը, որ Ադրբեջանը գնացքով Նախիջեւանին միանալու մտադրություն ունի։
Ինչ վերաբերվում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առհասարակ, փոխնախարարը տեղեկացրեց, որ ուսումնասիրվում են տարբեր երթուղիներ․ «Որպես առաջնահերթություն՝ դիտարկվում են երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհները։ Ամեն ինչ պարզ է, թե ինչ ուղղություններ ունենք։ Մեկը՝ մեր հարավային հատվածը, մյուսը Երասխից Նախիջեւան, մյուսն էլ Հրազդանից Իջեւանով դեպի Ադրբեջան։ Ունենք նաեւ գործող ուղղություն, որը Վրաստանի տարածքով է։ Մեկ երկաթուղային ուղղություն էլ դեպի Թուրքիա է տանում։ Կոնկրետ Ադրբեջանի հետ ունենք Երասխից, Հրազդանից եւ Մեղրիի հատվածով անցնող ուղղություններ»։
Սիմոնյանը տեղեկացրեց․ «Այս փուլում դեռ երթուղիներն ենք քննարկվում, սահմաններով անցնող գործընթացները։ Հստակություն հիմա չկա, ոչինչ չեմ կարող ասել։ Հստակ է միայն այն, որ պետք է լինի ապաշրջափակում։ Որեւէ այլ բան չենք քննարկում։ Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է։ Այսինքն, մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղային-ավտոմոբիլային կապ ենք ստանում ՌԴ-ի հետ, իսկ Նախիջևանի տարածքով՝ Իրանի հետ»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Թուրքիան եւս նոր երկաթուղի է կառուցում՝ Սյունիքի տարածքով Նախջեւանին միանալու համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ