Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Արագածոտի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի այն արտահայտությունը, թե իր դիպլոմի կեղծ լինելու վերաբերյալ խոսակցությունների պատճառն ակտիվացած «նախկիններն» ու դաշնակցականներն են, որոնք կորցրել են իշխանությունն Արագածոտնի մարզում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն ասաց. «Ռազմիկը մոռանում է, որ տարիներ շարունակ եղել է իշխանության մեջ: Հիմա նախկիններ ասելով՝ ի՞նչ նկատի ունի: Դա այլեւս շատ երգված հին երգ է…«Նախկինները» մեղավո՞ր են, որ Ռազմիկը Պետրոսյանը կեղծ դիպլոմ եւ թերի ակադեմիական կրթություն է ստացել… Վերջին արդարացումն ուղղակի ծիծաղ է առաջացնում… Երբ իր կուսակիցները բանակի թերությունները քննադատում են, թող քննադատեն նաեւ, որ ինքը կիսաուս ակադեմիական կրթություն է ստացել, հիմա էլ ակադեմիական դասընթացը համարում է բարձրագույն զինվորական կրթություն»:
Ինչ վերաբերում է քարոզարշավի շրջանում Ռազմիկ Պետրոսյանի ձեւակերպմամբ՝ «նախկինների» ու դաշնակցականների ցայտնոտի մեջ լինելուն, Գեղամ Մանուկյանն ընդգծեց. «Հատուկ քարոզարշավի համար նշանակված՝ մարզպետի գործը թողած, առավոտից գիշեր տարբեր վարչական լծակներ օգտագործելով՝ կրթական, առողջապահական հաստատություններին ճնշման տակ պահելով, քարոզարշավ իրականացնելով պատկերացնում է, որ նորմալ ընտրությո՞ւն է կազմակերպում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ