Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձորի համայնքի ղեկավարի երկու տեղակալները «Դավիթ Հարությունյան» դաշինքի ընտրացուցակում են

Դեկտեմբեր 03,2021 14:29

Դեկտեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով տեղի է ունենալու ավագանու անդամների ընտրություն։ Եղեգնաձոր համայնքի մեջ ընդգրկված են Գետափ, Գլաձոր, Եղեգնաձոր, Մալիշկա, Վերնաշեն բնակավայրերը։ Համայնքն ունի 14508 ընտրող, իսկ ավագանու կազմը բաղկացած է լինելու 21 անդամից։ Եղեգնաձորում ընտրապայքարին մասնակցելու են 4 կուսակցություններ եւ 1 դաշինք։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի 17 թեկնածուից մեկն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ցուցակը գլխավորում է «ՄՏՍ Հայաստան»-ի հիմնական հաճախորդների գծով ավագ մասնագետ, 41-ամյա Վահե Վարդանյանը։ Բոլոր թեկնածուները «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ են։

Մեկ այլ բջջային օպերատորի՝ «Տելեկոմ Արմենիա»-ի ավագ ճարտարագետ, 31-ամյա Ռուբիկ Սարգսյանը գլխավորում է «Հայ կառուցողական կուսակցության» 15 հոգանոց ցուցակը։ 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Եղեգնաձորի ավագանու ընտրություններում առաջադրված «Հանրապետություն» կուսակցության 11 թեկնածուներից միայն մեկն է անկուսակցական՝ Գեւորգ Մանուկյանը։ Ցուցակը գլխավորում է Գետափի գինու գործարանի արտադրամասի պետ 34-ամյա Անուշավան Մովսիսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը ամենամեծն է՝ 30 թեկնածու, որից մեկը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ցուցակը գլխավորում է 35-ամյա Եղեգնաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար (ԿԸՀի կայքում թեկնածուի աշխատանքի վայրը այսպես է ներկայացվածԱԴ) Մուշեղ Ներսիսյանը։

«Բարգավաճ Հայաստան» եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից կազմված «Դավիթ Հարությունյան» դաշինքի 29 հոգանոց ցուցակը գլխավորում է 55-ամյա Դավիթ Հարությունյանը։ Վերջինս ոչ մի տեղ չի աշխատում։ Հետաքրքիր է, որ դաշինքի ցուցակում Եղեգնաձորի համայնքի ղեկավարի երկու տեղակալներն են՝ 2-րդ հորիզոնականում Վարդան Ավագյանն է, իսկ 23-ում՝ Կարեն Բաբայանը։ Երկուսն էլ անկուսակցականներ են։ Մալիշկայի անկուսակցական համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանը դաշինքի ցուցակի 26-րդ համարն է։

Դեկտեմբերի 5-ին ավագանու ընտրություններ են նաեւ Վայոց ձորի մարզի Ջերմուկ եւ Վայք համայնքներում։ Այս համայնքներում ավագանին բաղկացած է լինելու 15 անդամներից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031