Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կավելանան էլեկտրամոբիլները, լիցքավորման կայանները․ գործադիրի համար եւս ձեռք կբերվեն նման մեքենաներ

Դեկտեմբեր 03,2021 14:08

Մինչեւ 2024 հունվարի մեկը կերկարաձգվի բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մեծ/միջին/փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման/օտարման համար գործող արտոնության ժամկետը։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում զեկուցեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ ներկայացնելով հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը։

Գայանե Գաբրիելյան

«Արտոնությանը զուգահեռ՝ ներկայումս ԵՏՄ հանձնաժողովի որոշմամբ, մինչեւ 2021թ․-ի դեկտեմբերի 31-ն էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար մեքենաների համար զրոյացվել է ներմուծման մաքսատուրքը։ 2019թ․-ից, երբ նշյալ արտոնությունը մտավ ուժի մեջ, ՀՀ-ում էլեկտրամոբիլների ձեռքբերման միջավայրը բարենպաստ է դարձել։ Դա վերաբերում է նաեւ նրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը։ 2019թ․-ից մինչեւ այս տարվա հուլիս ՀՀ ներմուծվել է 5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որից ավելի քան երկու հազարը՝ միայն այս տարի»,-տեղեկացրեց փոխնախարարը։

Գայանե Գաբրիելյանի փոխանցմամբ՝ արդեն շահագործվում են մոտ 45 լիցքավորման կայաններ․ Երեւանում՝ 20, Գյումրիում՝ 6, Ծաղկաձորում, Դիլիջանում, Իջեւանում՝ 3։ Լիցքավորման կայաններ կան նաեւ Վանաձորում, Սեւանում, Աշտարակում, մի շարք համայնքներում, որոշ մայրուղիների վրա։ Դրանց տեղակայման վայրի եւ հզորության մասին տեղեկատվությունը հասանելի է PlugShare միջազգային հավելվածում։

Գայանե Գաբրիելյանը նաեւ հայտնեց, որ նախարարության դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է կառավարության համար ձեռք բերել մեկ տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ եւ լիցքավորման կայաններ, եւ սա պետբյուջեի վրա կունենա ոչ էական ազդեցություն։

Վահե Հակոբյան

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը նշեց․ «Սա լավ նախաձեռնություն է։ 2017թ․-ից է ներդրվել եւ լավ է, որ տրանսպորտային միջոցները փոխարինվում են էլեկտրամոբիլներով»։

Բաբկեն Թունյան

Հանձնաժողովի անգամ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ իր հերթին հարցրեց՝ առկա լիցքավորման կայանների թիվը բավարա՞ր է․ չէ՞ որ օրենսդրական փոփոխության արդյունքում ներմուծվելիք մեքենաների թիվը կավելանա, լուծման ի՞նչ տարբերակներ կան։

Գայանե Գաբրիելյանը պատասխանեց, որ այսօր քննարկում են ներմուծողների եւ արտադրողների պարտավորությունները ենթակառուցվածքների ապահովման տեսանկյունից․ «Առկա լիցքավորման կայանների թիվը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Դրանց թիվն աճելու է։ Ներմուծողները լուծելու են ենթակառուցվածքների հարցը»։

Վահե Հակոբյանը նաեւ նշեց՝ «Tesla» էլեկտրամոբիլ ներմուծողներն արտադրողի հետ պայմանավորվում են, որպեսզի ձեռք բերեն նաեւ մեքենայի լիցքավորման սարքավորումներ․ «Այդ մեքենան կոնկրետ թվով սարքեր է նախատեսում։ Առանձին լիցքակայաններ նախատեսո՞ւմ եք»։

Փոխնախարարը պատասխանեց, որ սահմանափակում չեն դրել․ «Լիցքակայանը կարող է լինել ենթակառուցվածքի կազմում կամ առանձին։ Երեւանում կան եւ առանձին կայաններ, եւ ենթակառուցվածքի մեջ։ Չինաստանում, օրինակ, կայաններ կան, որտեղ մարտկոցն են փոխում 15 րոպեում։ Մեր լիցքակայանները 2-2,5 ժամում են լիցքավորում, բայց դա նաեւ վարորդի՝ ենթակառուցվածքում ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար է։ Չկա որեւէ երկիր, որը, ունենալով արագ լիցքավորման կայան, վերացրել է երկար լիցքավորման կայանները»։

Հավելենք, որ հանձնաժողովի քվեարկությամբ նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031