Լրահոս
Օրվա լրահոսը

Կանոնավոր ուղեւորափոխադրումների համար այլեւս տարեկան տուրք չի վճարվի․ սահմանվել է 1-անգամյա վճար

Դեկտեմբեր 03,2021 13:08
transtport

Կանոնավոր ուղեւորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար սահմանված՝ մեկանգամյա պետական տուրքով՝ 100 հազար դրամ։ Այսպես է սահմանում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության հեղինակած օրենսդրական նախագիծը։

Արմեն Սիմոնյան

«Այսինքն, տուրքը լինում է ոչ թե տարեկան, այլ մեկանգամյա։ Ստացվում է թույլտվություն, վճարվում է հարյուր հազար դրամ, եւ այլեւս տարեկան տուրք չի վճարվում»,-ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր զեկուցելով այն՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Բաբկեն Թունյան

Հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ այսինքն, սրանով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ֆինասական բեռը թեթեւանո՞ւմ է։ Փոխնախարարը պատասխանեց, որ այո․ «Այսօր մրցութային կարգի համաձայն՝ կանոնավոր ուղեւորափոխադրումը հնարավոր է իրականացնել տասը տարի ժամկետով։ Այս կամ այն երթուղին սպասարկելու թույլտվություն ստացողը մեկ անգամ կվճարի հարյուր հազար դրամ, այլ ոչ թե՝ տասը անգամ հարյուր հազար դրամ։ Կարգավորումը կգործի հունվարի մեկից, այդ պատճառով խնդրում ենք նախագիծը 24 ժամյա քննարկման դնել»։

Փոխնախարարն այնուհետեւ ներկայացրեց նախկինում առկա իրավիճակը․ «Մինչեւ 2014թ․-ը կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա էր․ լիցենզիան տրվում էր անժամկետ, որի համար պետական տուրքի մասին օրենքի հոդվածներից մեկը սահմանում էր 100 000 դրամ տարեկան պետական  տուրք։ Նույն տարում արված փոփոխությունների արդյունքում կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, սակայն տարեկան տուրքի պահանջը՝ պահպանվել։ Պետական տուրքի մասին օրենքով սահմանված է, որ տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայով գործունեություն իրականացնելու համար պահանջվում է տարեկան պետական տուրք, իսկ հստակ ժամկետով գործունեություն իրականացնելու, լիցենզավորման կամ դրա թույլտվություն ստանալու համար՝ մեկանգամյա տուրք՝ ամբողջ ժամանակահատվածի համար։ Նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումների, երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման պարագայում, քանի որ միջպետական եւ ներպետական երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգի համաձայն՝ երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետով»։

Հովիկ Աղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նախկինում նշյալ ձեւով սահմանվել իրավիճակը։ Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ նախկինում լիզենցիայի տուրքն էր գործում եւ արտոնագրային հարկը․ «Լիցենզիան 2014թ․-ին հանվեց, բայց տուրքը մնաց գործունեություն ծավալելու համար։ Եթե չեմ սխալվում, 2018թ․-ի փոփոխություններով արտոնագրային հարկը դարձավ արտոնագրային տուրք։ Այսօր ունենք իրավիճակ, երբ գործունեություն ծավալելու համար երկու հատ տուրք է պետք վճարել, իսկ դա տրամաբանական չէ։ Կդժվարանամ ասել, թե 2014թ․-ին ինչու են այդպես արել։ Հիմա այսպես ենք շտկում իրավիճակը»։ Հանձնաժողովի քվեարկությամբ նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031