Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։
ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։
Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հումանիտար օգնության տրամադրման համար։
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։
Կարդացեք նաև
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։
Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳՆ