Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Ես առայժմ այն խմբակցության անդամ եմ, որը բոյկոտեց բյուջեի քննարկումներին մասնակցելը». «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2021 11:33

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ

– Պրն Զաքարյան, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Դուք մի շարք խնդիրների մասին խոսեցիք՝ դրանք համարելով համակարգային։ Բայց բյուջեի քննարկմանը չմասնակցեցիք։ Ինչո՞ւ։

– Խորհրդարանական բոյկոտը նույնպես աշխատանքային ձեւ է, չնայած այն պետք է լինի խիստ տրամաբանված։ Ես առայժմ այն խմբակցության անդամ եմ, որը բոյկոտեց բյուջեի քննարկումներին մասնակցելը։ Բոյկոտը եւ դրան հաջորդած քայլերը տրամաբանորեն հակառակ բեւեռներում են։ Այնուհանդերձ, կառավարությանը ես 15 առաջարկ ներկայացրել եմ։ Ինչ վերաբերում է համակարգային խնդիրներին, ես հիմա ավելի վստահ եմ, որ մեր երկրում կուտակված խնդիրները հենց այդպիսին են, իսկ առաջնահերթություններն արտաքին քաղաքականության տիրույթում են։

– Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է արվի, ո՞րն է ամենակարեւոր խնդիրը։

– Խնդիրը կարեւորի եւ ոչ կարեւորի մեջ չէ։ Վաղուց անցել են գլուխ գովելու եւ մեղքը սրա-նրա վրա բարդելու ժամանակները։ Այն, ինչ ապացուցվել է ժամանակի ընթացքում, մենք չպետք է անտեսենք, այլ, ընդհակառակը՝ սկսենք գործել այդ տրամաբանությամբ։ Տեսեք՝ 70 տարի երկիրը ղեկավարել են կոմունիստները՝ Կոմունիստական կուսակցությամբ, 7 տարի ղեկավարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց համազգային շարժմամբ, 10 տարի ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի կուսակցությունների կոալիցիայով, 10 տարի ղեկավարել է Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցությամբ, 3 տարի ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագրով»։
Այս 100 տարվա մեջ ղեկավարներից որեւէ մեկը չի փորձել հայ-թուրքական սահմանի պահպանության հարցին անդրադառնալ։ Այս 100 տարվա մեջ դուք լսել կամ տեսե՞լ եք երբեւէ, որ հայ-թուրքական սահմանը հատեն անօդաչու թռչող սարքեր, կրակեն, մարդիկ զոհվեն կամ գերեվարվեն։ Այս 100 տարվա ընթացքում ինչքան կուսակցություններ եւ ղեկավարներ են եկել ու գնացել, սակայն սահմանի այդ հատվածի անվտանգային համակարգը մնացել է անփոփոխ, կայուն, հաստատուն եւ վստահելի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ խնդիրը լուծված է համակարգային, ճիշտ եւ, որ ամենակարեւորն է, գրագետ։ Իմ թվարկած խնդիրները պահանջում են հենց այդպիսի լուծումներ։ Հակառակ պարագայում մենք կամ մեր հաջորդ սերունդները մշտապես հիշելու ենք Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի կամ ֆրանսիական նավերի՝ մեր լեռները բարձրանալ չկարողանալու տխուր եւ ողբերգական պատմությունները։

– Սոչիում կայացավ եռակողմ հանդիպում, շուտով Եվրոպայում նախատեսվում է եւս մեկ հանդիպում։ Բայց հասարակությունը կարծես սպառիչ պատասխաններ չի ստանում։ Յուրաքանչյուր պատասխան ծնում է նոր հարցեր։

– Հանդիպումներ, քննարկումներ էլի կլինեն։ Մենք ապրում ենք 21-րդ դարում։ 21-րդ դարում այլ երկրներում ապրողներն ունեն այլ պատկերացումներ։ Մենք մեր խնդիրներով շատերին արդեն հոգնեցրել ենք, շատերն էլ այդ խնդիրներին մոտենում են զուտ բարոյական տեսանկյունից, մի մասն էլ բավարարվում է միայն հայտարարություններով։ 21-րդ դարում փոքր պետությունների ղեկավարներն էլ կարող են հարցեր բարձրացնել, մասնակցել այդ հարցերի քննարկմանը, սակայն դրանք պետք է տեղավորվեն աշխարհի գլոբալ զարգացումների համատեքստում։ Հիմա, կարծում եմ, բոլորը հասկացան, որ մեր տարածաշրջանում խնդիրների լուծման բանալին Մոսկվայում է, իսկ հանդիպումները կլինեն Սոչիում թե Բրյուսելում՝ միեւնույն է, սլաքներն ուղղված են դեպի Կրեմլ։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031