«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Տեղեկատվականացման միջազգային ակադեմիայի նախագահ, հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատի հիմնադիր եւ խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ազատ Վարդանյանի հետ
-Պարո՛ն Վարդանյան, կներկայացնե՞ք Տեղեկատվականացման միջազգային ակադեմիան, ի՞նչ աշխատանք է արվում ակադեմիայի շրջանակներում:
-Տեղեկատվականացման միջազգային ակադեմիան գրանցվել է Կանադայում ավելի քան 25 տարի առաջ, բավական մեծ, շահույթ չհետապնդող կառույց է, որն ունի շատ հետաքրքիր կառուցվածք` մոտ 25 հազ. ընտրված անդամ` նոբելյան մրցանակակիրներ եւ այլ գիտնականներ: Այսպիսով, հիմնել ենք ակադեմիան` հաշվի առնելով նախորդների բացթողումները: Տեղեկատվականացումը իրականության մեջ բավական ֆունդամենտալ երեւույթ է. աշխարհում ինչ կա (ծառ, թուփ, բնություն), տեղեկատվականացման փոխանցման հետեւանք է, օրինակ` մարդը գեների փոխանցման արդյունք է: Տեղեկատվականացումն ավելի խոր երեւույթ է, քան կարող ենք պատկերացնել: Շատերը շփոթում են տեղեկատվություն ու տեղեկատվականացում եզրույթները, սակայն դրանք լիովին տարբեր են: Իրականում, անգլերեն, ֆրանսերեն եւ այլ բառարաններում չկա տեղեկատվականացում (ինֆորմատիզացիա) բառը, կա միայն տեղեկատվություն (ինֆորմացիա): Իսկ ի՞նչ է «տեղեկատվականացումը»: Տեղեկատվականացումը տեղեկատվություն հավաքելու, տեսակավորելու, պահելու ու տարածելու ընթացքն է: Համարում եմ, որ տեղեկատվականացումը ցանկացած երկրի համար կարեւոր է:
Երբ հիմնում էինք ակադեմիկոսի կոչում ստանալու կարգը, այն ժամանակ գիտական կոչում ունենալը պարտադիր բնույթ էր կրում, այսօր այն ստանալն ավելի դյուրին է դարձել: Մենք ստեղծեցինք լայն ճանաչում եւ հեղինակություն ունեցող մարդկանց համար հնարավորություն (արվեստագետներ, նկարիչներ, գրողներ, որոնց ոլորտում գիտական կոչումների ինստիտուտ գոյություն չունի) դառնալու ակադեմիայի պատվավոր անդամ: Դրանով պայմանավորված` որոշեցինք նման բնագավառները ներկայացնող եւ մեծ գործ անող մարդկանց կոչել «հայտնի մարդիկ», որոնց ցանկում ներառվեցին նաեւ տարբեր քաղաքական գործիչներ: Բացառիկ օրինակ է Ղրղզստանի առաջին նախագահ Ա. Ակաեւը: Վերջինս գիտությունների դոկտոր էր, ում անձամբ ինքս շատ հարգում եմ: Շատ քչերը գիտեն, որ երբ Վիկտոր Համբարձումյանը հացադուլ էր անում այստեղ, նրա որդին, ի զորակցություն Համբարձումյանի, իրենց երկրում նույնպես սկսեց հացադուլ անել: Ակադեմիայի անդամների շարքերում են նաեւ տարբեր կրոնների հոգեւոր առաջնորդներ, որոնք եւս դասակարգվում են որպես «հայտնի մարդիկ»:
Ակադեմիայի գոյությունը ապահովագրելու համար, բնականաբար, ֆինանսական ռեսուրսներ էին անհրաժեշտ, եւ ի սկզբանե մենք դեմ էինք, որ որեւէ երկիր ֆինանսավորի ակադեմիան, քանի որ դա կախման մեջ կդներ մեզ: Այդ սկզբունքը մինչ օրս պահում ենք. մենք ոչ մի պետության կողմից չենք ֆինանսավորվում: Կարծում եմ` դա ճիշտ մոտեցում է: Շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ինչպես նաեւ բարեգործական ընկերությունների համար շատ կարեւոր է անկախությունը, որը թույլ է տալիս որոշումներ կայացնելիս առաջնորդվել սեփական սկզբունքներով, այլ ոչ թե արտաքին գործոններով: Այս առումով մանրամասն ուսումնասիրել եմ Ամերիկայի փորձը. այնտեղ օրենք կա, որը տարածվել է նաեւ այլ երկրներում, համաձայն որի` շահույթ չհետապնդող կազմակերպությունները եւս կարող են շահույթ ունենալ, կարեւորն այն է` ո՞ւր է ուղղվելու այդ շահույթը: Անթույլատրելի է, որ շահույթը գնա անհատների գրպանը. այն միայն պետք է ուղղվի կազմակերպության զարգացմանը: Մենք եւս նման մոտեցում ենք ցուցաբերել:
-Ակադեմիան ունի՞ նախագծեր Հայաստանի հետ կապված:
-Ակադեմիայի ստեղծումից տարիներ անց եկա Հայաստան եւ փորձեցի Հայաստանում եւս մեր ակադեմիայի շրջանակներում որեւէ գործ անել: Պետք է նշեմ, որ խորհուրդը դեմ էր. խորհրդի անդամներից միայն ես եմ հայ, մնացածը հրեաներ, եվրոպացիներ եւ այլ ազգի ներկայացուցիչներ են: Նրանք շատ չէին հասկանում, թե ինչու պետք է Հայաստանում այդքան ծավալուն գործեր իրականացնենք: Դե հիմա բացատրիր, որ սրտի կանչն է: Մեր կատարած գործունեության ընթացքում հասկացա մի բան, որ Հայաստանին անհրաժեշտ են ներդրումային հոսքեր, ու ջանքերս փորձեցի ուղղել ներդրումներ փնտրելուն: Այստեղ մարդիկ կարծում են, որ ներդրումներն իրենք իրենց են լինում, սակայն այդ ուղղությամբ ահռելի գործ կա անելու: Հայաստանում որեւէ գործի մեկնարկը գտնվում է գաղափարական մակարդակում, այսինքն` մարդն ունի գաղափար, որը ցանկանում է կյանքի կոչել, սակայն համապատասխան քայլեր չի անում այդ ուղղությամբ, ընդամենն ունի գաղափար եւ վերջ: Փորձը ցույց է տալիս, որ, այո՛, գաղափարն առանցքային է գործի մեջ, բայց միայն դա բավարար չէ: Գաղափարը կազմելուն հետեւում է լաբորատոր փուլը, որտեղ գնահատվում եւ հաստատվում է իրականացվելիք գաղափարը, այնուհետեւ արտադրական փուլն է գալիս, երբ իրականացվում է այն ու արդեն առարկայանում է: Այս փուլերի ոչ ճիշտ հաջորդականությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ ներդրումների համար: Հայաստանում ներդրում կատարողը հաշվի է առնում ուրիշ շատ ռիսկեր եւս` քաղաքական, տնտեսական, դատական ոլորտի մակարդակի, թե որքանով է պաշտպանված իր ներդրումն օրենքի դաշտում եւ այլն: Նիստերի ժամանակ պարբերաբար շեշտում էի եւ եմ, որ անհրաժեշտ է Հայաստան բերել մեծ ընկերությունների (ոչ միայն հայկական) ներդրումները, քանի որ դա չի ենթադրում միայն ֆինանսական ռեսուրսներ կամ աշխատատեղերի ստեղծում, այլ նշանակում է նաեւ, որ այն երկրները, որտեղ գտնվում են կազմակերպությունները, տվյալ բնագավառում թիկունք կկանգնեն Հայաստանին: Խոշոր ներդրումներ բերելու համար պետք է մեծ աշխատանքներ արվեն:
–Հայ–կանադական առեւտրաարդյունաբերական պալատն այս պահին ի՞նչ ծրագրեր ու մտահղացումներ ունի:
-Ծրագրեր շատ ունենք: Վերջին մի քանի տարիներին պասիվ էինք, քանի որ հնարավորություններս չէին ներում որեւէ լուրջ գործունեություն ծավալելու համար: Պալատի գործունեության արդյունքում մոտավորապես 200 մլն դոլարի ներդրում է արվել Կապանում ընդերքի շահագործման բնագավառում: Անձամբ ճանաչում էի Կանադայի խոշոր գործարարներից մեկին, ում առաջարկել էի ներդրումային նման ծրագիր անել Հայաստանում: Շատ կարեւոր է նման կառույցների ակտիվ գործունեությունը մեր երկրում, քանի որ դրանք եւս առանցքային նշանակություն ունեն ներդրումային միջավայր ստեղծելու տեսանկյունից: Այդ կառույցների շնորհիվ ավելի դյուրին է դառնում նաեւ սփյուռքի հետ աշխատելը:
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: