Սույն յօդուածը գրել եմ 1999թ. եւ կարողացել եմ տպագրել տալ 16.08.2002-ին «Իրաւունքի» յաւելուած «Հետաքննութիւն»-ում՝ 16(662):
Արտատպուած է աննշան խմբագրմամբ:
Ի՞նչ ենք պատկերացնում մենք, երբ ասում կամ լսում ենք Հայաստան, Լոռի, Շիրակ, Զանգեզուր, Ջաւախք, Արցախ, Սիւնիք…
Կարդացեք նաև
Անկախացումից յետոյ միջազգային դիւանագիտական ասպարէզ դուրս գալով՝ մեր պետական այրերն ու կուսակցութիւններն այնպէս ոգեւորուեցին դիւանագիտութիւն-դիւանագիտութիւն խաղալու հնարաւորութիւնից, որ խաղի պակաս-պռատն ու մարզումները սկսեցին անցկացնել սեփական ժողովրդի հետ: Ու ժողովրդի վզին փաթաթուեց իր ինչ-որ մասերի՝ օտարածին, կեղծ եւ ստրկամիտ, այսպէս կոչուած «ինքնորոշման» իրաւունքը, եւ արդիւնքում ունենք հայաստանցի-ղարաբաղցի սարսափելի վտանգաւոր անհեթեթութիւնը: Փորձենք հաւատալ մեր քաղաքական գործիչների հայրենասիրութեանը եւ թոյլ տանք, որ արտաքին յարաբերութիւններում մեզ ներկայացնեն ինչպէս որ կ’ուզեն, ըստ իրենց խորաթափանց հայեցողութեան՝ ընդհուպ մինչեւ բակի, շէնքի, անհատի «ինքնորոշման» իրաւունքը: Գանք Հայաստան ու խօսենք մե՛ր ժողովրդի, մե՛ր իսկ շահերի տեսանկիւնից:
Դեռեւս 1988-ին համարեայ ոչ մէկս չգիտէր Հայաստանի աշխարհները (ինչպէս այսօր, օրինակ, Վասպուրականը, Գուգարքը եւ այլն), ո՛չ Արցախ անունն ու նրա սահմանները, ո՛չ Ուտիքը, ո՛չ Սիւնիքը: Յետոյ բոլորս միանգամից «իմացանք» ու առայսօր էլ ոչինչ չգիտենք: Արցախ ասելով՝ ո՞ր սահմանները, ի՞նչ նկատի ունենք: Ըստ «Աշխարհացոյցի»՝ Քաշաթաղի, Շուշիի շրջանների մի մասը մտնում է Սիւնիքի մէջ, թէպէտ մենք դրանց միեւնոյն է Արցախ ենք ասում: Հայքի աշխարհների սահմանների հարցում խճճւում է նաեւ Հայկական Սովետական Հանրագիտարանը, որը Շամշադինը «Արցախ» յօդուածում որպէս Արցախի մաս է ներկայացնում, «Ուտիք» յօդուածում՝ որպէս Ուտիքի: Պատմական Սիւնիքի սահմաններն ընդգրկել են Սեւանի գրեթէ ողջ աւազանը: Այսօրուայ հայն անտեղեակութիւնից դա նոյնիսկ չի էլ կարող պատկերացնել: Ինչպէս Արցախն ենք չհասկանալով հոմանիշ դարձրել Լեռնային Ղարաբաղին, այնպէս էլ Սիւնեաց աշխարհն ենք արհեստականօրէն փոքրացրել ու նոյնացրել Զանգեզուրի հետ: Իսկ այսպէս կոչուած «ազատագրուած» տարածքներն առհասարակ անանուն են մնացել:
Եթէ համարձակութիւն եւ անկեղծութիւն ունենանք՝ ինքներս մեզ կը խոստովանենք, որ ի վերջոյ, Հայաստան ասելով, մենք ոչ միայն յետ նուաճած Արցախը, այլեւ խորհրդային իշխանութիւնից ժառանգութիւն ստացած Զանգեզուրն ու Տաւուշն էլ չենք պատկերացնում որպէս Հայաստան: Պատկերացնում ենք միայն Երեւանը, այն էլ ոչ ամբողջութեամբ, այլ Օպերայից մինչեւ Կառավարութեան շէնք, մէկ էլ գուցէ մինչեւ Նախագահի աթոռանիստ ընկած հատուածները: Յիշենք, վերլուծենք ոչ հեռու անցեալն ու կը համոզուենք, որ դա են վկայում Ստեփանակերտի, Գորիսի, Երասխի ռմբակոծութիւնների, 1990թ. Էրեբունու դէպքերի մեր համընդհանուր ընկալումները, ինչպէս նաեւ մամուլում, հեռուստատեսութեամբ հնչող այնպիսի տխմարաբանութիւնները, ինպէս, օրինակ՝ «Վատ եղանակի պատճառով Կապանից Հայաստան եկող ճանապարհը փակուել է»: Հետաքրիր չէ՞, թէ իսկ Կապա՛նը որտեղ է: Կամ թէ, լրատուամիջոցները, պաշտօնեաներն ասում են. «Հեռաւոր Մեղրի»: Որտեղի՞ց հեռու: Եթէ Քաջարանից կամ Կովսականից, ապա այնքան էլ հեռու չէ: Դարձեա՞լ ամեն ինչ չափւում է Երեւանով: Մեզ համար հեռաւոր կարող են լինել Իսլանդիան, Պերուն, Մոզամբիկը, որոնք Հայաստանի բոլոր բնակավայրերից էլ հեռու են: Բայց Հայաստանում չի կարող լինել հեռաւոր վայր: Հայաստանն ածական չէ, որ նրա մի մասը լինի «աւելի» Հայաստան, միւսը՝ «պակաս»: Մենք պիտի հասկանա՞նք, որ Հայաստանը մէկ ամբողջութիւն է, նրա որեւէ մասը մէկ այլ մասի նկատմամբ չունի որեւէ առաւելութիւն կամ թերութիւն: Եթէ հասկանայինք սա, ապա չէինք կորցնի Արծւաշէնը, Գետաշէնը, Մարտունաշէնը:
Ցաւալի է, բայց անգամ ազատամարտիկներից ոմանք, երբ հատում էին օտարների քարտէզներով կազմուած Խորհրդային Հայաստանի (բայց ոչ բուն Հայաստանի, որը երբէք չենք էլ հատել) սահմանը, գործածում էին «թուրքի հող» արտայայտութիւնը, ոմանց վարքը, կռւի ընկալումն էր նոյնիսկ փոխւում: Հայաստանն իր ամբողջութեամբ ընկալելու զգացողութեան բացակայութիւնն էր, որ Երեւանում, տաքուկ գերագոյն խորհուրդներում ու կառավարութիւններում ծայրաստիճան անտարբերութիւն էր ծնում, երբ ռմբակոծւում էր Մարտակերտը, Վահանը, Շուռնուխը, երբ կորցնում էինք Ազատը, Կամոն, Արծւաշէնը, Շահումեանը: Ի՞նչ տարբերութիւն՝ Երեւա՞նը, թէ՞ Գորիսը, Երեւա՞նը, թէ՞ Արծւաշէնը, Երեւա՞նը, թէ՞ Շուշին: Ոչ մի: Դրանք բորլորն էլ Հայաստան են, եւ այնտե՛ղ էլ, այնտե՛ղ էլ ապրում են նոյն հայերը, եւ ցաւը պէտք է լինի բոլորի՛նս: Շամշադինցու եւ դաշտային ղարաբաղցու, կամ Աշոցքի եւ Ջաւախքի բնակիչների տարբերութիւնն այն է, որ օտարները, մեր ներսի թշնամիները նրանց բնակավայրերը քարտէզներում տարբեր գոյներով են ներկել, իսկ մենք էլ ջանք ու եռանդ չենք խնայել ու խնայում, անյապաղ ու է՛լ աւելի շատ մգացնելու այդ գոյները՝ յիմարային ընդգծուածութեամբ իրար վերագրելով «հայաստանցիութիւն», «վրաստանցիութիւն», «ադրբեջանցիութիւն», հիմա էլ՝ նաեւ «ղարաբաղցիութիւն»:
Օտարի շահերին ծառայող, ազգը պառակտող գաղափարները հանգեցրին այնպիսի անհեթեթութիւնների, որ երեւանաբնակ ջերմուկցին, ախալքալաքցին, վարդենիսցին սկսեցին զայրանալ Երեւանում բնակուող կամ պաշտօն ունենալու փորձ անող ղարաբաղցու վրայ, որ իր գիւղի ռմբակոծութիւններն անտեսող երեւանաբնակ շամշադինցին կամ զանգեզուրցին սկսեց զայրանալ իր գիւղի ճակատագրով չհետաքրքրուող ղարաբաղցու վրայ: (Սրանով ամենեւին չեմ խրախուսում կամ արդարացնում, (նոյնիսկ դատապարտում եմ) մեծ քաղաքներում հաստատուելու մոլուցքը): Բայց չէ՞ որ բոլորս էլ հայ ենք՝ Լոռուց, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Ջաւախքից: Այդ վայրերից է կազմւում մեր Հայրենիքը՝ Հայաստանը: Հայրենիքի գաղափարը չընկալողներն էին եւ ե՛ն՝ լինի Երեւանում, թէ՛ Ստեփանակերտում, Գորիսում, թէ՛ Իջեւանում, որ բոլորին, միայն թէ ո՛չ իրենց, Հայրենիքը պաշտպանելու պահանջներ էին ներկայացնում, քանի դեռ կռիւն իրենց չէր հասել, ու հասնելուն պէս՝ փախուստի էին դիմում, ու դիմում են, ու դիմելու են: Եւ Հայաստանը որպէս մէկ ամբողջութիւն ընկալող, բայց ռազմաճակատից հեռու բնակուող երեւանցիները, ապարանցիները, ախալքալաքցիները, թալինցիներն ու այլք էին եւ ե՛ն, որ պաշտպանում էին ու պաշտպանելու են Հայաստանը Արցախի, Զանգեզուրի, Վայոց Ձորի, Տաւուշի սահմաններում, ինչպէս կռւող, չփախչող արցախցին, զանգեզուրցին կը պաշտպանէր Թալինը, Երեւանը, Ախալքալաքը՝ կռւող, չփախչող տեղաբնակների հետ:
Դառնալով գրաճանաչ՝ աշխարհագրութիւն կոչուած առարկայից սերտում եւ լուռումունջ կերպով ընդունում ենք, որ Հայաստան ասուածը 29,8 հազար քառակուսի կիլոմետր է եւ վերջ: Հայկական թերթերում յաճախ կարելի է տեսնել պետականութիւն ունեցող եւ չունեցող ազգերի՝ իրենց ձգտելի պետութեան (ոչ հազւադէպ՝ մեր պատմական ու այսօրուայ տարածքների հաշւին) քարտէզները: Երբեմն զարմանում ենք, զայրանում, բայց ոչ մի հետեւութիւն էլ չենք անում: Յամառօրէն կառչել ենք օտարների կողմից մեզ առայժմ հանդուրժուած 29,8 հազար քառակուսուն եւ այլեւս ոչինչ չենք ճանաչում: Անվերջ հրատարակուող, նաեւ հեռուստատեսութեամբ ցուցադրուող բազմաթիւ քարտէզներից (մեծ մասն անգրագէտ) եւ ոչ մէկը չկայ, որ գոնէ պատմական Հայաստանի այսօրուայ հայաբնակ տարածքները մէկ քարտէզում, մէկ գոյնով, Հայաստան անուամբ ներկայացնի:
Անպայման պիտի ստորաքարշ քծնանքով, նողկալի վախկոտութեամբ «հաշւետու» լինենք մեր երեւակայական տէրերին եւ ցոյց տանք այդ «տէրերի»՝ իբր զայրոյթը մեղմող ստրկամիտ տարանջատումը՝ Հայաստան-Ղարաբաղ, ՀՀ-ԼՂՀ, Հայաստան-Արցախ եւ այլն: Մինչդեռ, եթէ նայենք անգամ ԽՍՀՄ 1927թ. քարտէզը (որն ի դէպ, Հայաստանում չկարողացայ գտնել), ապա կը տեսնենք, որ ՀԽՍՀ-ն ոչ թէ 29,8, այլ 30,948 հազար քառակուսի կիլոմետր է, որ նա կպած է ԼՂԻՄ-ին, որ Արծւաշէնը կղզիացած չէ, որ ՀԽՍՀ-ն «ցեցը կերած» չէ Ազատամուտի, Ոսկեպարի, Տիգրանաշէնի ադրբեջանական օղակներով, որ ՀԽՍՀ-ի կազմում են Ալ լճերը: (Ուշադրութիւն դարձրէք, թէ այդ նոյն քարտէզում, որտեղով է անցնում թուրք-պարսկական սահմանը): Այնպէս որ, անգամ ըստ ԽՍՀՄ քարտէզների, ասել, թէ Արծւաշէնը փոխարինել ենք մեր ներսի «ադրբեջանական» օղակներով՝ ազգին նետուած սուտ է, կեղծիք: Որեւէ պետական այր կարո՞ղ է արդեօք պատասխանել, թէ ինչպէ՞ս եղաւ, որ 30,948 հազարը արդէն 1935 թւի քարտէզում (գուցէ աւելի շուտ, այլ քարտէզ չեմ գտել) դարձաւ 29,8 հազար: Ինչո՞ւ դա չգիտենք: Այդ ժամանակահատուածում պատերազմ չի եղել: Ուրեմն, ինչպէ՞ս ենք կորցրել այդ հողակտորները: Այն ժամանակուայ ղեկավարները սրիկա՞յ են եղել, թէ՞, ներողութիւն, «հարիֆ»: Այդ «ցեցը կերած» ծակերը, Արծւաշէնի, ԼՂԻՄ-ի կտրուելը, Վարդենիսի ու Ջերմուկի միջեւ սեպի գոյացումը եւ այլն, մեր յանցագործ յիմարութեան հետեւանք են: Այլ ոճով ասած՝ մեզ քցել են, ֆռռացրել՝ մեր քթի տակից տանելով մեր հողերը: Այդ ինչպէ՞ս է, որ կորցրած տարածքի գաղափարին, 30,948 հազարից 29,8 հազար դարձած «Հայաստանին» անմիջապէս, ուղիղ եթերի արագութեամբ համակերպւում ենք, բայց մեր Հայրենիքի ազատագրուած, յետ նուաճած մի մասը, այսօրուայ փաստացի 45-46 հազար քառակուսի կիլոմետր տարածքը ոչ մի կերպ չենք կարողանում մերը համարել: Ու ամեն ինչ անում ենք «տէրերին» հաճոյանալու համար, բայց իրականում թողնում ենք տխմարի տպաւորութիւն: Թէկուզեւ ձեւականօրէն, բայց չենք յիշում «ղարաբաղա՛»-ադրբեջանական պատերազմի հետեւանքով կորցրած մեր Արծւաշէնը: Այն չի մտնում ընտրական ոչ մի տարածքի մէջ: Բնական է, կ’ասէք, չէ՞ որ այն մեր ձեռքում չէ: Բայց չէ՞ որ մեր ձեռքում են Քաշաթաղը, Քարվաճառը, Հադրութը, Մարտակերտը, Շուշին, որոնցից շատերում 1990-95-ին կային ՀՀ ԳԽ ընտրատարածքներ եւ որտեղ կայացան ՀՀ ԳԽ ընտրութիւններ՝ Հայաստանի՛ Հանրապետութեան, ոչ թէ այսպէս կոչուած ԼՂՀ: Հանգիստ, յօժարակամ կերպով հրաժարուեցինք այդ տարածքների հայկական լինելուց:
Եթէ անգամ մե՛զ համար է այս պատերազմը ոչ թէ հա՛յ-ադրբեջանական, այլ՝ «ղարաբաղա՛»-ադրբեջանական (ինչպէս դրսերում եւ ինքներս մեզ ենք ներկայացնում), ապա, դարձեալ, ո՞ւր է մե՛ր Արծւաշէնը, ինչպէ՞ս բացատրել բազում զոհերն ու աւերուած բնակավայրերը «Հայաստանի՛» տարածքում: Իսկ եթէ գիտակցում ենք, որ սա, իհարկէ, հա՛յ-ադրբեջանական պատերազմ է (հայ-թուրքական, ի վերջոյ), ապա ինչո՞ւ տէր չենք կանգնում մեր ազատագրուած հողերին, ինչո՞ւ ժողովրդի մէջ չենք ամրապնդում այդ հողերի Հայաստան լինելը: Ինչո՞ւ ենք ինքներս մեզ խաբում տարածքային զիջումներով ու «փոխզիջումներով»: Ո՞ւմ հողերի հաշւին՝ Ադրբեջանի՞, թէ՞ Հայաստանի: Իսկ 29,8 հազարով մեզ պարուրող օտարները, ասես ձեռ առնելով, տպագրում են տեսակ-տեսակ քարտէզներ, յաճախ Հայաստանի տեղում չնշելով առհասարակ ոչ մի անուն, երբեմն Նախիջեւանը ներկայացնելով ՀՀ կազմում, երբեմն էլ Թուրքիայի տիրապետութեան տակ գտնուող Հայկական լեռնաշղթայի վրայ մեծ-մեծ գրելով Հայաստան (այդ ժամանակ տխմարաբար իբր «հպարտանում ենք»): Մինչդեռ մենք Արծւաշէնի «օղակն» ենք նոյնիսկ մոռանում: Եւ դեռ հարց է. մոռանո՞ւմ ենք, թէ՞ դրա մասին գաղափար անգամ չունենք:
Ի՞նչ փաստարկի հիման վրայ ենք Երեւանը համարում Հայաստան, իսկ Քարվաճառը՝ ոչ: Դա այդպէս է, որովհետեւ դա՞ է մեր աշխարհընկալումը, թէ՞ այդպէս է, որովհետեւ «տէրերը» կը բարկանան, եթէ մենք այլ կերպ մտածենք: Ընդհանրապէս, ըստ մեր աշխարհընկալման ինչպէ՞ս են ձեւաւորւում երկրների սահմանները, մասնաւորապէս, ինչպէ՞ս, ի՞նչ հիմնաւորմամբ, ի՞նչ սկզբունքով են ձեւաւորուել Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետութեան սահմանները:
1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի՝ վերամիաւորման մասին որոշումը չեղեալ չի համարուել: ՀՀ Անկախութեան մասին Հռչակագիրը, Հանրապետութեան Նախագահ ունենալու մասին որոշումն ու ընտրութեան անցկացումը կայացուել են մի Խորհրդարանի կողմից, որն ունէր պատգամաւորներ Արցախից, այսինքն ի՛նչ, «օտար պետութիւնի՞ց», այո՞, այսինքն՝ Ադրբեջանի՞ց: Աշխարհը մեզ Արցախով հանդերձ է ճանաչել, եւ մենք կամովին ենք հրաժարուել մեր երկրի մի մասից: Ինչո՞ւ: Եւ ՀՀ-ում ապօրինաբար գոյացած կառոյցը՝ ԼՂՀ-ն, ակնյայտօրէն երես է առել որպէս «պետութիւնիկ», «պետութիւն», որի այսպէս կոչուած «ազգընտիր» նախագահին մէկ այլ երկրի նախագահ իր հրամանով նշանակեց իր երկրի վարչապետ: Էս ո՞ւմ առաջ, ի՞նչ թատրոն ենք խաղում, ո՞ւմ ենք խաբում: Արցախը Հայաստանի մարզերից մէկն է եւ վերջ:
Ի դէպ, Նախագահի մասին: Ամենեւին ցանկութիւն չունենալով անհարկիօրէն ստանձնելու Նախագահ Ռ. Քոչարեանի պաշտպանութիւնը՝ նշեմ, որ 1998-ից ի վեր շարունակ կրկնուող այն «հիմնաւորումը», թէ ներկայիս Նախագահն օրինական չէ, քանի որ վերջին 10 տարում ապրել է ոչ թէ ՀՀ-ում, այլ՝ այսպէս կոչուած ԼՂՀ-ում՝ սրիկայութիւն է: Պատմական Հայաստանի ցանկացած վայր մեզ համար պէտք է ընկալուի որպէս Հայաստան, իսկ այնտեղ բնակուող հայը՝ որպէս Հայաստանում ապրող մարդ:
Հայաստանի իշխանութիւնների, կուսակցութիւնների, լրատուամիջոցների կողմից հայ ազգին ուղղուած ցանկացած խօսք, որը կը պարունակի Հայաստան-Արցախ, Հայաստան-Ջաւախք համադասութիւններ, հայաստանցի-արցախցի, արցախեան բանակ եւ այս կարգի անջատողական, պառակտողական, ստրկամիտ արտայայտութիւններ, պէտք է արգելուի եւ դատապարտուի:
Նորից նշենք: Միջազգային ատեաններում մեր դիւանագէտները, եթէ ցանկանում են, թող նոյնիսկ թաղապետերին որպէս իրենց «անկախ», «ինքնորոշուած» համայնքների պրեզիդենտներ ներկայացնեն: Իսկ Հայաստանում կարող է լինել մէկ Նախագահ, մէկ Վարչապետ: Այսպէս կոչուած ԼՂՀ «նախագահը» Հայաստանում պէտք է լինի Արցախի մարզպետ, «կառավարութիւնը»՝ մարզպետարան. «նախարարները»՝ բաժնի վարիչներ կամ այդ կարգի ինչ-որ բաներ:
Լեզուի մասով ՀՀ գործադիր իշխանութիւնն իրականացնող մարմինը պէտք է յստակօրէն սահմանի, թէ ի՞նչ ասել է Հայաստան, նրա մասերը, թէ դրանք Հայաստան անուան հետ ինչ ստորադասութեամբ պիտի գործածուեն ՀՀ բոլոր պաշտօնեաների, կուսակցութիւնների, հասարակական կազմակերպութիւնների, լրատուամիջոցների կողմից: Քարտէզաստեղծ աշխատանքի խանդավառներին պէտք է պարտադրել, որ իրենց քարտէզներում Հայաստանը որպէս մէկ ամբողջութիւն (առանց տարանջատման, Հայաստան անուամբ) ներկայացնեն առնուազն մեր բանակի հսկողութեան տակ գտնուող տարածքների սահմաններում: Մենք պիտի բոլորիս հոգեբանութեան մէջ հաստատենք ոչ միայն եղած, այլեւ յետ բերելիք տարածքների Հայաստան լինելը: Դա շատ աւելի կարեւոր է, քան թէ քոնը լինի, բայց դա չզգաս, չգիտակցես, առաւել եւս՝ գիտակցաբար օտարես: Հայը, որ Արարատ լեռը, Կարսը, Վանը համոզուած կերպով Հայաստան չի համարում, դրանց տէրը երբէք չի լինի, եւ շատ արագ կը կորցնի դրանք (այսօրուայ ունեցածն էլ), եթէ անգամ նուէր տաս:
Տիգրան Մոսինեան