Օրերս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» տեսակոնֆերանսում: Չեմ անդրադառնա ամբողջ ելույթին, որտեղ կային նաեւ տեղին արված շեշտադրումներ:
Առանձնացնեմ մի միտք, որին պիտի հակադարձեմ՝ ոչ թե ինչ-որ մեկին քննադատելու եւ արդարացնելու համար, այլ մեթոդաբանական սխալը ցույց տալու նպատակով՝ սխալ, որն, իմ կարծիքով, գործում են շատերը թե՛ կենցաղային, թե՛ ակադեմիական եւ թե՛ գործնական քաղաքական մակարդակով: Վերջին մակարդակն ուղղակի կապ ունի հայաստանյան «նախկինների» մտածելակերպի հետ:
Իր ելույթում Սարգսյանը նշում է, որ «արտաքին ուժերը» «երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց (այսինքն՝ «ներկաներին») իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով»: Հավանաբար, խոսքը ամերիկացի քաղաքագետ Ջին Շարփի՝ դեռեւս 1970-ական թվականներին մշակած «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների մասին է: Որ նման տեխնոլոգիաներ կիրառվել են՝ կասկածից վեր է: Որ Փաշինյանի ղեկավարած շարժումն ունեցել է նման խորհրդատուներ (որոնք կարող էին, ի դեպ, լինել ցանկացած երկրի քաղաքացի՝ նաեւ ռուսներ)՝ դրանում ես նույնպես վստահ եմ: Առաջին անգամ ես դա զգացի «ՊՊԾ գնդի գրավման» օրերին, երբ Փաշինյանն անցկացնում էր «բաց ձեռքերի» հանրահավաքներ: Բայց այդ ամենի ազդեցությունն իրադարձությունների վրա, իմ կարծիքով, 2-3 տոկոս է: Եկեք մտավոր փորձ կատարենք եւ ենթադրենք, որ հիմա ՀՀԿ-ն կվարձի նման կամ անգամ ավելի որակյալ մասնագետներ ու փորձի հեղափոխություն անել: Կստացվի՞:
Նախ՝ երբ խոսվում է «արտաքին ուժերի» եւ «որոշակի նպատակների» մասին, պետք է հստակեցվի՝ որ ուժերի մասին է խոսքը՝ ԱՄՆ-ի՞, ԵՄ-ի երկրների՞, Ռուսաստանի՞, Թուրքիայի՞, Ադրբեջանի՞: Դա լուրջ ապացույցների կարիք ունի՝ ապացուցել կարելի է միայն փաստեր նշելով, եւ ոչ թե այսօրվա իրավիճակից դեպի ենթադրական պատճառները «ռեդուկցիա» կատարելով: Այլ կերպ ասած, «ովքե՞ր են շահել» հարցը չի կարելի փոխարինել «ի՞նչն էր պատճառը» հարցով:
Կարդացեք նաև
Սակայն, եթե անգամ նման փաստեր կան, միեւնույն է՝ պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած, նույնիսկ մեզ նման փոքր եւ աղքատ երկրում կարեւոր իրադարձությունները տեղի են ունենում գերազանցապես ՆԵՐՔԻՆ, ոչ թե արտաքին պատճառներով: Տեղի սղության պատճառով բերեմ մեկ օրինակ. ռուսաստանյան այսօրվա քաղաքական դիսկուրսում ընդունված թեզ կա. մասոնները (Կերենսկու գլխավորությամբ), ինչպես նաեւ բոլշեւիկները գերմանական լրտեսներ էին, եւ Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի հակառակորդը՝ Գերմանիան, նրանց ուղարկել էր երկիրը քանդելու նպատակով: Դա նշանակում է հրաժարվել լուրջ վերլուծությունից եւ չփորձել հասկանալ իրադարձությունների շատ ավելի կարեւոր ներքին խթանները՝ մասնավորապես, «խաղաղություն՝ ժողովուրդներին» եւ «հողը՝ գյուղացիներին» բոլշեւիկյան կարգախոսների ձգողական ուժը: 2018 թվականի հեղափոխությունը ինչ-որ «արտաքին մութ ուժերով» բացատրելը նույնն է: Թեեւ այդ մոտեցումը «նախկիններին» ձեռնտու է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արտաքին ուժերը’ դրանք առանձին պետություններ չեն, արտաքին ուժերը վերպետական կառույցներ են, որոնք օգտվելով, որ չունեն ոչ մի մրցակից վերպետական կառույց, հեշտությամբ մանիպուլացնում են պետություններին իրենց ժողովուրդներով: Եթե պետություններն իրենց ժողովուրդներով այնքան գրագետ լինեին, որ կարողանային ռազմավարական դաշինք ձեւավորել իրար հետ եւ ստեղծել իրենց վերպետական կառույցը, որն էր կդառնար այսօրվա մասնավոր վերպետական կառույցի մրցակիցը, այդ ժամանակ նրանք կլինեին շախմատի ֆիգուրներով խաղացող եւ ոչ թե շախմատի ֆիգուրներ’ ինչպես այսօր, որտեղ մեկը թագավոր է, մյուսը զինվոր, մեկը սեւ է, մյուսը սպիտակ: Հեռու չգնանք, պետության կառույցները’ օրինակ Առողջապահության պետական կառույցը դարձել է ՄԱԿի Առողջապահության համաշխարհային կազմակերպության լուռ կամակատարը’ սրանի՞ց էլ լավ ֆիգուր, իսկ այդ վերպետական կառույցը ֆինանսավորում են այդ թվում նաեւ մասնավոր կազմակերպությունները, էլ պետությունս ո՞ւմ է պետք, այդ մասնավոր ուժերը վաղը կստեղծեն Համաշխարհային զինված ուժեր’ ֆիգուր դարձնելով պետությունների ազգային բանակները, մեր բանակը վերջին պատերազմում իր ունակությունների քանի՞ տոկոսն կիրառեց, էս խելառ իշխանություն ընդդիմությունը որքանո՞վ են ինքնուրույն, նույն լուռ կամակատարներ են եւ ոչ թե ինչ որ չար պետությունների, այլ այդ վերպետական կառույցի ֆիգուրներն են: Չէ, մալադեց իրանց, որ ֆիգուր խաղացնող են, բա մե՞նք երբ պետք է հասունանք ու մենք էլ ֆիգուրից ֆիգուր խաղացնող դառնանք, թե մեր երազանքն է զինվոր ֆիգուրից Ամերիկայի նման թագավոր ֆիգուր դառնալ: Եկեք միավորվենք, մեր հայ ազգային բնազդով միավորվենք, առաջնայինը երկրորդ տասներորդականից տարբերենք, ինչքան շատ տարաձայնություններ ունենանք երկու գումարած երկու խնդրի շուրջ, այնքան մենք շատ հաց ու պանիր պետք է ուտենք ֆիգուր խաղացնող դառնալու համար: Իսկ մենք խելոք ուժեղ ազգ ենք, եթե մենք մեր միջի հայի բնազդով շարժվենք: Առաջին քայլը’ եթե հոգեբույժ ու քաղաքագետ չես, հեռուստացույց մի նայիր եւ մոտիկներիդ հորդորիր հեռուստացույց չնայեն, հեռուստացույցը ֆիգուրների համար է այսօր գործում: