Հազվադեպ է պատահում, երբ մի գործով Սահմանադրական դատարանի երեք դատավորներ միաժամանակ ունենում են Հատուկ կարծիք:
Այդպես պատահեց նոյեմբերի 2-ին:
Ինչպես գիտեք, հանրապետության նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Հանրության շրջանում այդ գործը հայտնի է «Օնիկ Գասպարյանի գործ» անունով:
Ըստ դիմումատու նախագահի՝ առկա օրենսդրական իրավակարգավորումները բավարար չափով որոշակի, ընկալելի եւ կանխատեսելի չեն, քանզի չեն ամրագրում հիշյալ պաշտոնատար անձին պաշտոնից ազատման կոնկրետ դեպքերը, իսկ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանելով, որ գլխավոր շտաբի պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը՝ «օրենքով սահմանված ժամկետով», չի նախատեսում պաշտոնավարման այդ ժամկետը չլրացած գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավական հնարավորություն: Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելու դեպքերը (հիմքերը), մինչդեռ հիշյալ հոդվածում կատարված փոփոխությունների արդյունքում այն լրացվել է վիճահարույց 3-րդ մասով, որի համաձայն, ըստ դիմողի՝ «բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել սոսկ քաղաքական հայեցողությամբ՝ առանց պաշտոնից ազատման՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության»: Հղում կատարելով Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին եւ «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին՝ դիմողը նշել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման ժամկետը, Սահմանադրության համաձայն, պետք է լինի որոշակի, իսկ օրենսդիրը, հստակեցնելով սահմանադրական այս պահանջը, ամրագրել է պաշտոնավարման հնգամյա ժամկետ:
Հիշեցնեմ, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2017 թ. նոյեմբերի 15-ին, հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ին եւ ուժի մեջ է մտել 2017 թվականի դեկտեմբերի 16-ից: Օրենքի՝ «Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»: Օրենքի վիճարկվող դրույթը՝ 40-րդ հոդվածի 3-րդ մասը, օրենքում լրացվել է 2018 թվականի հունիսի 21-ին ընդունված եւ նույն թվականի հուլիսի 9-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-344-Ն օրենքով:
Կարդացեք նաև
Նիստը նախագահողը տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Հ. Թովմասյանը, Ա. Խաչատրյանը, Ա. Պետրոսյանը ներկայացնելու են Հատուկ կարծիքներ: Ինչպես խոստացել էի, հատուկ կարծիքներին անդրադառնալու էի, երբ դրանք տեղադրվեին Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում, ինչն այն ժամանակ բացակայում էր («Առավոտ» օրաթերթ 10.11.2021):
Ըստ Հ. Թովմասյանի եւ Ա. Պետրոսյանի հատուկ կարծիքի՝ «ՍԴ որոշման մեջ տեղ են գտել այնպիսի դատողություններ, գնահատականներ, որոնք բնութագրական չեն Սահմանադրական դատարանի որոշումներին, ստեղծում են զինված ուժերի կողմից քաղաքական, հակաժողովրդավարական գործունեությամբ զբաղվելու կարծեցյալ ձգտումների, ինչպես նաեւ սույն գործով վեճի առարկայի հետ խիստ ընդհանրական առնչություն ունեցող, այլընտրանքային տեսական եւ քվազիփիլիսոփայական ուղղվածության տպավորություն, ունեն ներքին հակասություններ, չեն գտնվում սահմանադրական, անգամ օրենսդրական կարգավորումներից բխող իրավական հասկացությունների տիրույթում»:
ՍԴ դատավորների հատուկ կարծիքում հնչում են հարցադրումներ, այն է՝ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի ազատման հարցում տարբերակված մոտեցում կա՞, արդյոք ազատումը հետապնդո՞ւմ է իրավաչափ նպատակ, թե՝ խտրական է:
Դատավորները հղում են կատարում Սահմանադրության տարբեր հոդվածներին, վերահաստատելով այն, որ Սահմանադրությամբ սահմանվում են զինված ուժերի սահմանադրական կարգավիճակի հիմքերը, եւ սահմանադրական գործառույթները, այսինքն՝ սահմանվում է զինված ուժերի գոյության կառուցակարգային երաշխիքը: Նրա կարծիքով, վիճարկվող նորմով խախտվում է Սահմանադրությամբ երաշխավորված՝ զինված ուժերի քաղաքական չեզոքության պահանջը, քանի որ նրանց պաշտոնավարումը կախվածության մեջ է դնում գործող քաղաքական իշխանության նկատմամբ լոյալությունից. «Սահմանադրության 155 հոդվածի 3-րդ մասի բվանդակային ծանրաբեռնվածության ամբողջ իմաստը հենց այն է, որ գլխավոր շտաբի պետի պարագայում պաշտոնանկության համար բացառվի որեւէ քաղաքական հայեցողություն»:
ՍԴ դատավորների դիտարկմամբ, զինվորական ծառայության համար՝ որպես հանրային ծառայության հատուկ տեսակի, սահմանադրական կարգավորումներն այս իմաստով առանձնահատկություններ չեն սահմանում, ուստի ՍԴ վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները հավասարապես տարածվում են զինվորական ծառայության վրա:
ՍԴ դատավոր Ա. Խաչատրյանի հատուկ կարծիքը որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ է: Ինչպես ինքն է ասում՝ ներկայացրել է դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում: Նրա հարցադրումներից մեկն այն է, թե արդյոք զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո սահմանելու կարգավորման տրամաբանության մեջ համահունչ է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը ազատելու դեպքերի ու կարգի շրջանակում զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հիմքերի մասով բացառություն չնախատեսելուն: Արդյոք վիճարկվող դրույթում առկա է իրավաչափ նպատակ, «օրենքով սահմանված ժամկետով» զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի ազատման, գլխավոր շտաբի պետին պշտոնից ազատման տարբերակված մոտեցման մասով. «Կարծում եմ, վիճարկվող դրույթը չպետք է ընկալվեր ավելի նեղ իմաստով, մասնավորապես, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատելու հայեցողությունը պայմանավորելով «ռազմաքաղաքական բարձրագույն հրամանատարության ռազմական նպատակահարմարությունով»: Ըստ նրա՝ այսպիսի մեկնաբանությունը Սահմանադրության մի շարք հոդվածների տարընբռնման կհանգենցնի: Հատուկ կարծիքի համաձայն, ՍԴ-ն իր որոշման պատճառաբանական մասի շրջանակում պետք է գնահատեր վիճարկվող դրույթի իրավակիրառական պրակտիկան, անհրաժեշտ էր իրավական դիրքորոշման շրջանակում կատարել հետեւյալ շեշտադրումը, որ մինչեւ Ազգային ժողովի կողմից օրենսդրական կարգավորումներում համապատասխան հստակեցումներ կատարելը՝ օրենքով սահմանված ժամկետով սահմանադրական պահանջի համատեքստում, պաշտոնավարման ժամկետը չլրացած նույն պաշտոնատար անձին վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահի կողմից այդ պաշտոնից ազատելու պրակտիկան պետք է առաջնորդվեր այն տրամաբանությամբ, որ այդ ակտը պետք է լիներ պատճառաբանված, ինչի պարագայում միայն հնարավոր կլիներ իրականացնել պաշտոնազրկումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներս տարիներ առաջ երազում էինք, որպեսզի հրապարակայնացվեն դատավորների հատուկ կարծիքները: Դրանք փակ էին, անհասանելի: ՍԴ-ն այս առումով ուշագրավ վիճակագրություն ունի. հազվադեպ են լինում այն գործերը, երբ հատուկ կարծիք հայտնող դատավոր չլինի: Տարեվերջին կամփոփենք տարվա հատուկ կարծիքները:
«Առավոտ» օրաթերթ
02.12.2021