Լրահոս
Օրվա լրահոսը

«…Իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է»

Դեկտեմբեր 03,2021 13:00

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հեղինակի՝ Ստաս Նամինի ներկայությամբ հնչեցրեց մեր լեգենդար արվեստագետ հայրենակցի երկու ստեղծագործությունները՝ «Աշունը Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը եւ Սիմֆոնիա Centuria S-QUARK-ը։ Երեկոն նվիրված էր Ստաս Նամինի (Անաստաս Ալեքսեյի Միկոյան) ծննդյան 70-ամյակին։

Ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր արվեստագետը առաջինն էր, որը 1980-ականների կեսերից սկսած Մոսկվայում հիմնեց տասնյակ մասնավոր մշակութային կառույցներ։ Բայց այդ մասին՝ փոքր-ինչ հետո։ Իսկ հիմա վերադառնանք հոբելյանական երեկոյին, ավելի ճիշտ՝ երեկոյի ավարտին, երբ «Առավոտը» կուլիսներում սպասում էր մաեստրոյին։ Երբ հոբելյարը հանդիսատեսի ծափողջույնների ու բրավոների տարափի ներքո մանկանը հատուկ հուզմունքով եկավ կուլիսներ, չսպասելով նույնիսկ մեր ներկայանալուն, բարձրաձայնեց, թե իր համար մեծ պատիվ է, որ ֆիլհարմոնիկը մի ամբողջ համերգ նվիրեց իրեն. «Գիտե՞ք, միջազգային մակարդակի հրաշալի նվագախումբ է, բոլոր երաժիշտները սքանչելի են, իսկ Էդուարդը՝ հրաշագործ։ Ուրախ եմ, որ 35 տարվա լռությունից հետո Հայաստանում սկսել են հետաքրքրվել իմ արվեստով։ Իսկ ինձ համար հենց դա է ամենամեծ պարգեւը, այլ ոչ թե մեդալներն ու պատվոգրերը։ Ամենամեծ պարգեւը ժողովրդի սերն ու ջերմ վերաբերմունքն է, մնացած ամեն ինչ երկրորդական է…»։

Մինչ կուլիսային շնորհավորանքների սկսվելը հասցրինք կեսկատակ-կեսլուրջ դիմել մաեստրոյին. 8 մասից բաղկացած «Աշունը Պետերբուրգում» սյուիտը կարելի էր վերնագրել «Աշունը Երեւանում», մանավանդ որ, երաժշտության ձեր առաջին դասատու Առնո Բաբաջանյանի հետ աշնանային օրեր եք անցկացրել Երեւանում, Դիլիջանում՝ շրջապատված լինելով հայ կոմպոզիտորական դպրոցի այնպիսի մեծություններով, ինչպիսիք են Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը եւ այլն։ «Դա վաղուց էր, Հայաստանը մշտապես «ուղեկցել» է ինձ ստեղծագործական ճանապարհին։ Ես տարված էի էթնիկական երաժշտությամբ։ Թողարկեցի հեղինակային «One World Music Freedom» ալբոմը՝ Հայաստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Պաղեստինի, Մեծ Բրիտանիայի եւ Աֆրիկայի երաժիշտների մասնակցությամբ։ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում չորս, թե հինգ տարի առաջ կայացավ իմ գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը ժամանակ անց տեղափոխվեց Մոսկվայում հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարան։ Ի վերջո, որդուս՝ ռեժիսոր եւ օպերատոր Արտյոմի հետ նկարել ենք «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմը եւ այլն, եւ այլն։ Բոլորը այս պահին չեմ կարող մտաբերել»,- ասաց արվեստագետը։ Դրանից հետո նա ֆիլհարմոնիկ նվագախմբի հուշամատյանում գրառում արեց, րոպեներ առաջ մեզ հայտնած կարծիքը թղթին հանձնելով՝ «Միջազգային մակարդակի հրաշալի նվագախումբ է, բոլոր երաժիշտները սքանչելի են, իսկ Էդուարդը՝ հրաշագործ» (լուսանկարում)։

Իսկ հիմա թվարկենք Ստաս Նամինի հիմնած տասնյակ մասնավոր մշակութային կառույցները. ձայնագրման ստուդիա, համերգային գործակալություն, դիզայն ստուդիա, մոդելային գործակալություն, նորաձեւության թատրոն, ռադիոկայան, հեռուստաընկերություն… Այստեղից կարելի է գալ մեկ եզրակացության. թվարկածները կոտրել են պետական մենաշնորհն ու ռուսական շոու-բիզնեսի հիմքը դրել։ Ստաս Նամինն էր, որ Մոսկվայում ստեղծեց առաջին մյուզիքլի թատրոնը, Մոսկվայի առաջին ոչ պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Ընդ որում, այն 2001 թվականից ղեկավարել է Օհան Դուրյանը։ Ինչքան էլ փորձենք սեղմ ներկայացնել մեր հայրենակցի գործունեությունը, անհնար է շրջանցել եւ եւս մեկ անգամ չբարձրաձայնել, որ 1986թ. Ստաս Նամինի խումբը Խորհրդային Միությունից առաջին ռոք խումբն էր, որը 45-օրյա շրջագայության մեկնեց ԱՄՆ եւ Կանադա։ Իսկ Նամինը արդեն 1960-ականներին ստեղծել էր իր ռոք խմբերը՝ «Чародей», «Политбюро», «Цветы»։ Իսկ 1977թ., երբ ստեղծվեց Ստաս Նամինի խումբը, նա հանդես եկավ ոչ միայն որպես երաժիշտ, այլ նաեւ մենեջեր եւ պրոդյուսեր։ Խմբի թողարկած ձայնասկավառակների թիվը անցնում է 40 միլիոնը։

Թեեւ Ստաս Նամինը հոր՝ գեներալ-լեյտենանտ, վաստակավոր ռազմական օդաչու Ալեքսեյ Միկոյանի հորդորով է շարունակել ընտանեկան ավանդույթը՝ դառնալով Մոսկվայի Սուվորովյան ռազմական ուսումնարանի ուսանող, սակայն երաժշտության եւ արվեստի նկատմամբ սերն ավելի ուժեղ է գտնվել, որը նրա մեջ սերմանել է մայրը՝ Նամի Հարությունյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Ստաս Նամինով միայն հպարտանալ կարելի է………

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031