Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի խորհրդավոր լռությունը

Դեկտեմբեր 03,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Նա կո՞ղմ է, որ ՀՀ իշխանություններն այսօր Ադրբեջանի հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնեն

Հայաստանի գործող իշխանությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրները կարգավորելու, տրանսպորտային, հաղորդակցական ուղիները ապաշրջափակելու վերաբերյալ ներկայացրել է իր դիրքորոշումները, եւ բնական է, որ հայաստանյան իրականությունում այդ մոտեցումները քննադատվում են, հարցեր են հնչեցվում:

Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը, որի ներկայացուցիչներն ու կողմնակիցները պարբերաբար նշում են, թե՝ «իշխանությունը երկիրը տանում է կործանման», կամ «Հայաստանը սպառնալիքի տակ է», կամ «այսպես շարունակվի՝ թշնամին Երեւան էլ կմտնի…» եւ այլն, իշխանության ներկայիս գծին հակադրվելու հարցում, մեղմ ասած, անհասկանալի կեցվածք են որդեգրել:

Այսպես, Սոչիի՝ Պուտին- Փաշինյան-Ալիեւ եռակողմ բանակցություններից մեկ օր առաջ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ՝ սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով: ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընթերցեց ԱԺ հայտարարության նախագիծը՝ սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ, որում ասվում էր. «ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը, կամ այն գործադրելու իրավական սպառնալիքները, Ադրբեջանի կողմից նաեւ ռազմական գործողությունների դադարումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները»:

Ուշադրություն դարձրեք՝ խոսվում է Ադրբեջանի գործողությունների մասին, դատապարտվում է Ադրբեջանը, ինչը իհարկե՝ կարեւոր դիրքորոշում է: Ապա` հավելում են. «Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ-ի եւ Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով, այդ տարածքներում բնակվող խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում սրբավայրերի ու պատմական հուշարձաններ հանդիսացող եկեղեցական կառույցների սրբապղծմամբ: Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, նոր սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջեւ միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով, ՄԱԿ-ի միջազգային պայմանագրի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, առ ոչինչ է ուժի սպառնալիքի կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն»:

Հայտարարության տեքստում նաեւ նշվում է, որ Արցախի ժողովրդի պատմական տարածքում ինքնորոշման իրավունքը եւ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հասնելու գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Նաեւ ընդգծվում էր, որ ՀՀ տարածքների փոփոխության վերաբերյալ հարցերը որոշվում են բացառապես հանրաքվեով, Ադրբեջանն իր սահմանադրությամբ չի ընդունել, որ հանդիսանում է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդ, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Հայաստանը չունի որեւէ միջազգային պարտավորություն՝ հիմք ընդունելու որեւէ քարտեզով արձանագրված սահմանները: ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ, այդ թվում՝ գործադիրի ղեկավարը կամ որեւէ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի եւ ՀՀ-ին վերաբերող վերը նշված իրավական եւ քաղաքական նորմերը: Այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է»,- ասվում էր հայտարարության մեջ, որը ընթերցել էր Իշխան Սաղաթելյանը:

Այնուհետեւ, հայտարարությամբ ԱԺ-ն պահանջում էր՝ զերծ մնալ բանակցություններից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջները եւ հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրում: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանը եւ սահմանագծմանը, այստեղ շատ հետաքրքիր կեցվածք ընդունեց «Հայաստան» դաշինքը: Ըստ խորհրդարանական ընդդիմության՝ սահմանազատման եւ սահմանագծման հարցը որեւէ կերպ չպետք է չսահմանազատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից:

Այսինքն, «Հայաստան» դաշինքը դեմ չէ սահմանազատմանը եւ սահմանագծմանն այսօրվա իրողությունների պայմաններում, պարզապես համարում է, որ դա չպետք է տարանջատել ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից: Ուշագրավ է, որ իշխանությունն էլ է հանդես գալիս նույն դիրքորոշմամբ եւ այդ գծով էլ առաջ է շարժվում, քանի որ պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը, բայց եւ ԼՂ-ի կարգավիճակը պետք է հստակեցվի ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափի գործունեության շրջանակներում:

Խորհրդարանական ընդդիմությունը ընդամենը խնդիր է տեսնում, որպեսզի այս երկու հարցերը չպետք է անջատել միմյանցից, այսինքն՝ կողմ է, որ Փաշինյանն, այսպես ասած՝ փաթեթով քննարկի ե՛ւ սահմանազատման ու սահմանագծման հարցերը, ե՛ւ ԼՂ-ի կարգավիճակի հարցը:
Եվ որպես ամփոփում՝ ՀՀ ԱԺ-ն կոչ էր արել միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին դատապարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ, նշել էր Ի. Սաղաթելյանը՝ հորդորելով լսումների մասնակիցներին ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Իհարկե, այդ օրը հնչած ելույթներում հնչել էին առաջարկություններ, սակայն, համենայնդեպս, մամուլի համար վերջնական հայտարարություն չտարածվեց, այդպես էլ անհայտ մնաց, թե հայտարարության նախագծում ինչ փոփոխություններ արվեցին եւ ինչ վերջնական տեսք ունեցավ հայտարարությունը:

Այնուամենայնիվ, Սաղաթելյանի ներկայացրած նախագիծն էլ արդեն խոսուն վկայություն էր այն բանի, որ ԱԺ-ում ամենաշատ ընդդիմադիր մանդատներ ունեցող խմբակցությունն առավելապես Ադրբեջանին է պահանջներ ներկայացնում, իսկ իշխանություններից չի պահանջում Թուրքիայի ու Ադրբեջանի զավթողական, ագրեսիվ այսօրվա քաղաքականության պայմաններում դադարեցնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, քանի դեռ Բաքուն չի կատարել ստանձնած պարտավորությունները իր իսկ ստորագրած փաստաթղթերով:

Նույն օրը ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը հիմնական զեկուցողն էր, իշխանությանը մեղադրելով պատերազմում պարտության տանելու մեջ, Արցախի ժողովրդին՝ աշխարհագրական անկլավային վիճակում թողնելու եւ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու մեջ, բայց ինչ-որ առումով, կարծես, մեղադրանքը թեթեւացրեց՝ հավելելով. «Չգիտակցելով, որ ինչ-որ պահի սահմանների ճշտում պետք է իրականացվի, անտեսելով մեր աշխարհագրական առավելությունները, մարտական գործողությունները կանգնեցնելուց հետո, առանց հիմքի, իրավական նորմերի, քարտեզների, հատուկ բացատրագրերի, Արցախը Հայաստանին միացնող կարեւորագույն ռազմավարական տարածքները, սահմանային կարեւոր կետերը, ճանապարհները հանձնեցին հակառակորդին՝ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներին գցելով Ադրբեջանի կողմից մեզ վրա անընդհատ ճնշման ճիրանները»:

Սեյրան Օհանյանն այսքանն արձանագրելուց հետո այնուհետեւ շարունակում է, որ Հայաստանի իշխանությունները, փոխանակ հանրությանը համախմբելու քայլեր ձեռնարկեին, հանդես են գալիս խաղաղության դարաշրջան բացելու կեղծ օրակարգով: Ապա` նա շատ հստակ հավելում է, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանը եւ սահմանների ճշգրտմանը, բայց՝ «ոչ առանց համապատասխան պայմանների, ժամանակավրեպ՝ ի հաշիվ Հայաստանի եւ Արցախի շահերի կորստի»: Այսինքն, կրկին հնարավոր սահմանազատման եւ սահմանագծման հետեւանքով Սյունիքի կորուստը խորհրդարանական ընդդիմությունը սպառնալիք չի համարում: Ս. Օհանյանն էլ իր հերթին հավելում է, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ իրականացնելիս պետք է բացառել Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում, այսինքն՝ թող իրականացնեն սահմանազատում եւ սահմանագծում, բայց ԼՂ-ն ունենա կարգավիճակ:

Իսկ ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկմանը՝ Ս. Օհանյանը հստակ շեշտեց, որ կողմ են դրան. «Բայց ոչ ի հաշիվ մեր երկրի անվտանգության ապահովման եւ ինքնիշխանության մակարդակի նվազեցման: Թուրք-ադրբեջանական նախապայմաններն անընդունելի են: Իսկ մենք տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունները կատարում են այդ թելադրանքները: Պաշտոնական Երեւանից հնչող մուրացկանային խաղաղասիրության կոչերը ավելի են գրգռում թշնամու ախորժակն ու առաջացնում նոր խնդիրներ: Նորություն չէ, որ սահմանագծումն ու սահմանազատումը այս օրերին տեղի է ունենում ամենաստոր ձեւով՝ հայ զինվորի արյան միջոցով: Նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը դրա ապացույցն է»:

Հիմա հարց, եթե՝ «թուրք-ադրբեջանական նախապայմաններն անընդունելի են» ու «մեր երկրի իշխանությունները կատարում են այդ թելադրանքները», ինչպե՞ս է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը մեղադրանքները ուղղում Ադրբեջանին, բայց ընդունելի համարում, որ իշխանությունը սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ իրականացնի Բաքվի հետ, ի՞նչ տրամաբանությամբ է հորդորում իշխանությանը՝ հաշվի առնել Արցախի կարգավիճակի հարցը ու չտարանջատել այն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներից:

Խորհրդարանական խմբակցության կողմից այս լղոզված դիրքորոշումն, իրականում, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը չի բացառում, թեեւ ընդդիմադիրները քննադատում են իշխանությունների քայլերը 44-օրյա պատերազմի ընթացքում, նրանց մեղադրում են, ըստ էության՝ «ադրբեջանական թելադրանքով» գործելու մեջ: Այդ դեպքում՝ Բաքվի սանձարձակ պահվածքի պայմաններում Հայաստանն արժե՞, որ հիմա գնա սահմանազատման եւ սահմանագծման:

Ի դեպ, Հայաստան պետության համար այս կարեւորագույն հարցի վերաբերյալ հետաքրքիր է իմանալ ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը. նա կո՞ղմ է, որ Հայաստանի իշխանություններն այսօր գնան սահմանազատման եւ սահմանագծման Ադրբեջանի հետ: Սոչիի եռակողմ բանակցություններից մեկ օր առաջ կազմակերպված լսումներով իշխանությունների հասցեին քննադատական ելույթներով ԱԺ ամբիոնից հանդես գալը բոլորովին էլ չի ազատում Քոչարյանին սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում իշխանությանն անուղղակիորեն պաշտպանելու պատասխանատվությունից:

Նման կեցվածքով՝ Քոչարյանի ղեկավարած շարժումը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի աղետաբեր հետեւանքների ողջ պատասխանատվությունը կիսելու է իշխանության հետ, եթե հստակ չի պահանջում իշխանությունից դադարեցնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը:

Մեջբերենք նոյեմբերի 8-ին «Ազատության» հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանի ելույթից մի հատված. «Պատկերացրեք, որ այդ սահմանազատումն իրականացնելուց հետո Ադրբեջանը ստանալու է լեգիտիմ իրավունք, որ երբ ուզի՝ ցանկացած պահի ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին կդնի սահմանապահների, մաքսային կետ ու ամբողջությամբ կվերահսկի ողջ շարժը։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր Գորիս-Կապան ճանապարհին է։ Ոչ մեկը չի խանգարի նրան, որովհետեւ դա կլինի օրինական քայլ։ Ուրեմն՝ բացառվում է հիմա թույլատրել փաստաթուղթ ստորագրել եւ մի գործընթաց սկսել, որով կանխորոշվելու է Արցախի կարգավիճակը եւ ամրապնդվելու է կապիտուլյացիան։ Այս ռիսկերը չեզոքացնելու համար կա մեկ ճանապարհ՝ Արցախը ՀՀ-ին կապող միջանցքը, անվտանգային հարցերը ձեւակերպել մեկ փաթեթով։ Այլ ճանապարհը կործանարար է լինելու Արցախի եւ ՀՀ-ի համար»։

Այսինքն, եթե Արցախը ՀՀ-ին կապող միջանցքի ու անվտանգային հարցերը իշխանությունները մեկ փաթեթով քննարկեն՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը կործանարա՞ր չի Հայաստանի ու Արցախի համար: Հավելենք նաեւ, որ նույն օրը՝ նոյեմբերի 8-ին, «Հայաստան» դաշինքի տարածած ամփոփիչ հայտարարության մեջ որեւէ խոսք չկա սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031