Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապիտան Գեղամ Մեսրոպյանն ասում էր՝ գնալու ենք մինչեւ Բաքու

Դեկտեմբեր 03,2021 12:30

Բայց, ցավոք, 4 ընկերներ զոհվեցին նույն արկի պայթյունից

Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած կապիտան Գեղամ Մեսրոպյանը ծնվել է 1991 թվականին Արմավիրի մարզի Ամասիա գյուղում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում եւ ստացել լեյտենանտի կոչում։ Հետո ծառայության է անցել Արցախի Մարտունու շրջանի զորամասերից մեկում։

Գեղամի կինը՝ Հռիփսիմեն, պատմում է. «Մենք դեռ դպրոցական տարիքից սիրել ենք իրար: Երկուսս էլ ծնվել ենք նույն գյուղում, սովորել նույն գյուղի դպրոցում։ Հետո Գեղամն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Մենք նշանվեցինք, երկու ամիս անց էլ ամուսնացանք։ Ամուսնությունից հետո միանգամից տեղափոխվեցինք Արցախ»:

Ծառայակից ընկերները պատմում են, որ ծառայության մեջ շատ խստապահանջ էր Գեղամը, բայց միեւնույն ժամանակ շատ հոգատար իր զինվորների հանդեպ։

Գեղամը կնոջը միշտ ասել է. «Ես տղաներիս մեջ տարբերություն չեմ դնում։ Բոլորին շատ եմ սիրում եւ բոլորի հանդեպ պարտավոր եմ հոգատար լինել, որովհետեւ ծնողներն իրենց որդիներին երկու տարով ինձ են վստահել»։

Հռիփսիմեն կարոտով, հպարտությամբ ու միեւնույն ժամանակ հիացմունքով է պատմում Գեղամի մասին. «Մարդկային բարձր արժեքներ ուներ Գեղամս։ Շատ լավատես էր, իր լավատեսությամբ շատ խնդիրներ ենք հաղթահարել։ Մենք շատ նպատակներ ունեինք՝ մեր երկու տղաների հետ կապված: Ինքս ինձ խոստացել եմ՝ ոչ մեկը կիսատ չեմ թողնելու»։

Գեղամը ծառայել է ինը տարի եւ այդ ինը տարիների ընթացքում գրեթե միշտ եղել է դիրքերում։ Երբ իջել է դիրքերից ու ինչ-որ բան գնել խանութից, միշտ իր զինվորների համար էլ է գնել: Կինը պատմում է` երբ մտնում էր խանութ, ասում էր՝ տղերքս սրանից չունեն, էս մեկն էլ էր վերջացել:

2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին Գեղամն իր տղաների հետ առաջնագծում է եղել։ «Քառօրյա պատերազմն էր, երբ մեր մեծ որդին՝ Էդիկը, ծնվեց։ Ամուսինս այդ ընթացքում կռվի դաշտում էր։ Գեղամը գալու եւ երեխային տեսնելու հնարավորություն ունեցել է, սակայն նախընտրել է մնալ իր զինվորների կողքին այնքան ժամանակ, մինչեւ ամեն ինչ կվերջանար»,- ասում է Հռիփսիմեն։
44-օրյա պատերազմի ընթացքում հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մեսրոպյանն իրենց անձնակազմի հետ եղել է առաջնագծի հարավային եւ հարավարեւելյան հատվածների ամենաթեժ կետերում: Այդ ընթացքում ինքն անձամբ խոցել է թշնամու անօդաչու թռչող սարք:

Գեղամի ծառայակից ընկեր, հրաձգային վաշտի հրամանատար՝ լեյտենանտ Մհեր Մելքումյանը մի դրվագ հիշեց պատերազմի օրերից. «Վաշտի կազմով հարձակում էինք իրականացնում: Գեղամը քայլում էր խմբի առջեւից: Խնդրեցի, որ փոխվենք տեղերով: Ինքն էլ ինձ ասաց՝ ինչ տարբերություն ես, թե դու»:

Պատերազմի ընթացքում Գեղամը կռվել է Մարտունիում, այնուհետեւ՝ Ջրականում, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 9-ին։ «Մի քանի օր շարունակ տեղեկություն չունեինք։ Անգամ չենք իմացել, որ Ջաբրայիլում է եղել։ Նրան միշտ խնդրում ու ասում էի՝ դու շատ սպասողներ ունես ու խոստացիր, որ հետ ես գալու: Ինքն էլ ի պատասխան ասում էր՝ ամեն ինչ լավ ա լինելու»,- ասում է կինը։

Ավագ լեյտենանտ Մհեր Մելքումյանը պատմում է. «Պատերազմի ժամանակ այնքա՜ն էր մեզ ոգեւորում: Այնքան էր գոռացել, որ ձայնը կտրվել էր: Ամսի 8-ն էր։ Ջաբրայիլում էինք։ Հարձակվեցինք ու թշնամու երկու տանկ առգրավեցինք: Գեղամը տանկ քշել չգիտեր, բայց նստեց տանկի ղեկին, ու ինքը քշեց: Հիշում եմ՝ երբ շարժիչը աշխատեց, ուրախ-ուրախ ասաց, որ գնալու ենք մինչեւ Բաքու»:

Գեղամը վերջին անգամ հոկտեմբերի 9-ի առավոտյան է խոսել տնեցիների հետ: Այդ օրը ցանկացել է բոլորի հետ խոսել: «Ամսի 9-ին բոլորի հետ խոսեց, երեւի զգում էր՝ վերջին անգամն է,- պատմում է Գեղամի կինը՝ Հռիփսիմեն, – ամսի 10-ի առավոտյան ֆեյսբուքով մի աղջիկ ինձ ընկերանալու հայտ էր ուղարկել։ Չէի ճանաչում նրան, մտա նրա էջ ու տեսա Գեղամի լուսանկարը։ Լուսանկարի տակ գրված էր, որ Գեղամը զոհվել է։ Հետո երբ զանգահարեցի՝ հասկանալու համար՝ որտեղից գիտի նման տեղեկություն, անջատեց եւ ինձ գրեց՝ սխալմունք է եղել, ու ինքը շփոթվել է։ Հետո իմացա, որ նա Գեղամի սպա ընկերներից մեկի քույրն է եւ ինձ խաբել էր»։ Իրականում այդ ժամանակ Գեղամն արդեն զոհված է եղել, ուղղակի ընկերոջ քույրը տեսել է, որ տնեցիները տեղյակ չեն, չի ցանկացել ցավեցնել:

Մհերը տեսել է, թե ինչպես են զոհվել Գեղամն ու իր երեք ընկերները. «Այդ ժամանակ ես խրամատում էի, մոտ տասը մետր էր հեռավորությունը: Պայթյուն եղավ, ու տեսա, որ չորս ընկերներս այլեւս չկան… Չորսն էլ հրամանատար էին ու զոհվեցին նույն պահին՝ նույն արկից։ Ես մինչ օրս չեմ համակերպվել այդ ամենի հետ: Ինձ համար շատ ծանր է գիտակցել, որ ընկերներս էլ չկան»:

Գեղամը հետմահու ստացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, «Մարտական ծառայություն» մեդալ եւ իր՝ մայորի ուսադիրները, որն այդպես էլ չհասցրեց անձամբ վերցնել:

Անուշ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031