Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանի թեկնածուները՝ անտառապահը, «Գնթունիք»-ի հաշվապահն ու «Հայփոստի» օպերատորը

Դեկտեմբեր 03,2021 14:00

Ովքեր են պայքարելու Ապարանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար:

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Այստեղ համայքի ղեկավարի պաշտոնով հետաքրքրված են «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկու քաղաքական ուժերի ընտրացուցակում 5 տասնյակից ավելի թեկնածուներ են գրանցվել: Նշենք, որ Ապարան համայնքում էլ կգործի համամասնական ընտրակարգը: Այսինքն՝ համամասնականի պայմաններում ընտրություններն անցկացվում են կուսակցական ցուցակներով, ընտրողներն իրենց ձայնը տալիս են առանձին կուսակցությունների եւ ըստ այդ ձայների տոկոսային հարաբերակցության՝ կուսակցությունները տեղ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման մարմիններում:

Ի սկզբանե «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը ներկայացրել է ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ գրանցել է 62 հոգանոց ընտրացուցակ, սակայն, երեկվա դրությամբ թեկնածուներից 6-ը հրաժարվել էին մասնակցել Ապարանի ՏԻՄ ընտրություններին. Երեք թեկնածուն փաստաղթերը հետ էին վերցրել, երեքը՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրել: Հրաժարված թեկնածուներից երկուսը կին են՝ Ապարան համայնքի Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզի մեթոդիստն է ու «Վորդ Վիժեն-Հայաստան» գրասենյակի աշխատակիցը: Այս մանկապարտեզի տնօրենը նույնպես ընտրացուցակում է:

Այսպես՝ դաշինքը ընտրությունների կգնա 56 հոգանոց ցուցակով: Առաջին համարը անկուսակցական Կարեն Եղիազարյանն է, Ապարան համայնքի ղեկավարը, որը նաեւ հանրությանը հայտնի «Գնթունիք» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։ Ցուցակի երկրորդ տեղում Գագիկ Մելքոնյանն է՝ Արագած վարչական տարածքի ղեկավարը:

Ապարան համայնքի գրադարանի տնօրեն Անահիտ Մնացականյանը նույնպես «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի ցուցակում է՝ 3-րդ տեղում:

Որպես թեկնածու, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ Ապարանի մարզադպրոցի մարզիչը, բուժքույրը, Ապարանի արվեստի դպրոցի ուսմասվարը, «Գնթունիք» ՍՊԸ-ի հաշվապահը, Ապարանի «զագսի» աշխատակիցը, Թթուջուր վարչական տարածքի ղեկավարը, Ապարանի բժշկական կենտրոնի բուժքույրը, Մելիք գյուղի դպրոցի մանկավարժը, Երնջատափ վարչական տարածքի ղեկավարը, Ապարանի համայնքապետարանի մի քանի աշխատակից, Քուչակի դպրոցի մանկավարժը, Կայք վարչական տարածքի ղեկավարը: Ի դեպ, ցուցակում գրանցված 56 թեկնածուից 27-ի «զբաղվածություն» տողի դիմաց գրված է ՝ չի աշխատում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը ՔՊ անդամ Էդգար Փարվանյանն է, որը նույնպես որեւէ տեղ չի աշխատում: Չի աշխատում նաեւ ցուցակի 2-րդ թեկնածուն՝ Հենրիկ Հովհաննիսյանը: Ցուցակի երրորդ տեղում Լիլիա Գեւորգյանն է՝ Քուչակի միջնակարգ դպրոցի տնօրենը:

ՔՊ-ն Ապարանի ՏԻՄ ընտրություններում 50 թեկնածու է գրանցել: Մինչ օրս միայն մեկն է ինքնաբացարկ հայտնել՝ համայնքի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

Քաղաքացիական պայմանագրի ցուցակում դպրոցի տնօրեններ էլ շատ կան, Ապարան բուժկենտրոնի դեղագետը նույնպես ցուցակում է, Նիգավանի դպրոցի մի քանի ուսուցիչ էլ թեկնածուների թվում են: Իշխող ուժի ցուցակում անտառապահ էլ կա: Ցուցակում են «Հայփոստի» օպերատորը, «Մուշ Արայի» ՍՊԸ գազալցակայանի աշխատակիցը, Արագած համայնքի կոմունալ ծառայության աշխատակիցը, Վարդենուտի գրադարանավարը, «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գանձապահը: ՔՊ-ի ցուցակից էլ 24 թեկնածու զբաղմունք չունի, այսինքն՝ չի աշխատում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031