Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Վանաձոր, Շահումյան, Գուգարք եւ Դարպաս համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Խոշորացման արդյունքում կստեղծվի եւս մեկ խոշորացված փունջ՝ Վանաձոր կենտրոնով: Ընտրություններին մասնակցում են 10-ը քաղաքական ուժ` 9 կուսակցություն եւ 1 դաշինք:
Այս պահին քաղաքական ուժերի առաջին համարների ներկայացուցիչները Հ1 հեռուստաընկերության ուղիղ եթերում մասնակցում են հեռուսատաբանավեճի: Թեկնածուներին տրված առաջին հարցն այն է, թե ի՞նչ պետք է անեն, որպեսզի ձմռանը փողոցներն ու մայթերը լինեն անցանելի, այլ ոչ թե այսօրվա պատկերը տեսնենք ամբողջ ձմռանը:
Այս թեմայի շուրջ բուռն քննարկում տեղի ունեցավ հատկապես «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջեւ: Վերջինս իր խոսքում նշեց, որ այսօր իրեն տեղեկացրել են, որ Վանաձորն ունի 2 ձնամաքրման մեքենա, սակայն դրանցից մեկը գտնվում է ոչ սարքին վիճակում. «Եթե չեմ սխալվում մի քանի ամիս է, որ գտնվում է անսարք վիճակում, բայց չգիտես ինչո՞ւ քաղաքապետարանի բյուջեից այս տարվա ընթացում սպասարկման համար կարող է մոտավորապես թիվ ասեմ, մի քանի միլիոն դրամ է ուղղվել ծառայողական մեքենաների համար: Որը կարելի էր այդ մեքենաներից մեկը սարքել, որպեսզի կարողանային այդ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով իրականացնել: Սա նոր խնդիր չէ, սա մի քանի տարվա խնդիր է: Սրա մասին մենք պետք է շուտ մտածեինք»:
Մամիկոն Ասլանյանն էլ հակադարձելով նշեց, որ մեքենաները գտնվում են երաշխիքի մեջ. «Այդ խնդիրը երբեւէ վերջին տարիներին չի ծագել, ձեզ սխալ են զեկուցել կամ դուք եք սխալ պատկերացնում ու աղոտ: Այդ մեքենաների համար գումար պետք չի հատկացնել, որովհետեւ դրանք նոր մեքենաներ են եւ գտնվում են գարանտիայի մեջ: Իմ ժամանակ այդ մեքենաներով փողոցներն են լվացել, ձյուն չի եկել… Ամիս, ամիսուկես է դուք եք այնտեղ մարդ նշանակել, դուք պետք է հոգայիք դրա խնդիրը: Կոմունալ բաժինը ես նույնիսկ չգիտեմ ո՞վ է այսօր ղեկավարում: Ես ամիսուկես է՝ համայնքի ղեկավար չեմ եւ բարոյական կլիներ, որ երեկ սոցցանցերով տարածվող ու ինձ ուղղված հարցեր էին, մեկը այսօրվա քաղաքապետարանից վեր կենար ու ասեր՝ կներեք: Ես համեստորեն ոչ մի բան չեմ խոսել, որովհետեւ անկեղծ ասած մեր ժամանակ էլ է եղել, որ ուշ ենք մաքրել, օպերատիվ չենք գործել եւ դրա համար ես չարախնդորեն չեմ վերաբերվում: Բայց անբարոյականությունը կայանում է նրա մեջ, որ կարելի էր ասել, որ պատասխանատուն Մամիկոն Ասլանյանը չէ»:
Կարդացեք նաև
Բանավեճի ընթացքում Արամ Խաչատրյանը փորձեց պարզել, թե այս տարվա ընթացքում Ասլանյանը քանի՞ միլիոն դրամ է ծախսել ծառայողական մեքենաների վրա. «Ձեր մեքենաների ինքնարժեքից շատ գումար եք ծախսել»,- ասաց Խաչատրյանը:
Ինչին ի պատասխան Ասլանյանն ասաց. «Ձեր մատն իջեցրեք, ձեր մատը տեղավորեք այնտեղ, որտեղ պիտի լինի մատը ու հետո շարունակեք: Իմ ծառայողական մեքենաների վրա գումար չի ծախսվել, երեւի բացի անիվներից: Ես այդ հաշվապահությունը չեմ տանում, դուք եք ամիսուկես այնտեղ: Մենք մեզ ճոխություններ թույլ չենք տվել ծառայողական մեքենաները ձեր նման փոխելու, դրա համար էլ այդպես է եղել: Ասում եք՝ գումար չեք նախատեսել: Դուք տանում եք քաղաքապետարան արատավոր բարքեր եք ներմուծում, պարգեւավճար եք բաժանում: Պարգեւավճարը մենք տալիս ենք հավելավճարի տեսքով՝ ամանորին, ոչ թե ընտրություններից առաջ՝ պասիվ ընտրակաշառքի տեսքով»:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» , «Ապրելու երկիր» , «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական», «Բարգավաճ Հայաստանը», «Հայրենիք» եւ «Կոմունիստական» կուսակցությունները, ինչպես նաեւ «Ասլանյան» դաշինքը:
Իսկ այսօրվա բանավեճին չմասնակցելուց հրաժարվել են «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» ու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ