Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում ՔՊ-ն կպայքարի ամբողջական իշխանության համար

Դեկտեմբեր 02,2021 19:15

Առաջիկա կիրակի օրը՝ դեկտեմբերի 5-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան նաեւ Արմավիրի մարզի խոշորացված Խոյ, Արաքս, Փարաքար, Բաղրամյան գյուղական համայնքներում:

Արաքս համայնքում, որտեղ միավորվել են 13 համայնքներ՝ Ջրառատ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս (Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրարբի, ուժերը կչափեն . «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության 29 հոգանոց ցուցակը գլխավորում է Վարդան Միրզախանյանը։ Նա Արտիմետ համայնքի ղեկավարն է 2016 թվականից, անկուսակցական է։

Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության 32 հոգանոց ցուցակը գլխավորում է անկուսակցական Հակոբ Մելքոնյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ջրարբի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ղազար Ղազարյանը։

Բաղրամյան համայնքում, որտեղ միավորվել են 14 գյուղական բնակավայրեր՝ Բաղրամյան, Արգինա, Արևադաշտ, Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ, ընտրապայքարին կմասնակցեն «Արդար Հայաստան» կուսակցությունը, «Մեր Բաղրամյան» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Դալարիկ համայնքի ղեկավար Ալիկ Պողոսյանը։ Նա պաշտնավարում է 2018 թվականից:

«Մեր Բաղրամյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Սարգիս Հեքիմյանը։ Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների Սարգիս Հեքիմյանը չի աշխատում, անկուսակցական է: Դաշինքի ցուցակում ընդգրկված են «Համերաշխություն» եւ ՀՅԴ-ականներ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմավիր ՋՕԸ-ի փոխտնօրեն Շանթ Առաքելյանը։

Խոյ համայնքում, որտեղ միավորվել են 17 գյուղական բնակավայրեր՝ Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան, իշխանության համար կպայքարեն Ազատական կուսակցությունը, . «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Ազատական կուսակցության ցուցակը գլխավորում է 2008 թվականից Այգեշատ համայնքը ղեկավարող Ռոբերտ Հովսեփյանը։ 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակը գլխավորում է անկուսակցական փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում ԱԺ նախկին պատգամավոր, Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը։ 

Փարաքար համայնքում, որտեղ միավորվել են 8 բնակավայր՝ Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք, կպայքարեն «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է «Վոլոդյա Գրիգորյան» ՍՊԸ տնօրեն Վալոդյա Գրիգորյանը։ 

«Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է անկուսակցական Դավիթ Մինասյանը։ Այս ցուցակում աշխատանքի վայրը կամ զբաղմունքը սյունակն ամբողջությամբ ազատ է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նա չի աշխատում: Այս ցուցակի երկրորդ համարն է Պտղունքի համայնքապետ Կարապետ Արթենյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031