Aravot.am-ը Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հետաքրքրվեց, թե Գյումրու պատմական փողոցներից բացի, որոնք տարբեր ծրագրերով վերանորոգվում են, ի՞նչ լուծում են տեսնում ցեխի մեջ կորած երկրորդական փողոցների համար։ Մենք նաև հիշեցրեցինք, որ շատ դեպքերում գյումրեցիները կոշիկների վրա ցելոֆան են անցկացնում՝ ցեխի մեջ չթաղվելու նպատակով։
Գյումրու քաղաքապետն ասաց․ «Այդ փողոցների քանակը նվազել է, մոտ 75 կիլոմետր կա այդ վիճակում, եթե շատ մանրանանք, գուցե մի փոքր ավելի։ Մեզ համար Անի թաղամասի խնդիրն է շատ մտահոգիչ, Ջրմուղը քանդեց փողոցները ջրագծերը փոխելու նպատակով, մենք ստիպեցինք իրենց, իրենք իրենց հերթին ինչ-որ չափով հարթեցին, մեր տեխնիկան, խիճը տրամադրեցինք։ Ուշադրության կենտրոնում են այդ փողոցները, ինչքան հնարավոր է, հարթեցնում ենք, բայց կապիտալ մոտեցում պիտի ցուցաբերել։
Անի թաղամասի փողոցների կապիտալ վերանորոգումը բանակցային փուլում է՝ ՎԶԲ-ի ծրագրի շրջանակում։ Ջանք ու եռանդ չենք խնայում, որ Անի թաղամասն ամբողջությամբ կարողանանք լիարժեք բարեկարգել, լուսավորել, ոնց որ քաղաքի պատմական միջուկը, այդպիսի լուծում ենք մտածում։
Կարդացեք նաև
Հիմա մնում է այն հարցը՝ բանկը համաձայնություն կտա՞, թե՞ ոչ, գումարը կա, սակայն ուղղորդված է այլ ծախսի, փորձում ենք փողոցաշինության ծրագիր իրականացնել, մնում է իրենց համաձայնությունը։
Լավատեսությամբ ենք լցված, օրերս կարողացան 1,5-2 ժամ զումով խոսել, քննարկել տարբեր մասնագետների հետ, որոշել ու առաջարկել՝ եկեք գումարը ուղղենք Անի թաղամասի փողոցներին, որովհետև հսկայական մեծ թաղամաս է, խիտ բնակեցված է, շատ երեխաներ կան, էկոլոգիական խնդիրներ կան, փոշոտ է, նաև անվտանգության խնդիր կա։ Սպասում ենք պատասխանի», -ասաց քաղաքապետը։
Նա նաև նշեց, որ Սլաբոդկա թաղամասի փողոցներն ու Հաղթանակի պողոտան կվերանորոգվեն Համաշխարհային բանկի միջոցներով, իսկ կիսատ մնացած մյուս փողոցների վերանորոգումը կախված է կլինի նրանից, թե ինչքան գումար կունենան տարեվերջին, կփորձեն քարուքանդ եղած այլ փողոցներ ևս ասֆալտապատել՝ աստիճանաբար թեթևացնելով փողոցաշինության խնդիրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ