«Կալանավորման որոշում կայացրածները հարվածի սլաքներն առաջինն ուղղում են նրանց, ովքեր արյուն են տվել այս երկրի համար, որոնք երկիր են ստեղծել ու վերականգնել»,-հայ մտավորականների «Ձայն հայրենեաց» նախաձեռնության՝ ՀՀ դատախազության դիմաց ազատամարտիկ Աշոտ Մինասյանին ազատելու պահանջով բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց բանասեր, ՀՀ սփյուռքի նախարարի նախկին տեղակալ Սերժ Սրապիոնյանը։
«Մեր համար Աշոտ Մինասյանը երկրապահ է։ 6-7 անգամ սրտի վիրահատություն է տարել, թոքից բեկոր են հեռացրել։ Նա ըստ ժամերի դեղորայք է ընդունում։ Հեռախոսի մեջ ծրագիր կար, որով ըստ ժամերի դեղ էր խմում։ Հիմա կալանավորեցին։ Ինչի՞ մասին է սա խոսում։ Հողի համար կյանք չխնայած մարդկանց է սա վերաբերում։ Երբ ազգային արժեք կրողներին ձերբակալում ենք, երկրի պաշտպանությունն ո՞ւմ ենք թողում։ «Մենք ենք տերը մեր երկրի» ճամարտակողներից ու փողոց փակողներից քանի՞սն են երկրի ազգային արժեքը հասկանում»,-հարցադրում արեց Սերժ Սրապիոնյանը։
Նա կարծում է, որ այս իշխանությունը փոխել է նաեւ ազգային արժեքաբանությունը․ դավաճանները հերոսներ են, իսկ հերոսներին պետք է ոչնչացնել․ «Աշոտ Մինասյանը քաղբանտարկյալ է, քաղաքական խարդավանքի զոհ։ Մարդիկ, տեր կանգնեք ձեր հերոսին»։
Հիշեցնենք, որ ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը մեղադրվում է մեծաքանակ զենք-ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի-սարքերի, դրանց տեղափոխման եւ պահման, ու նախնական համաձայնությամբ` ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման, իշխանության յուրացման համար։
Կարդացեք նաև
Մտավորականները նամակ հղեցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ազատ արձակել Աշոտ Մինասյանին, քանի որ նա ծանր վիրահատությունների է ենթարկվել, եւ կալանքը համատեղելի չէ առողջության հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ