«Խոսք կա՝ «Մի գիժ քարը փոսը գցեց, հիմա հարյուր խելոք չեն կարողանում հանել»… Մենք մի քիչ ավելի բարդ իրավիճակում ենք, որովհետեւ «գիժը» ոչ միայն գցել է փոսը, այլ համոզում է՝ էս հայրենիքը ձեզ պետք չի, մոլորակի վրա դուք անկյուն չունեք, թուրքը ձեր թշնամին չի՝ բարեկամն է… Ստի կայսրություն է ստեղծել, հանես մի աղյուս, ամբողջը փուլ կգա…Իսկ ինչո՞ւ է նա նախանձախնդիր կերպով շարունակում իր գործը, որովհետեւ հասկացել է, որ փլուզումն առաջինն իր գլխին է լինելու եւ բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ ընկալելով, որ գտնվում են ստի ճանկերում, փոխանակ միջոցներ ձեռնարկեն՝ ոչինչ չեն անում»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Նրա ձեւակերպմամբ, իշխանությունները միտումնավոր կալանավորում են ժողովրդի կողմից ընտրված անհատներին՝ իրական արժեքներ կրողներին, որոնք պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը եւ դեմ են հողեր հանձնելուն:
«Ես գրառում արեցի՝ այո, դուք ճիշտ եք, պիտի Նժդեհին ֆաշիստ անվանեք, հերոսներին փակեք, որ հայրենիքը կարողանաք կործանել, այլապես նրանք ձեզ ոտնատակ կտան, բայց եթե կարծում են, որ այս պահին երեւացողներին փակելով, առանձնացնելով հաջողելու են իրենց ազգակործան ծրագրերը մինչեւ վերջ տանել, սխալվում են եւ իրենք էլ գիտեն այդ մասին: Իրենք էլ դա գիտեն, բայց նահանջի տեղ չունեն, պարզապես ժամանակի խնդիր է, պատասխան տալու, ինչը ցավոտ է լինելու…»,- ասում է Խաչիկ Մանուկյանը:
Նրա ձեւակերպմամբ, Փաշինյանը ստերի բուրգ է կառուցել. «Մեր վերքերը փայլուն փաթաթաններով է փակում, որպեսզի ոչինչ չերեւա, շարունակի առաջ գնալ ստերի հաշվին, ասի՝ տեսեք այս փայլփլանքները մեզ տանում են դեպի լուսավոր ապագա, որտեղ ոչինչ չի լինելու…Այնտեղ չես ունենալու քո հերոսը… Բայց բոլորը, ովքեր, դուրս են գալու քաջերի, հերոսների, սխրագործների դեմ՝ ի վերջո մնալու են նրանց ստվերում, տրորվելու եք ապրողների ոտքերի տակ, որովհետեւ նրանց սխրագործությունը հավերժության միտված ճանապարհ է…»:
Կարդացեք նաև
Նա փաստում է՝ քանի այս իշխանությունն է, վիճակն ավելի օրհասական է դառնալու. «Այսօր արդեն թրքահպատակներն աչքալուսանք են տալիս, թե տեսեք հայերենն արդեն պարտադիր չէ համալսարանում քննություն տալու համար, ինչը նշանակում է, որ լեզուն այլեւս կապող օղակ չէ, եւ մարդը կարող է հեռանալ իր հայրենիքից»:
Բանաստեղծը հավելում է. «Սերժ Սարգսյանը, որ աչքիս լույսը չէ, բայց կարողացավ արժանապատիվ Թուրքիայի նախագահի հետ հավասարը հավասարի պես շփվել, ոչ թե ձեզ նման վախեցած, այ գոյանքներ, հա նախկիններն ու նախկինները… Ուր է, թե էդ նախկինի խելքն ունենայիք, կարողանայիք շփման եզրեր գտնել, իսկ հիմա ինքը գալիս է՝ խելոք նստում էր Ալիեւի կողքը… Ընդամենը նախկիններից մի հոգի հայտարարեց՝ հորդ էլ եմ կրել, քեզ էլ եմ կրել, որովհետեւ մի տղամարդու ձայն գոնե էստեղից հնչեց… Էդ նախկիններից էին, իսկ դուք չկայիք, ստակոլոլ գոյանքներ… Բոլորդ միայն փող հաշվողներ եք, ձերը խանութից ուտելիքներ ու զուգարանի թղթեր առնելն է, ի՞նչ հայերեն, ինչ արժեքներ, ապագա կա իհարկե՝ էս ամեն ինչը տանք թուրքին ու խաղաղ ապրենք, ձերը սա է… Ես համարում եմ, որ Եռաբլուրով է մեր զարթոնքը լինելու, ես քաջերի ուժին եմ հավատում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ