Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն անվտանգ երկիր է՝ անկախ ամեն ինչից». Զարեհ Սինանյան

Դեկտեմբեր 02,2021 17:14

«Հայաստանն անվտանգ երկիր է՝ անկախ ամեն ինչից: Ես հասկանում եմ, որ պատերազմի այս ուրվականը շատ է խաթարել այդ զգացողությունը, թեև որպես երկիր, միևնույն է, ամենօրյա կյանքում շատ անվտանգ երկիր է ՀՀ-ն, Երևանը որպես մեծ քաղաք զարմանալիորեն անվտանգ քաղաք է մնում»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույցի ժամանակ վստահեցրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա փաստեց՝ ՀՀ-ն միակ երկիրն է, որտեղ երաշխավորված ես հայ մնալ առանց ավելորդ ջանքերի, բարդությունների:

Այնուհետև, դիմելով սփյուռքի հայրենակիցներին ասաց. «Եթե ուզում ես դու ևս մասնակցել մեր երազած Հայաստանի կերտմանը, ապա իրական տեղը դրան մասնակցելու՝ Հայաստանն է»:

Ըստ նրա՝ թերևս հատուկ նպատակ է հետապնդվել, երբ ՀՀ օրենսդրությունն այնպես է կազմվել, որ սփյուռքի գործիչները չկարողանան պաշտոններ զբաղեցնել ՀՀ պետական կառավարման համակարգում: Զարեհ Սինանյանն այս առիթով ասաց. «Ազգիս մեկ քառորդն ապրում է ՀՀ-ում, երեք քառորդը՝ ՀՀ-ից դուրս: Վերջին երեսուն տարիների ընթացքում ուղեղների կատաստրոֆիկ արտահոսք է տեղի ունեցել: Այս պարագայում նման օրենսդրություն ունենալն անհեթեթ է, հանցագործություն է, երբ մտցվեցին այդ դրույթները, թերևս հատուկ նպատակներ են հետապնդվել: Ես կարծում եմ՝ այս գործընթացը սկսվել է 2005-ից հետո: Առաջին կառավարությունում կային սփյուռքահայ նախարարներ, իսկ 2018-ին կառավարությունում չկար ոչ մի սփյուռքահայ: Երեք տարի է անցել հեղափոխությունից, բայց արդեն կա որակական տարբերություն. ունենք սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են պետական կառավարման համակարգին»:

Ըստ Զարեհ Սինանյանի՝ այնպես պետք է կազմակերպել հայրենադարձությունը, որ եկողի բերանում դառը բան չթողնենք, ինչպես 40-ականներին: Հայրենադարձության ոլորտում ՀՀ-ն կրկնում է Իսրայելի փորձը: Այս ոլորտում նա որոշ մտահոգություններ հայտնեց. «Ընդհանուր առմամբ՝ ունենք ՀՀ-ի՝ որպես պետության չկայացածության խնդիր: Երբ պետությունը կայացած չէ, մարդիկ չեն կարողանում կայանալ: Ահա թե ինչու նույն մարդը, որը ՀՀ-ից դուրս է գալիս, շատ դեպքերում կարողանում է մեծ հաջողությունների հասնել: Պատճառն այն է, որ մենք ժառանգել ենք հազարամյա պատմություն պետականություն չունենալու, երեսուն տարին էլ վատնվել է, և չենք կարողացել պետությունը ծառայեցնել իր բնակիչների շահին»:

Հարցին՝ ի՞նչն է այսօր ՀՀ-ում պակասում, որ հիմա մեր մտավորականները չեն վերադառնում ՀՀ, 20-ականներին վերադառնում էին, Զարեհ Սինանյանը պատասխանեց. «Նորից Իսրայելի օրինակն է առաջ գալիս: Ինչո՞ւ է Իսրայելին հաջողվել այդ ամենը: Նրանք կարողանում են դրսից մարդ ներգրավել, քանի որ Իսրայելը ստեղծվեց ոչնչից, դրսի հրեաները դրսից ստեղծեցին պետություն իրենց համար: 20-ականներին մոտավորապես նույն վիճակն էր՝ ցեղասպանությունն, անընդհատ արտագաղթն այնքան էին հյուծել ՀՀ-ին, որ Մյասնիկյանի նմանները համարյա զրոյից էին ստեղծում կարգավիճակ»:

Ըստ սփյուռքի հանձնակատարի՝ շատ դեպքերում մեզ խանգարում է այն մտայնությունը, որ վախենում ենք դրսից մարդ գա, մենք մեր աշխատավարձը կկորցնենք: Նա դժգոհում է, թե երբ ասում է դրսից մասնագետներ բերենք՝ իրեն հարց են տալիս՝ մենք այստեղ մասնագետներ չունե՞նք:

Թեև սփյուռքի հանձնակատարը նշեց, որ կրթական գործառույթն իրենց կառույցից փոխանցվել է ԿԳՄՍՆ-ին, սակայն որոշ խնդիրների մասին բարձրաձայնեց՝ նշելով, որ հիմնարար խնդիր ունենք. մեր դպրոցները փակվում են, օրինակ՝ Մերձմոսկովյան տարածքում ունենք 800.000 հայ, բայց չունենք գեթ մեկ հայկական դպրոց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031