«Ես իշխանությանը ծանոթ չեմ եւ չեմ ցանկանում ծանոթ լինել այդ տեսակի հետ: Մի բան հստակ է, որ իշխանության, կառավարության ղեկավարը իր տուն է հրավիրել կեղեքիչների եւ ուզում է, որ այդ կենսակերպը տարածվի ամբողջ երկրով մեկ: Ինքը վաճառքի է հանել իր արժանապատվությունը եւ ուզում է նույնը պարտադրել մեր ազգաբնակչությանը: Ինքը, բնավ, հայի կերպարին հարիր գծեր չունի եւ ուզում է նենգափոխել հայի կերպարը,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ճանաչված տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:- Կարծում եմ՝ կարեւոր է, որ գոնե նրանք, ում համար թանկ են ազգային արժեքները, պարտադիր չէ, որ փողոցներում լինեն եւ գոռգոռան, իրենց ձայնը միացնեն այն ձայնին, որն այսօր հնչում է՝ ազատություն պահանջելով: Տեսեք, տարբեր ակցիաներ, հավաքներ են լինում: Պարտադիր չէ, որ դրանք քանակությամբ լինեն մի քանի հազար: Բայց կարեւոր է, որ այդտեղ լինեն մարդիկ, որոնք իրենց լիիրավ տեր են զգում երկրի: Եվ էական չէ, թե ով է կազմակերպիչը: Կարեւորը, թե խոսքը ինչ վիճակից դուրս գալու մասին է: Այս գիտակցությունը շատ էական եմ համարում:
Չեմ կարող չանդրադառնալ նաեւ այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունում լռում են հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր տիտղոսավոր մարդիկ, որոնք այլապես կուրծք ծեծելով իրենց համարում են հայտնիներ, մտավորականներ, աշխարհահռչակներ: Այդ մարդիկ փառքի մուրացկաններ են: Եվ նրանք, ովքեր ուզում են, որ այս որակումը իրենց չկպչի, թող ձայն հանեն, ասեն, որ իրենց սիրտը ցավում է այս իրավիճակի համար եւ հատկապես այն մարդկանց համար, որոնք հանձն են առել երկիրը պահել: Թող գոնե խոսքով ասեն, որ իրենք էլ են իրենց երկրի տեր զգում: Այդ մարդիկ տնվորի հոգեբանություն ունեն: Ու պետք է ճանաչենք նրանց: Կապ չունի, թե իրենց ինչ կոչումներ, ինչ աստիճաններ ու շքանշաններ են շնորհվել: Փառքի մուրացկանները պետք է մեր պարսավանքին արժանանան, թեկուզ, արհամարհանքի տեսքով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ