ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը մեջբերեց «Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է․ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ․ ընթացքում ՀՀ-ին նվիրաբերված դրամական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խումբը հայտնեց, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել, ինչպես նաև աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցեցին, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են ՀՀ կառավարության կողմից ծախսված գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրումը: ՀՀ վարչապետը դիմել է ՀՀ հաշվեքննիչ պալատին՝ առաջարկելով դիտարկել այս հարցով կատարվելիք հաշվեքննություններում աշխատանքային խմբին և աուդիտորական կազմակերպությանը փորձագիտական մակարդակով ներգրավելու հնարավորությունը: ՀՀ վարչապետը հայտարարել է կառավարության թափանցիկ և հաշվետվողական գործելու պատրաստակամության մասին. աշխատանքային խմբի և արտաքին աուդիտորական կազմակերպության համար հասանելի դարձնել սկզբնական բոլոր փաստաթղթերը՝ աշխատանքներն ամբողջականացնելու համար և, որը շատ էական է, վստահեցնել թե՛ խորհրդին, թե՛ հանրությանը, որ Հիմնադրամի ներդրումները կառավարության խողովակներով պատշաճ կերպով են օգտագործվել»։
Գեւորգ Պապոյանը նշեց՝ քանի որ կա նման հայտարարություն, եւ հարցն ուղղակիորեն կապված է բյուջեի հետ, ու խնդիրն առնչվում է մոտ 52 միլիարդ դրամ նվիրաբերված գումարը ծախսելուն, որպես հանձնաժողովի նախագահ՝ միանում է վարչապետի առաջարկին եւ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին առաջարկում անպայման ներառել այս հարցի ծախսային հաշվեքննությունը, ներգրավել աուդիտ կատարած աուդիտորական ընկերության աշխատակիցներին, հիմնադրամի անդամներին․ «Մենք միանում ենք վարչապետի դիմումին եւ հաշվեքննիչ պալատին խնդրում անել այդ աշխատանքը եւ տրամադրել մեզ»։
Լեւոն Յոլյանը, որը հանձնաժողով էր եկել այս տարվա ինը ամիսների բյուջեի կատարման քննարկմանը, պատասխանեց․ «Հաշվեքննության առաջարկը բխում է կառավարությունից, վարչապետից, ԱԺ-ից։ ԱԺ-ն, կարեւորելով խնդիրը, ստեղծել է քննիչ հանձնաժողով։ Բնականաբար, մենք առաջնահերթության կարգով կփորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում խնդիրը լուծել։ Ձեզ կխնդրեի կոնկրետ առաջարկներ ներկայացնել, թե որ անձերը պետք է ընդգրկվեն հանձնաժողովում՝ որպես փորձագետ։ Մենք նամակ կգրենք նաեւ կառավարությանը։ Մինչեւ հաշվեքննությունը սկսելը` երկուշաբթի նամակ կհղենք ֆինանսների նախարարին՝ խնդրելով ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որպեսզի մեր համար հայտնի լինի ծավալը, որ հասկանանք, թե ինչ մասնագետների ներգրավենք։ Գրություն կուղարկենք նաեւ հիմնադրամին։ Եթե չկան բյուջետային հատկացումներ, հաշվեքննիչ պալատը հիմնադրամին ստուգելու լիազորություն չունի։ Եթե կան իրավական հիմնավորումներ, կարող ենք քննարկել։ Մի խոսքով՝ երկուշաբթի կդիմենք»։
Գեւորգ Պապոյանը նաեւ հավելեց՝ առաջինն իրենք են շահագրգիռ, որ հանրության առաջ ճշմարտությունը բացահայտվի։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ իր հերթին շեշտեց, որ ընդդիմությունն է ամիսներ շարունակ բարձրաձայնել, որ եթե եղել է չարաշահում՝ պետք է բացահայտվի։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ