Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը:
Երկրի ղեկավարը նշել է, որ զոհվածների հարազատների հետ շինաշխատանքներին առնչվող հարցերի քննարկման ընթացքում պարզվել է, որ կան արդարացված դժգոհություններ, և խորհրդակցության նպատակն է առկա խնդիրների համար պատշաճ լուծումներ գտնելը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ աշխատանքների ծավալը մեծ է, և հանրության կողմից ընկալելի է, որ հնարավոր չէ այն ավարտին հասցնել մեկ տարում, սակայն անընդունելի է, որ նախագծման աշխատանքներն առայսօր ընթացքի մեջ են։
Օրակարգի շուրջ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, նշել նոր աշխատուժի ներգրավման անհրաժեշտության մասին և ընդգծել՝ եթե խոստացված ժամկետներում նախագծման աշխատանքներն ավարտված չլինեն, կկիրառվեն օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խնդրո առարկա դարձած այլ հարցեր:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ