Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի երեկ «Սիսական» ջոկատի հրամանատար, արցախյան երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշումը եւ այն, որ Սյունիքի համայնքապետերը մինչեւ հիմա նույնպես կալանավորված են, ասաց. «Ես այս պահին ուզում եմ նախ հասկանալ այն վիճակը, որում գտնվում է իշխանությունը եւ թե ինչ պիտի հորինի պատճառաբանությունների մեջ, որպեսզի նշված անձինք քաղբանտարկյալներ չհամարվեն: Սա է շատ կարեւոր: Այդ անունները, բնականաբար, ինձ համար թանկ անուններ են ու նաեւ ցանկացած հայի համար: Կարծում եմ, այստեղ լռել պետք չէ, չնայած մեր հասարակության մեջ ինքներս տեսնում ենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում արմատավորվել է տարօրինակ մի հիվանդություն՝ ոչ մի սպառնալիք մարդկանց չի սթափեցնում: Փորձում եմ իրատես լինել, բայց նաեւ մտահոգ եմ: Գոնե մեր հանրության գիտակից զանգվածը պետք է իր ձայնը միացնի՝ նրանց ազատություն պահանջելով: Դա նվազագույնն է եւ մարդկայինը: Քաղաքականությունից դուրս, կուսակցություններից ու դրանց ենթատեքստից դուրս այս մարդիկ իրավունք չունեն մեկ րոպե անգամ լինել անազատության մեջ: Սա իմ համոզմունքն է:
Ակնհայտ է, որ ի դեմս հիշյալ անձանց, իշխանությունը ահ ու սարսափի մեջ է: Սրանք այն մարդիկ են, որոնք կարող են հանդուրժել ցանկացած ցավ, ցանկացած զրկանք, բայց չեն կարող հանդուրժել այն վիճակը, որում բոլորս գտնվում ենք: Այսինքն, այս անհանդուրժողականությունը վախեցնում է իշխանությանը, ինչը, կարծում եմ, տեղին ու հիմնավոր է: Բայց նաեւ խոսում է իշխանության խեղճության մասին, ես կասեի՝ նաեւ հոգեվարքի սկզբի մասին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ