«Այն փաստաթուղթը, որ ասում են, թե հայանպաստ է, նախ, ես Հայաստանի շահի հետ համադրվող որեւէ կետ այնտեղ չեմ տեսնում: Փորձում եմ գտնել՝ չեմ գտնում: Հղում է արվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը գերիների մասով, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ պարզ գրված էր՝ բոլորը բոլորի դիմաց պետք է վերադարձնեն, բայց դա չի իրականացվում արդեն 1 տարի: Հետեւաբար չիրականացված փաստաթղթի չիրականացված կետի վրա հղում կատարելը աբսուրդ է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Սոչիում Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման արդյունքներին:
Նա նշեց, որ այլ ակնկալիք է ունեցել. «Ես կարծում էի, որ ՀՀ վարչապետը հատուկ կարծիք կգրեր այդ փաստաթղթին կից, կամ որեւէ այլ ձեւով կարտահայտեր իր վերաբերմունքը, որովհետեւ մենք արդեն 1 տարի է անցել՝ չունենք գերիների վերադարձ: Ավելին՝ Ալիեւը շարունակում է հայտարարել, որ նրանք ռազմական հանցագործներ են ու չունեն գերիներ: Հետեւաբար ինչո՞ւ են ասում, որ սա ՀՀ շահերն է սպասարկում»:
Թովմասյանը համոզված է, որ սահմանազատման գործընթացը մեզ ձեռնտու չէ, որովհետեւ մենք այդպես Արցախի վրա կփակենք վերջին դուռը ու Արցախը կմնա Ադրբեջանի կազմում անկլավի կարգավիճակով, ինչը երբեք չենք կարող թույլ տալ. «Միայն հրճվել, որ Ալիեւը ՌԴ նախագահի ներկայությամբ չի խոսել միջանցքի մասի՞ն: Դա դեռ չի նշանակում, որ նա հրաժարվել է իր պլաններից: Եթե պնդումներ կան, որ սա հայանպաստ փաստաթուղթ է, թող ասեն մի կետ: Որ լեզվով կարդում եմ՝ չկա Հայաստանի շահը սպասարկող հաստատում: Նույնիսկ ԱԳՆ-ի պարզաբանումը է՛լ ավելի տխուր վիճակի մեջ դրեց այդ փաստաթուղթը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ